Հրանտ Բագրատյան. ՀՀ նախկին վարչապետ, ՀԱԿ ներկայացուցիչ
– Ըստ Ձեզ՝ ինչո՞վ է պայմանավորված Օբամայի՝ Հայաստանի տնտեսական օգնությունը 19 տոկոսով կրճատելու առաջարկությունը:
– Ես մի բան կարող եմ ասել՝ այդ թիվը վերջին 15-16 տարում 150 միլիոնից ի վերջո դարձավ 27 միլիոն ԱՄՆ դոլար:
– Ինչի՞ արդյունքում այդպես եղավ դեմոկրատական գործընթացների աղավաղման, թե՞ այլ պատճառներ կան:
Կարդացեք նաև
– Հնարավոր է: Մի բան հաստատ կարող եմ ասել՝ Հայաստանը չունի այն կարեւորությունը, ինչը որ ուներ 1994-95 թվականներին: Ես, իհարկե, չգիտեմ՝ գուցե այս տարվա կրճատումը ընդհանուր կրճատման արդյո՞ւնք է: Պետք է տոկոսները նայել՝ ամերիկյան բյուջեն կրճատվո՞ւմ է 11 տոկոսով, թե՞ ոչ: Ես գիտեմ բյուջեում գրանցված ընդհանուր թվերը, եւ նման կրճատումներ ամերիկյան բյուջեում չկան: Ամերիկայի բյուջեն աճում է բացարձակապես, եւ նվազում է հարաբերականորեն, այսինքն՝ բացարձակ թվով իրենց բյուջեն աճում է: Հարաբերականորեն ասելով՝ նկատի ունեմ, որ տնտեսական աճը մի փոքր պակասում է իհարկե: Մեր թիվը ե՛ւ բացարձակապես է պակասում, ե՛ւ հարաբերականորեն է պակասում: Իսկ սա նշանակում է, որ այստեղ մի բան կա: 1995 թվականին տալիս էին շուրջ 150 միլիոն ԱՄՆ դոլար, հիմա տալիս են 27 միլիոն դոլար: Եվ դա նշանակում է, որ մեզ համարում են պակաս կարեւոր:
Վարդան Բոստանջյան. ԲՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ
– Միացյալ Նահանգներում հիմա բյուջեի մասով զսպողական քաղաքականություն է իրականացվում: Դրանով պայմանավորված՝ երկրի նախագահը կարող է նման առաջարկությամբ հանդես գալ, բայց դա դեռ ոչինչ չի նշանակում: Հարցը դեռ Կոնգրեսում պետք է քննարկվի, եւ ամեն ինչ կարող է փոխվել, նման դեպք եղել է:, Մասնավորապես անցած տարի, էլի ավելի զուսպ թվերով էր հարցը մտել Կոնգրես, այնտեղ, սակայն, գումարը մեծացրին: Ես կարծում եմ կլինի մոտավորապես այնքան, ինչքան եղել է նախորդ տարի:
-Հրանտ Բագրատյանը մեզ հետ զրույցում ասաց, որ օրինակ, 1995 թվականին Հայաստանին տալիս էին շուրջ 150 միլիոն ԱՄՆ դոլար, հիմա տալիս են 27 միլիոն ԱՄՆ դոլար: Ըստ նրա՝ դա նրանից է, որ Հայաստանն այլեւս իրենից կարեւորություն չի ներկայացնում: Հատկացման կրճատումը սրա արդյո՞ւնքն է նաեւ:
– Հատկացման կրճատման արդյունքը հետեւյալն է. ընդհանրապես նման տիպի օգնությունները, որպես կանոն, միշտ միտում ունեն փոքրանալու: Հրանտ Բագրատյանն էլ շատ լավ գիտի դրա մասին: Դա ոչ թե պայմանավորված է որեւէ մեկի անձով կամ ժամանակահատվածով, պարզապես այդ օգնությունները աստիճանաբար նվազում են: Այդ ամենը նվազման միտում ունի, եւ սա ոչ միայն օգնությունների մասով կարող եմ ասել, այլ նաեւ վարկերի: Դրանք էլ զսպվելու միտում ունեն, որովհետեւ արտաքին աշխարհն ասում է՝ դուք, ըստ էության, փաստորեն, ի զորու եք կամ ժամանակն է, որպեսզի կարողանաք ռացիոնալ ծախսումներով հասնել ավելի մեծ արդյունքների: Հատկացվող գումարների նվազման տենդենցը կա, եւ այս պարագայում պետք չէ հարցը քաղաքականացնել:
Գոհար ՎԵԶԻՐՅԱՆ
«Չորրորդ ինքնիշխանություն»