«Ուրիշները ինչ ուզում են՝ թող մտածեն»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը դեռ 2007-ին՝ «Առավոտի» հետ զրույցում
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը երեկ հայտարարեց իր հերթական բացահայտումների մասին՝ նշելով, որ այսօր քաղաքականապես չկողմնորոշվածները քիչ են, եւ քաղաքական ուժերի միջեւ պայքարը գնալու է հատկապես այդ չկողմնորոշվածներին իրենցով անելու ուղղությամբ: Լսելով պարոն Ադիբեկյանին՝ ակամա զգացողություն ես ունենում, թե այդ բոլոր ասածները արդեն լսել ես, եւ ոչ մեկ անգամ: Պարոն Ադիբեկյանի նմանատիպ մի հայտարարությունից հետո 2007-ի մարտի 8-ին դաշնակցական Վահան Հովհաննիսյանը հայտարարեց. «Ժողովուրդը հոգնել է սուտասան սոցիոլոգներից»: Այս նույնություններն են առիթը, որ որոշեցի թերթել ուղիղ հինգ տարի առաջվա մեր հրապարակումները: Պարզվեց, որ այդ «դեժավյու»-ի զգացողությունը կրկնվեց նաեւ այժմ: Մեր քաղաքական ուժերը եւ սոցիոլոգները ոչ մի նոր բան չեն հորինում ոչ մի ընտրությունից առաջ, անգամ դեմքերն են նույնը:
Կներկայացնենք մի քանի օրինակներ՝ ենթադրությունները թողնելով ընթերցողին: Ահա թե ինչ է գրել մեր թերթը 2007-ի գարնանային առաջին նստաշրջանի առաջին օրը. «Սկսվեց այս գումարման վերջին՝ 9-րդ նստաշրջանը: Ամեն ինչից զգացվում էր, որ սա վերջի սկիզբն է, իշխանական թեւը ներկայացնող պատգամավորները եկել էին ոչ թե այն պատճառով, որ օրենքներ գրելու կամ ընդունելու մոլուցքով են տարված, այլ փորձում էին միմյանցից իմանալ իրենց ապագան, հարցերով գոնե իրարից պարզել, թե ինչ է գալու իրենց գլխին, լինելո՞ւ են ընտրացուցակների անցողիկ տեղերում, թե՞ շեֆերն իրենց համար այլ ճակատագիր են որոշել» (6.02.2007): Իսկ այժմ նայեք այս օրերի ցանկացած լրատվամիջոց՝ իշխանական կամ հակառակը, եւ պարզ կդառնա, որ նորից ու կրկին գրում ենք նույնի մասին: Հաջորդը՝ 2007-ի փետրվարի 16-ին լուսաբանելով ԲՀԿ երրորդ արտահերթ համագումարը՝ գրել ենք, որ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց. «Ես ասել եմ, իմ խոսքը ուժի մեջ է լինելու միշտ, որ քաղաքականությունը ինձ համար պաշտոն ստանալու ճանապարհ չէ, եւ ես ոչ մի պաշտոնի չեմ ձգտում, ինչ ցանկացել եմ այս տարիների ընթացքում, հասել եմ իմ աշխատանքով, եւ այժմ իմ նպատակը ուժեղ, կայուն եւ բարգավաճ Հայաստան ունենալն է: Մենք հարգում ենք մեր բոլոր մրցակիցներին եւ պատրաստ ենք համագործակցել ազատ եւ թափանցիկ ընտրություն անցկացնելու գործում»: Վստահ եմ, ԲՀԿ առաջիկա համագումարում եւս հնչելու են միայն այսպիսի խոսքեր: Ընդդիմությունը եւս այդ օրերին իր այսօրվա մտահոգությունների մեջ էր, ընդ որում, ընդդիմության պատկերը եւս չի փոխվել, եթե չհաշվենք, որ այսօր ակտիվ է առաջին նախագահը, եւ ստեղծվել է ՀՀՇ-ից պոկված մի նոր կուսակցություն՝ «Ազատ դեմոկրատները»: 2007-ի փետրվարի 17-ի համարում մենք գրել ենք, թե ինչի մասին են մտորում այդ ժամանակ արդեն նախկին «Արդարություն» դաշինքի անդամ կուսակցությունները. «Գնալ առանձի՞ն, թե՞ դարձյալ մտնել դաշինքային լծի տակ»: Այս հարցի պատասխանը, ինչպես եւ այսօրվա ընդդիմության դեպքում, նույնն է՝ առանձին-առանձին գնալ, քանի որ լիդերների ամբիցիաները եւ անդամների հավակնությունները՝ առաջինը եւ անցողիկ տեղերում լինելու մասին, եւս մնացել են անփոփոխ: Հինգ տարի առաջ հայոց բանակը ընդամենը 15 տարեկան էր, եւ այդ ծնունդը եւս նշվեց մեծ շուքով եւ ճոխություններով: Այդ ժամանակ Օպերայի եւ բալետի պետական թատրոնում նշվեց բանակի տոնը, եւ «Առավոտը» մի քանի հարցեր ուղղեց պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին եւ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին: Դա փետրվարի 24-ին էր, եւ Սերժ Սարգսյանը մեզ հետ զրույցում ասաց. «Սրտանց եւ հպարտ տոնելու ենք մեր հաղթանակը»: Այդ օրը բուժաշխատողներին եւ զինվորականներին նվերներ եւ մեդալներ հանձնվեցին: Հարցին՝ այս ամենը արդյոք չի՞ դիտարկվում նախընտրական տրամաբանության մեջ, Սերժ Սարգսյանն ասել էր. «Իհարկե, այդպես չէ, մենք անցյալ տարի այսպիսի միջոցառումներ չե՞նք անցկացրել, իհարկե՝ անցկացրել ենք: Մենք լիաթոք ուրախանում ենք մեր բանակի 15-ամյակով՝ մեր հաղթանակի 15-ամյակով: Այս կարգի միջոցառումներն ավելի ենք շատացնելու, մասսայականացնելու եւ սրտանց ու հպարտ տոնելու ենք մեր հաղթանակները: Ուրիշները ինչ ուզում են՝ թող մտածեն, իրենց խնդիրն է, իրենց գործը: Մենք մտահոգված չենք ընտրություններով, մենք ուղղակի ուրախանում ենք եւ այդ իրավունքը մենք վաստակել ենք»: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը մեր հարցին ի պատասխան՝ ասել է. «Քաղաքական մրցակցություն է գնում իշխանության համար, որպեսզի կարողանան իրենց ծրագրերը իրագործել: Եթե գտնում են, որ Հանրապետական կուսակցությունը կամ կոալիցիան ցանկանում են վերարտադրվել, ապա պետք է հարցը այսպես ձեւակերպել՝ Հանրապետական կուսակցությունը եւ կոալիցիան ցանկանո՞ւմ են սկսած գործը շարունակել: Մենք վստահ ենք՝ այն ուժերը, որ այս տարիների ընթացքում իրար հետ աշխատել են, կշարունակեն աշխատել եւ ծրագրեր իրականացնել»: Ընդդիմությունը դարձյալ խոստանում էր՝ «հիմա» եւ «շատ շուտով», բայց այդպես էլ ոչ «հիման» եղավ, ոչ էլ «շատ շուտովը»: Հաշվե՞նք, թե քանի գարուն անցավ: Արդեն 2007-ի փետրվարի 27-ին «Առավոտը» գրեց. «Սկսվեց ցուցակագրման վերջին շաբաթը: Հայտնի դարձավ, որ իշխանականները գնալու են առանձին ցուցակով, ընդդիմությունը՝ նույնպես»: Ընդդիմության չմիավորվելու մասին Վազգեն Մանուկյանը հայտարարեց. «Բոլորն էլ ունեն մեղքի իրենց բաժինը»: 2007-ի մարտի 3-ը առաջադրումների վերջին օրն էր, եւ երբ առաջադրումներն ավարտվեցին, պարզ դարձավ, որ առաջադրվել են 28 քաղաքական ուժ եւ 173 անհատ: Հինգ տարի առաջ մարտի 22-ին Արմավիրի մարզում ԲՀԿ-ի հրավերով արդեն երգում էր Միխայիլ Շուֆուտինսկին: Ինչպես եւ այն ժամանակ, այսօր եւս ընդդիմադիր Հովհաննես Հովհաննիսյանը նորից եւ կրկին ասում էր, թե ընտրությունների ճակատագիրը որոշվում է փողոցում: Կրկին սխալվեց, ընտրությունների ճակատագիրը կրկին որոշվեց ընտրատեղամասերում, ինչպես եւ պահանջում է օրենքը:
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ