Հատվածներ Հրազդանի վերընտրված գործող քաղաքապետ` Հանրապետականի թեկնածու Արամ Դանիելյանի հետ հարցազրույցից:
Գոհունակությամբ պետք է ասեմ, որ ընտրություններն անցել են Ընտրական օրենսգրքին համապատասխան, առանց միջադեպերի, մարդիկ հանգիստ պայմաններում գնացել եւ քվեարկել են իրենց նախընտրած թեկնածուի օգտին։ Իհարկե, ձայների տարբերությունը կարող էր եւ ավելի մեծ լինել, եւ այդ առումով շատ էլ բավարարված չեմ ընտրությունների արդյունքներով։
… Ինչ վերաբերում է իմ մրցակցի «հաղթանակին», առիթ ունեցել եմ ասելու, որ վերջին խորհրդարանական ընտրություններում նա ընդամենը 235 քվեով էր առաջ անցել երկրորդ տեղը գրաված թեկնածուից։ Եթե 1600 ձայնի տարբերությունը չեն տեսնում կամ թվաբանության հետ կապված խնդիրներ ունեն` ոչնչով չեմ կարող օգնել։
Իրականությունն այն է, որ Հանրապետականի տարածքային կազմակերպությունը հաղթեց «միացյալ ընդդիմությանը», եւ սա այն դեպքում, երբ ՀԱԿ-ը ամիսներ շարունակ նախապատրաստվում էր այս ընտրություններին, ընդդիմադիր թերթերով պախարակում մեզ, գովերգում իրենց թեկնածուին` «մոռանալով» խոսել քաղաքի խնդիրների մասին։ Երեւի կարծում էին, թե քաղաքապետի պաշտոնը քաղաքականացնելով` կհասնեն իրենց նպատակին, դրա համար էլ քարոզարշավի ժամանակ ոչ մի ծրագիր առաջ չքաշեցին, չասացին` մեր ծրագրերն ավելի լավն են, քան գործող քաղաքապետինը, կամ այսինչ բանը մենք ավելի լավ կանենք։
Բայց այդպես չեղավ, եւ եթե այդքանից հետո համարում են, որ հաղթել են` իրենց խնդիրն է։ Իմ տեսակետը մնում է անփոփոխ` համայնքապետի ընտրությունը պետք չէ քաղաքականացնել. տեղական մարմինները պետք է զբաղվեն տեղական խնդիրներով եւ լուծեն քաղաքին վերաբերող հարցեր։
Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ
Կարդացեք նաև
«Հայոց աշխարհ»