Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ջրմուղկոյուղիս ո՞րն է, երբ սանկեքով, էշերով ու ձիերով ենք ջուր կրում»

Փետրվար 15,2012 13:20

Երեկ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի վերնախավը ժամանել էր Գյումրի՝ Արթիկի ու Աշոցքի տարածաշրջանի գյուղապետերի հետ հանդիպելու ու նրանց համոզելու, որ որպես ջրամատակարար ընկերություն՝ իրենց կառույցի հետ պայմանագիր կնքեն: Նրանք խոստանում էին այդ դեպքում որոշակի ներդրումներ կատարել գյուղերում ու բարելավել խմելու համար վտանգավոր, չքլորացված ջրի որակը: Սակայն խորհրդակցությանը մասնակցող գյուղապետերը նրանց առաջարկն ընդունեցին սվիններով: Ջրմուղի պաշտոնյաների ասածը հատկապես ազդեց Հառիճի գյուղապետ Ռոլանդ Նազարեթյանի նյարդերի վրա, որը նստած տեղից անընդհատ խայթում էր պաշտոնյաներին՝ հարց տալով, թե էսքան ժամանակ ի՞նչ եք արել, որ հիմա անեք: «Գերավճար ենք տվել, բայց էլի պրծում չկա, դատի տալուց բացի՝ Ջրմուղը ի՞նչ գիտի, իսկ մենք հիմա գյուղովի ջուր չունենք, մինչդեռ գյուղացուց ի՞նչ ենք պահանջում՝ հողի, ջրի վարձ, իսկ ընտրությունների վախտ՝ ձայներ»,- հակադարձեց գյուղապետը: Վարդաքարի գյուղապետ Գալուստ Ավետիսյանն էլ «Առավոտ»-ի հետ զրույցում ասաց՝ եթե 10-15 տարվա ընթացքում մի անգամ աչքի պոչով տեսած լիներ, որ Ջրմուղը Վարդաքարի համար ինչ-որ գործ է արել, միգուցե այդ դեպքում ջրմուղ բառից ցնցման մեջ չընկներ: Վարդաքարում էլ այս պահին ջուր չկա. թե ինչով են գյուղացիները հագեցնում ծարավը՝ գյուղապետը այսպես պատասխանեց. «Մի քանիսը ջրհորներ են փորել, մյուսներն էլ 300-400 մետրի վրա գալիս՝ սանկեքով, էշերով, ձիերով կրում-տանում են, էլ ջրմուղս ո՞րն է»: Հովտաշենի ներկայացուցիչն էլ, որը խորհրդակցության ժամանակ նստած էր մեր կողքին, տեղեկացրեց, որ գյուղովի ծարավից մեռնում են, ջրագծերը սառել են, ստիպված ձյունն են հալեցնում, ու եթե մարդիկ մի կերպ դիմանում են, ապա խեղճ անասունները ջրազուրկ են լինում:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829