Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Փոխնակ մայրերը պետք է առանց շահույթի՞ ծառայություն մատուցեն

Փետրվար 15,2012 13:12

ՀՀ կառավարությունը գտնում է, որ եթե փոխնակ մոր վերաբերյալ օրենքը չփոխվի՝ մարդու առուծախի տեղիք կտա

ՀՀ կառավարության եւ ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի միջեւ այս օրերին պայքար է գնում, թե «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում ո՞ւմ առաջարկած փոփոխությունը կանցնի:

Կառավարությունը մերժել է հանձնաժողովի առաջարկած այն փոփոխությունը, ըստ որի՝ նախատեսվում է փոխնակ մոր համար փոխհատուցում տրամադրել՝ ողջամիտ գումարի սահմաններում:

Ըստ կառավարության պատասխանատուների, դա կարող է մեր երկրում մարդու առեւտրի համար բարենպաստ դաշտ ստեղծել: Սակայն այս մտավախության հետ համաձայն չէ հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը: Նրա հիմնավորմամբ՝ կառավարության մերժումն անիմաստ է, քանի որ իր առաջարկած փոխհատուցումը մի շարք եվրոպական երկրներում կիրառվում է, եւ այն չի կարող լինել մարդու «կոմերցիայի» առիթ. «Կոմերցիոնը արգելել նշանակում է, որ թույլ չտալ, որ սուրոգատ մայրը դա շահույթ ստանալու նպատակով անի, մենք էլ ենք նույնը ասում, բայց փոխհատուցում ու շահույթ ստանալը տարբեր բաներ են»: Ըստ պարոն Հարությունյանի, փոխնակ մոր ծառայությունը այն դեպքում կլինի կոմերցիա, եթե դա լայնորեն գովազդվի. «Այսինքն՝ չեն կարող լինել բրոկերներ, որոնք կարող են փոխնակ մայրեր գտնել, կամ որեւէ առողջապահական հիմնարկ, որն ունի փոխնակ պոտենցիալ մայրերի ցուցակ եւ իր գովազդային ծառայությունների մեջ առաջարկի՝ եկեք մենք ձեզ տրամադրենք մայրեր»:

Մեր այն դիտարկմանը, որ միայն բառերն են փոխվում եւ, ի վերջո, ոչ մի կին հենց այնպես չի համաձայնի փոխնակ մայր դառնալ, թեկուզ գրվի փոխհատուցում, քանի որ, ճիշտ է՝ թաքնված, բայց փոխնակ մայր դառնալու համար կինը որոշակի գումար կամ շահույթ է ստանում, հանձնաժողովի նախագահը ասաց. «Սրանք իրավական հասկացություններ են եւ էապես տարբերվում են: Եթե զույգը փոխնակ մոր սննդի, բժշկական ծառայությունների, հագուստի եւ այլ ծախսեր է փոխհատուցում, սա շահույթ չէ: Որեւէ ողջամիտ մարդ չի հավատա, որ որեւէ կին կարող է մեկի համար սուրոգատ մայր դառնալ, եւ սկսի իր գրպանից հատուցել բժշկական ծախսերը, սնունդը, հոգեբանական խորհրդատվությունը, երեխայի պահպանման ծախսերը՝ մինչեւ ծնողներին հանձնելը: Զգացե՛ք տարբերությունը, դա շահույթ չի կոչվում»: Ինչպե՞ս եք պատկերացնում ողջամիտ փոխհատուցման սահմանը՝ հազա՞ր, թե՝ հինգ հազար դոլար, մեր այս հարցին էլ պարոն Հարությունյանն ասաց, որ դա պետք է նոտարը որոշի. «9 ամսվա հղիության եւ մոր այլ ծախսերի համար դա քիչ է, բայց եթե ասեն 30 հազար դոլար, կասեն, որ դա ողջամիտ չէ»:

Ներկայիս օրենքով թույլատրվում է օտարերկրացի ամուսիններին Հայաստանում օգտվել փոխնակ մոր ծառայությունից: Իսկ ՀՀ կառավարությունն առաջարկում է միայն այն օտարերկրացիներին թույլատրել, որոնք առնվազն 3 տարի բնակվել են Հայաստանում, կամ զույգերից մեկը ՀՀ քաղաքացի է, իսկ մյուսը՝ 3 տարի մշտական բնակություն է ունեցել ՀՀ-ում:

Դավիթ Հարությունյանի կարծիքով, թեեւ մինչ օրս ընդամենը մի քանի տասնյակ դեպք է եղել, որ օտարերկրացիները մեզ մոտ այդ ծառայությունից օգտվել են, սակայն չպետք է օտարերկրացիների վրա նման սահմանափակումներ դնել, քանի որ թե՛ փոխհատուցման ընդունման պարագայում եւ թե՛ օտարերկրացիներին չարգելելու պարագայում բուժհիմնարկներ մեծ ֆինանսական հոսքեր կգան, որոնք էլ այդ գումարները կուղղեն էլ ավելի բարելավելու ծառայության որակն ու պայմանները. «Վրաստանում այս դաշտը բաց է, էստի համեցեք են անում, բայց քանի որ մեզ մոտ բժշկական ծառայություններն ավելի բարձր մակարդակի վրա են, շատ շատերը ուզում են հենց Հայաստան գալ»:

Օրենքի փոփոխության վերաբերյալ փորձեցինք հարցնել նաեւ դաշտում այդ ծառայությունը մատուցող մասնագետների կարծիքը: Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի արտամարմնային բեղմնավորման բաժնի ղեկավար Գեորգի Օկոեւը մեզ հետ զրույցում հրաժարվեց որեւէ կարծիք հայտնել, ասելով՝ «Իմ երկիրն ինչ օրենք կընդունի՝ ես դրան էլ կենթարկվեմ»:

Իսկ հանրապետության գլխավոր գինեկոլոգ Աշոտ Աբրահամյանի կարծիքով էլ՝ օտարերկրացիների մուտքը գուցեեւ որոշակի չարաշահումների տեղիք տա. «Հնարավոր է՝ որոշ շեղումներ լինեն, բայց եկեք սպասենք, տեսնենք՝ օրենքն ինչ տարբերակով են ընդունում»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829