Լրահոս
Օրվա լրահոսը

«Երջանիկ մանկություն» շարքից

Փետրվար 15,2012 12:58

Ցրտաշունչ ձմեռ եւ ձյան առատություն է ոչ միայն Հայաստանում: Եվրոպայի մի շարք երկրներում նույն վիճակն է: Անցած շաբաթ, օրինակ, կյանքը Հռոմում 4 օրով կաթվածահար է եղել, իսկ Միլանում երկուշաբթի օրը գրանցվել է այդ քաղաքի համար ցրտի բացարձակ ռեկորդ՝ -18 աստիճան: Լուրջ խնդիրների առաջ են կանգնել Սերբիայի, Ռումինիայի, Բուլղարիայի, Չեռնոգորիայի քաղաքներն ու գյուղերը: Այդ պայմաններում բնակավայրերի ղեկավարները նախ ներողություն են խնդրում բնակչությունից, այնուհետեւ կոչ են անում օգնել, օրինակ՝ հավաքել իրենց տների կամ հիմնարկների մոտ գտնվող ձյունը: Հռոմի մունիցիպալ բյուջեն հաստատ մի միլիարդ դոլարից պակաս չէ, բայց այնտեղ էլ քաղաքային իշխանություններն անզոր գտնվեցին տարերքի առաջ:

Միայն Երեւանում է, որ ամեն ինչ հրաշալի է. բոլոր փողոցներից եւ բոլոր մայթերից ձյունը եւ սառույցը հավաքված է՝ մարդիկ քայլում եւ քշում են չոր ասֆալտով ու ոչ մի նեղություն չեն կրում: Չե՞ք հավատում: Նայեք մեր հեռուստաընկերությունների կողմից ցուցադրվող հոլովակները, որտեղ երեւանցիները մեծ խանդավառությամբ եւ «ինքնաբուխ» շնորհակալություն են հայտնում քաղաքապետարանին եւ անձամբ Տարոն Մարգարյանին… ուզում էի ասել՝ երջանիկ մանկության համար, բայց տվյալ դեպքում՝ ձյունը եւ սառույցը մաքրելու համար: Երջանիկ մանկությունը հիշեցի, բնականաբար, այն ոտանավորներից, որոնք կոմունիստների համագումարների ժամանակ արտասանում էին պիոներները՝ «թանկագին Լեոնիդ Իլյիչի» հասցեին: Այդ ժամանակները, կարծում էի, վաղուց արդեն անցել են:

Մենք բոլորս քայլում ենք Երեւանի փողոցներով: Այդ որտե՞ղ են «ինքնաբուխ քաղաքացիները» տեսել, որ մայթերին՝ թեկուզ Մաշտոցի կամ Սայաթ-Նովա փողոցներում, մերկասառույց չլինի: Շատերը մեքենաներ են քշում. արդյոք «շնորհակալ ժողովուրդը» չի՞ տեսնում, որ երթեւեկելի մասը շատ տեղերում «կրճատվել է»՝ կողքերում հավաքված ձյան եւ սառույցի պատճառով, իսկ որոշ տեղերում՝ օրերով չհավաքվող «եգիպտական բուրգերի» շնորհիվ: Չգիտեմ, թե ով է հուշել, ընդհանուր առմամբ, համակրելի քաղաքապետին այդ հեռուստատեսային «PR ակցիան», բայց այդ քայլը ճիշտ հակառակ ռեակցիան է առաջացնում: Դա մոտավորապես նման է այն գովազդային հոլովակներին, երբ իշխող կուսակցությունները համալրվում են նոր անդամներով, եւ նորաթուխ կուսակցականները հեռուստախցիկի առաջ ասում են, որ նրանք անդամագրվել են այն պատճառով, որ իրենց դուր է գալիս այդ կուսակցության գաղափարախոսությունը, եւ ակնհայտ է դառնում, որ «գաղափարախոսություն» բառը այդ կուսակցականներն  առաջին անգամ են արտասանում:

Եվ վերջապես. մենք ապրում ենք այնպիսի հասարակությունում, որտեղ նույնիսկ արածի համար քեզ ոչ ոք երբեք անկեղծորեն շնորհակալություն չի հայտնի: Էլ ուր մնաց՝ չարածի:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829