Ոստիկանության ՔԳՎ Երեւան քաղաքի վարչության Կենտրոնի բաժնի քննիչ Հ. Ապրեսյանը 2011թ. փետրվարի 2-ին հարուցում է քրեական գործ, իսկ մարտի 9-ին որոշում է կայացնում Սարգիս Ալբերտի Հակոբյանին որպես մեղադրյալ ներգրավելու եւ մեղադրանք առաջադրելու մասին:
Քրեական գործը հարուցվել է այն ժամանակ, երբ Սարգիսը Վրաստանում էր եւ ձեռնարկատիրական գործունեություն էր իրականացնում: Իմանալով, որ իր նկատմամբ հետախուզում է հայտարարվել, նա հունիսի 29-ին կամովին եկել է Հայաստան, ինչը ոստիկանությունը արձանագրում է՝ որպես «հետախուզվողի հայտնաբերում»:
Սարգիսը մեղադրվում է անցյալ տարվա հունվարի 26-ին Երեւանի Բրյուսով փողոցում պարտքի գումարը չվերադարձնելու կապակցությամբ Հովիկ Սարգսի Գեւորգյանին ծեծի ենթարկելու համար, ինչը պատճառ է դարձել նրա մահվան: Ծեծի հաջորդ օրը տուժողը ժ. 21.50-ից մինչեւ 22.20-ը արհեստական լուսավորության պայմաններում մասնակցել է դեպքի վայրի տեղազննությանը:
Գտնվել է ֆիզիկապես թույլ վիճակում, ցավերի ազդեցության տակ: Տուժողը, ըստ պաշտպան Հ. Հովհաննիսյանի, հայտնել է. «ցերեկվա ժամին կարող է ցույց տալ՝ որտեղ է ընկել եւ ստացել վնասվածքը»: Այս ամենը ոստիկանության քննիչն արձանագրել է այսպես. «Տուժողը չկարողացավ հիշել դեպքի վայրը»: Նորից ենք շեշտում, որ տեղազննությունը մթության մեջ էր, արհեստական լուսավորության տակ, եւ չհիշելը կարող էր պայմանավորված լինել հենց այդ հանգամանքով, քանի որ դեպքը տեղի էր ունեցել ժ.16. 00-ի սահմաններում:
Կարդացեք նաև
Ըստ նախաքննության տվյալների, տուժողը դեպքից հետո տուն է գնացել՝ ժ. 17.30-ի սահմաններում: Շտապօգնության կանչը գրանցվել է ժ.19. 05-ին:
Փետրվարի 1-ին՝ 5 օր հետո, «Արմենիա» բժշկական կենտրոնում Հովիկ Գեւորգյանը մահացել է: «7-րդ ամիսն է, որ որդիս՝ Սարգիս Հակոբյանը գտնվում է կալանքի տակ: Նա մեղադրվում է ծանր հանցագործության մեջ՝ դիտավորությամբ տուժողի առողջությանը ծանր վնասվածք պատճառելու համար, որի հետեւանքով տուժողը մահացել է: Շուրջ 1 տարի է, ինչ ընթանում է նախաքննությունը, սակայն կոպտորեն խախտվում են որդուս իրավունքները՝ իր անմեղությունը հիմնավորող փաստերն ու ապացույցները ստուգելու, իր մատնանշած վկաներին հարցաքննելու մասով: Նրա անմեղությունը հիմնավորվում է ոչ միայն ցուցմունքներով, այլ նաեւ այլուրեքությունը (ալիբի) հիմնավորող հեռախոսային վերծանումներով»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Ջուլիետա Հովհաննիսյանը:
Սարգիս Հակոբյանի պաշտպան, ՀՀ փաստաբանական պալատի անդամ Հասմիկ Հովհաննիսյանը նույնպես դժգոհ է նախաքննության ընթացքից եւ դիմել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանին: Վերջինս իրեն ուղղված գրավոր դիմումը ուղարկել է Երեւան քաղաքի դատախազություն:
Պաշտպանը դատախազին խնդրում է, նախաքննությամբ ձեռք բերվածի հիման վրա, դադարեցվի իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը, կարճվի քրեական գործի վարույթը:
Սարգսի դեմ ցուցմունք տված միակ վկան՝ Ս. Ավետիսյանը հանրապետությունը լքել է: «Քննիչ Մանուկյանը չցանկացավ ստուգել նախաքննության ընթացքում իմ կողմից ներկայացված նյութերը, չհարցաքննեց վկաներին, անհիմն մերժեց միակ անուղղակի վկա Ս. Ավետիսյանի հետ պաշտպանյալիս հետ առերեսվելու մասին իմ միջնորդությունը, որը հետագայում հանձնարարվեց Երեւան քաղաքի դատախազի կողմից, սակայն արդեն ուշ էր. վկան մեկնել էր հանրապետությունից՝ չտեղեկացնելով իր նոր բնակավայրի մասին»,- ասում է պաշտպան Հասմիկ Հովհաննիսյանը:
Փաստաբանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ վերոնշյալ վկան, հարցաքննությունից մեկ օր առաջ, գիշերվա ժ. 22.30-ին ապօրինի բերման է ենթարկվել ոստիկանության բաժին, եւ հաջորդ օրը հարցաքննվել է:
Այս գործով հետաքրքիր են նաեւ հեռախոսային վերծանումները: «Դեպքի պահին, ժ.16-ի սահմաններում, Սարգիսը գտնվել է Տիգրան Մեծի 17 եւ 31 հասցեներում եւ չէր կարող միաժամանակ լինել Բրյուսովին հարող Հրազդանի ձորում կամ էլ այդ հատվածում գտնվող մանկապարտեզի տարածքում: Սա բավական է, որպեսզի հիմնավորվի, որ մեղադրյալը կապ չունի դեպքին», գլխավոր դատախազի տեղակալին ուղղված բողոքում գրում է փաստաբանը:
Պաշտպանական կողմը նաեւ հայտնել է, որ Սարգիսն իր հեռախոսը տվել էր Իսրայելից եկած որդուն՝ 17-ամյա տղային, որը հայերեն չգիտեր, իսկ Սարգիսը եղել է մշտապես նրա հետ կապի մեջ Արշակունյաց տարածքը սպասարկող հեռախոսային կայանքի միջոցով: Նկատենք, որ մեղադրյալի տունը գտնվում է Արշակունյաց փողոցում:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ