Հատված Միչիգանի համալսարանի պրոֆեսոր, 1994-97թթ. ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավոր խորհրդական Ժիրայր Լիպարիտյանի հետ հարցազրույցից
– Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն օրերս անդրադարձավ Ֆրանսիայի Սենատում Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի ընդունմանը, նշեց, թե Ֆրանսիան պետք է դուրս գա ԵԱՀԿ ՄԽ կազմից: Եթե
Ֆրանսիան լքի ԵԱՀԿ ՄԽ–ն, ապա ԼՂ հակամարտության կարգավորման գլխավոր դերը բաժին կընկնի ԱՄՆ–ին ու ՌԴ-ին։ Նման հայտարարությունները կարո՞ղ են լուրջ դրսեւորումներ ստանալ, եւ գործը հասնի Ֆրանսիայի դուրսմղմանը ՄԽ-ից։
– Ես ԵԱՀԿ Մինսկի խմբին այդքան էլ լուրջ չեմ ընդունում այլեւս, երկար ժամանակ է արդեն, որ լուրջ չեմ վերաբերվում եւ կարեւորություն չեմ տալիս ՄԽ-ին։ Այնտեղ նոր բան չունեն ասելու, բացի Ռուսաստանից՝ մյուսները իսկապես որեւէ հետաքրքրություն չունեն, շատ քիչ էներգիա են ծախսում այդ հարցի ուղղությամբ, այս հակամարտության կարգավորման համար ժամանակ չունեն պարզապես, իսկ թե Ֆրանսիան մա՞ս է կազմում ԵԱՀԿ ՄԽ-ին, թե՞ ոչ՝ մեծ տարբերություն չեմ տեսնում։
Կարդացեք նաև
Բացի այդ, պետք է նշեմ, որ Թուրքիայի դիրքորոշումն էլ մանկամիտ ու մեծամիտ է, քանի որ եթե Թուրքիան պահանջում է, որ Ֆրանսիան դուրս գա ԵԱՀԿ ՄԽ-ից, ուրեմն՝ ինքն էլ պետք է դուրս գա։ Թուրքիայի կեցվածքն անլուրջ է՝ Ղարաբաղի հարցը Հայաստանի հետ հարաբերություններին կապելը, ցեղասպանության հարցը՝ մյուս կողմից, այս ամենը իրար խառնելը Թուրքիայի մանկամտությունն ու մեծամտությունն է, դրանք հավակնություններ են միայն, նրանք կարծում են, թե իրենց դիրքորոշումը կարող են պարտադրել Հայաստանին, Ֆրանսիային, կամ երրորդին։ Իսկապես ես զարմացած եմ, նույնիսկ փոքր-ինչ ծիծաղելի է Թուրքիայի այսօրվա քաղաքականությունը, քանի որ թե՛ Էրդողանը, թե՛ Դավութօղլուն կարող ուժեր են, բայց հենց այս հարցում նրանք կորցնում են իրենց դատողությունը, կարծում են, թե իրենց դիրքորոշումն է ամենաուժեղը ու ամենակարեւորը, եւ ընդհանրապես տարածաշրջանի քաղաքականության առումով մեծամւոություն են դրսեւորում, ինչը իրենց առավելապես վնասում է, քան օգնում:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Ժամանակ»