Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ոչ հաղթական կամար

Փետրվար 15,2012 13:23

Տոտալիտարիզմի քաղաքական ռեպրեսիաների զոհերի ռեաբիլիտացիայի եւ հիշատակի ու գործի հավերժացման հանձնաժողովի ստեղծման առաջարկ:

Ես՝ խորհրդային նախկին քաղկալանավոր Ազատ Արշակյանս, դիմում եմ Բարի կամքի տեր ՀՀ քաղաքացիներին՝ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված առաջարկիս համահեղինակ դառնալու ակնկալիքով: Սիրով կընդունեմ՝ առ համաձայնություն բոլոր ստորագրություններն ու արձագանքները: Ստորագրությամբ կարող եք միանալ թե՛ «Առավոտ» օրաթերթի, թե՛ «Ազատ Արշակյան» ֆեյսբուքյան էջիս միջոցով:

Մեծարգո՛ պարոն Նախագահ.

Ինչպես հավանաբար Ձեզ հայտնի է, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ստորագրել է «Քաղաքական ռեպրեսիաների զոհերի հիշատակի հավերժացման ծրագրի իրականացման աշխատանքային խումբ ստեղծելու մասին» հրամանագիր: Սա մարդասիրական հասարակության անվերապահ վկայություն է: Սա կարեւոր է հատկապես նրանով, որ գաղափարի քննարկումն առաջարկվել է ոչ թե «ներքեւից», այլ առաջին դեմքի կողմից:

Ձեր որոշ արտահայտություններից ելնելով՝ ինձ թույլ եմ տալիս ենթադրել, որ Դուք էլ եք հանդիսանում քաղաքական ռեպրեսիաների զոհերի հանդեպ առավել զգայուն վերաբերմունքի կողմնակից: Չնայած մեր եւ Ռուսաստանի մասշտաբներն անհամեմատելի են, սակայն ռեպրեսիաների ենթարկվածների խնդիրը մեզանում ոչ պակաս է հրատապ: Սա հենց այն դեպքն է, երբ խնդիրը թվերի մեջ չէ. դրանցից յուրաքանչյուրի հետեւում կոնկրետ Մարդու, նրա հարազատների եւ երեխաների ճակատագրեր են:

Իմ խորին համոզմամբ՝ Ձեզ, ինչպես ոչ այլ մեկին, վայել է սկսել քաղաքական ռեպրեսիաների զոհերի ռեաբիլիտացիայի եւ հիշատակի հավերժացման գործընթացը: Չէ՞ որ քաջ հայտնի է, թե անձամբ ինչ խիզախ ջանքեր եք գործադրում մեր երկրի համար այնպիսի գլոբալ ու ցավոտ հարցերի լուծման համար, ինչպիսիք են Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունները: Արտաքին ասպարեզում Ձեր այդ գործունեությունը կարելի է անվանել անցյալից ժառանգված բարդ հանգույցի լուծման փորձ: Ինձ թվում է, որ նույնպիսի եւ դեռ առավել ցավոտ ժառանգություն է ներքին հանգույցը, որի առիթով Դուք ոչ մեկ անգամ հռչակել եք Պարզված ձեռքի փիլիսոփայությունը: Մենք դա՝ սեփական պատմության հետ առերեսումն ու հաշտեցումը, կարող ենք պահանջել ոչ միայն Թուրքիայից, այլեւ ինքներս մեզնից: Մենք կարող ենք ապացուցել, որ ինքներս էլ ունենք այդ խիզախությունը՝ նայել սեփական պատմության աչքերին, իսկ այդ պատմությունը ոչ վաղ անցյալում մեզ նույնպիսի ծանր ժառանգություն է թողել: Սա անցյալին սոսկական վերադարձ չէ. այդ վերադարձը նպատակներ ունի՝ մաքրագործում, զղջալու եւ ապաշխարելու շանս, հիշեցում բոլոր այսօրվա եւ վաղվա մուղդուսիներին, որ չկա բան, որ հայտնի չդառնա, որ իրենց ծածուկ գործածը վաղը հանրության դատաստանի առջեւ է կանգնելու ու խարանելու է իրենց զավակների երջանիկ կյանքը: Մանավանդ այս օրերին, երբ շուրջբոլորը հեղափոխական պաթոս է, կարեւոր է, որ մարդիկ հասկանան, թե քաղաքացիական կռվում «հաղթողներն» անգամ պարտված են, որ իրենց եւս սպասում է ոչ թե պատմության հաղթակամարը, այլ ՈՉ ՀԱՂԹԱԿԱՆ ԿԱՄԱՐԻ տակով գլխիկոր անցնելը՝ թեկուզ 100 տարի անց: Ձեր ակնկալվող քայլից հետո վերջապես կլինի հանձնաժողով, որը լրջորեն կզբաղվի իրենց կյանքի գնով ազգի պահպանությանը նպաստած այն մարդկանց խնդիրներով, ովքեր, ցավոք, արդեն քիչ են մնացել: Այդ դեպքում շարունակականության շղթան ոչ մի կետում չի ընդհատվի. չէ՞ որ հենց այդ զոհերը վառ պահեցին անկախության ճրագը, որի մասին տոտալիտարիզմի պայմաններում մինչեւ իսկ երազելը միլիոնավորներին անիրական էր թվում: Վառ պահեցին, որպեսզի հաջորդները կարողանան այն հռչակել, մյուսները՝ փորձել կայացնել: Եվ այդ կայացման ամրությունը մեծապես կախված է գնահատելու, արժեւորելու, արդարությունը վերականգնելու ներկա սերնդի ունակությունից:

Մեծարգո՛ պարոն Նախագահ, վստահ եմ՝ հասարակությունը Ձեզ երախտապարտ կլինի, եթե այս խառնակ ժամանակներում Դուք Ձեզ վրա վերցնեք այս հարցի լուծումը: Հասարակությունն իրավունք ունի հատկապես Ձեզնից ակնկալել դա, քանի որ Դուք եք հենց այն անհատը, ով քաջություն է ունեցել հրապարակավ բարձրացնելու հաշտեցման, չհասկացվածության պատերի քանդման, երկխոսության եւ կոմպրոմիսների դրոշը թե՛ ներքաղաքական կյանքում, թե՛ արտաքին քաղաքականության մեջ: Խաղաղարար պետական գործչի եւ համբերատար առաջնորդի կերպարը ներքաղաքական դաշտում հենց այն է, ինչի կարիքն ունի մեր հասարակությունն այսօր: Իսկ ռեպրեսիաների ենթարկվածների ռեաբիլիտացիայի խնդիրը կարող է անկյունաքարը լինել համազգային հաշտեցման եւ առաջընթացի: Ուզում եմ հուսալ, որ Դուք կսկսեք ժամանակակից աշխարհի համար միանգամայն հասկանալի եւ սպասված այդ գործընթացը, որը, դառնալով լայն քննարկումների առարկա, հայ երիտասարդության հայացքը կրկին կշտկի դեպի Հայրենիքն ու հայրենասիրությունը, դեպի Մարդն ու Մարդասիրությունը, դեպի քաղաքակրթական այն արժեքները, որոնց դավանմանն իրականում արժանի է Հայաստանի պետության քաղաքացին: Հարգանոք՝

ԱԶԱՏ ԱՐՇԱԿՅԱՆ

11.02.2012թ., Ք. Երեւան

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829