Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ռուդոլֆ Խառատյանի «բալետային» բեռը

Փետրվար 15,2012 13:41

Վերջերս «Առավոտին» տված հարցազրույցում  անվանի բալետմայստեր Մաքսիմ Մարտիրոսյանը մտահոգություն էր հայտնել, թե մեր երկրում բալետմայստերներ պատրաստող հաստատություններ չկան, եւ խնդիրն էլ վրիպել է ԿԳ ու մշակույթի նախարարությունների ուշադրությունից: Հոդվածում նաեւ նշել էինք, որ Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտում 1999-2000 ուստարուց գործում է պարարվեստի ռեժիսուրայի բաժինը, որը պատրաստում է պարուսույց-բեմադրիչներ՝ դրամատիկական ներկայացումներում պարային տեսարաններ ապահովելու համար:

Ազգային օպերային թատրոնի գլխավոր բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանը արձագանքելով հոդվածին՝ մեզ հետ զրույցում համաձայնեց, որ իր ավագ գործընկերոջ կողմից բարձրացված հարցը իսկապես բացթողում է: «Ի վերջո, խորեոգրաֆ- բալետմայստերն է ձեւավորում պարարվեստի այս ժանրի ուղղվածությունը, զարգացման փուլերը: Տարիներ շարունակ չենք ունեցել նման մասնագետներ պատրաստող հաստատություն, եւ դա բացասաբար է անդրադարձել հայկական բալետի զարգացման ընթացքի վրա: Արդյունքում՝ ներկայացումներում բացակայում է ազգային հոգեբանությունը… Հայրենական «ավտոմեքենա» չենք կարողացել պատրաստել, էլ չեմ խոսում այն զարգացնելու ու կատարելագործելու մասին, դրա համար էլ դրսից ենք անընդհատ ներմուծել…»,- նշեց պարոն Խառատյանը: Հավելեց նաեւ, որ ժամանակին անվանի խորեոգրաֆներ Իլյա Արբատովը, Ազատ Ղարիբյանը, Մաքսիմ Մարտիրոսյանը, հետագայում՝ նաեւ ինքը, թեեւ մշտապես փնտրել են մեր բալետարվեստի «հայկականության» շեշտադրելու ուղիներ, սակայն, նրա ձեւակերպմամբ, ցանկալի արդյունքի չեն հասել:

Ռուդոլֆ Խառատյանը համոզված է, որ հայկական բալետային դպրոցը միաժամանակ չպետք է հետ մնա համաշխարհային միտումներից, մի բան, որ տեղի չի ունեցել: «Նպատակս հայկական բալետի մակարդակը միջազգային չափանիշներին հասցնելն է, բայց դա միայնակ անել հնարավոր չէ: Իմ աշխատանքն էլ առանց համապատասխան մասնագետների թերի կլիներ, կկրեր ժամանակավոր բնույթ»,- ասաց բալետմայստերը: Մեր զրուցակցի հավաստմամբ, Հայաստանում խեղաթյուրված են պատկերացումները բալետի արտիստի, փորձավարի, ուսուցչի վերաբերյալ: Նրա խոսքերով՝ դրանք տարբեր «գործառույթներ» են. «Խորեոգրաֆ-բեմադրիչը բառիս իսկական իմաստով կոմպոզիտոր պետք է լինի, ինչը մեզ մոտ չեն ուզում հասկանալ: Չէ՞ որ հենց խորեոգրաֆն է բալետային ներկայացման գաղափարի կրողը ու տեքստ գրողը»:

Դիտարկմանը, թե Հայաստանում 1939թ. Արբատովի բեմադրած առաջին պրոֆեսիոնալ բալետից հետո (Ա. Խաչատրյան, «Երջանկություն»), փաստորեն, այսպես էլ թափուր է տեղացի խորեոգրաֆների տեղը, Ռ. Խառատյանը տեղեկացրեց, որ նախաձեռնել եւ սկսել է համագործակցությունը խորեոգրաֆ-բեմադրիչի ձիրք ունեցող բալետի երիտասարդ արտիստների հետ: Նա հավաստիացրեց, որ առաջիկայում հայ մասնագետներին կընձեռի հնարավորություն՝ կարճ տեւողությամբ բալետներ իրականացնելու: Ռեպլիկին, թե հարցի ողջ բեռը վերցրել է իր ուսերին, մեր զրուցակիցն ասաց. «Իբրեւ թատրոնի գլխավոր բալետմայստեր, պարտավոր եմ զարգացնել ինչպես հայկական բալետն ու նրա կատարողական արվեստը, այնպես էլ խորեոգրաֆների միջոցով՝ արվեստի այդ տեսակի փիլիսոփայական կողմը: Ի վերջո, ուր ենք տանում մեր բալետը, ինչ ենք ուզում ասել՝ դա ոչ միայն պետք է երեւա թատրոնի բալետային խաղացանկից, այլեւ բալետմայստերների աշխատանքից: Ներկայումս մեր բալետային խմբում էլ կան բարձրակարգ արտիստներ, որոնք պոտենցիալ խորեոգրաֆներ են եւ նրանց պետք է աճեցնել»: Հետաքրքրությանը՝ չի՞ մտածում բալետի արտիստներին, այդ թվում՝ նաեւ պոտենցիալ բեմադրիչներին «աճեցնելու» նպատակով հրավիրել ճանաչված դեմքերի, Ռ. Խառատյանը պատասխանեց. «Աշխարհահռչակ Ջորջ Բալանչինի բալետային դպրոցի հոգաբարձուների խորհրդի հետ բանակցությունների արդյունքում հասել եմ նրան, որ աշնանը մեր թատրոնում Սանդրա Ջենինգսը կիրականացնի Բալանչինի երեք բալետները»: Իսկ թե հայ կոմպոզիտորի ի՞նչ բալետ է պատրաստվում բեմադրել, գլխավոր բալետմայստերը հայտնեց. «Ծրագրված է գարնանը Ավետ Տերտերյանի 6-րդ սիմֆոնիայի երաժշտության հիման վրա ֆրանսաբնակ դիզայներներ Թառլոյան եղբայրների էսքիզներով իրականացնել բեմադրություն»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829