Ընտրությունն, իհարկե, ցանկացած դեպքում Օսկանյանինն է։ Սակայն հարց է առաջանում՝ ինչո՞ւ է նա այս պահին համոզված, որ ԲՀԿ-ն ունակ է իրական փոփոխություններ կատարելու պետական եւ հանրային կյանքում։ Դրա համար այս պահին արտաքուստ որեւէ նախադրյալ չկա։ Պատահական չէ, իհարկե, որ Օսկանյանը ԲՀԿ-ն անդամակցելու որոշումը կայացնում է կոալիցիոն հերթական խորհրդակցությունից հետո, որի ընթացքում որոշում է կայացվել խորհրդարանական ընտրություններին գնալ առանձին ցուցակներով՝ պահպանելով ազնիվ ու կոռեկտ մրցակցության կանոնները։ Երբ կարծես թե չի արծարծվում ո՛չ կոալիցիոն միասնական ցուցակի, ո՛չ էլ առավել եւս 2013-ի նախագահական ընտրություններում Սերժ Սարգ֊սյանի թեկնածությունը ներկայիս կոալիցիոն ձեւաչափով պաշտպանելու պահանջի հարցը, ԲՀԿ-ի ինքնուրույնությունը շատ ավելի է ընդգծվում եւ Օսկանյանի բացատրություններն էլ թվում են հիմնավոր ու համոզիչ: Բայց եթե այդպես է, ինչո՞ւ չի հայտարարվում, թե այլեւս ուժի մեջ չէ 2011թ. փետրվարի 17-ին ստորագրված կոալիցիոն հայտարարությունը։ Ընդհակառակը՝ ՀՀԿ մամուլի խոսնակ, համատեղությամբ նաեւ ԱԺ փոխնախագահ Էդուրադ Շարմազանովը մինչեւ հիմա էլ պնդում է, թե կոալիցիան համախմբված է նախագահ Սերժ Սարգսյանի շուրջը։ Իսկ ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը հայտարարում է, թե կոալիցիայի կայացրած ներկայիս որոշումը ոչ միայն չի հակասում 2011-ի հայտարարությանը, այլեւ նույնիսկ դրա շարունակությունն է։ Հարց է առաջանում՝ Օսկանյանը, որպես ԲՀԿ անդամ, իրեն համախմբված համարո՞ւմ է Սերժ Սարգսյանի շուրջը, պաշտպանո՞ւմ է նրա վարած ներքին ու արտաքին քաղաքականությունը, որոնք բազմիցս քննադատել է։ Կամ՝ արդյոք նա ընդունո՞ւմ է հայտարարության այն դրույթը, թե կոալիցիոն կուսակցությունները միմյանց դեմ չեն մրցակցելու եւ չեն փոխելու ուժերի հարաբերակցությունը խորհրդարանում։ Եթե այս նախապայմանը դեռ ուժի մեջ է՝ ապա ինչո՞ւ է նա համոզված, որ իրականում հարաբերակցությունը փոխելու խնդիր կա դրված։
Գեւորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ
«Երկիր»