Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Խոջալուն» պաշտոնական Բաքվի շահարկումների քաղաքական կապիտալն է

Փետրվար 15,2012 10:22

Ադրբեջանում սկսվել է ավանդական հակահայկական քարոզարշավը` կապված. Խոջալու բնակավայրի /գյուղ ԼՂՀ տարածքում, 1992թ դեպքերի հետ, երբ վերջինս 1988-90թթ. Ադր.ԽՍՀ-ի կողմից ակտիվորեն բնակեցվում էր, մասնավորապես, Ուզբեկստանի Ֆերգանայի հովտի թուրք-մեսխեթներով: Ընդսմին, պաշտոնական քարոզչությունը չի խորշում ոչ մի միջոցից, նպատակ ունենալով հայկական կողմին ի ցույց դնել որպես ողբերգության մեղավոր և համաշխարհային հանրության գիտակցությանը և սեփական ժողովրդի կարծիքին ներարկել հայատյացության թույնի  մի նոր չափաբաժին:

1992թ. փետրվարի 25-26-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները կազմակերպեցին մարտական գործողություն` նպատակ ունենալով ապաշրջափակել Խոջալու բնակավայրի մոտակա օդանավակայանը և վնասազերծել հակառակորդի` հենց Խոջալույում գտնվող կրակակետերը, որտեղից 1991թ. գարնանից ի վեր ԼՂՀ բնակավայրերը ադրբեջանական օմօնականների կողմից պարբերաբար ենթարկվում էին հարձակումների, «Ալազան» և «Կրիստալ»  տեսակի կայանքների և «Գրադ» տեսակի ռեակտիվ համազարկային կայանքի կանոնավոր հրետակոծումների: Նախքան Խոջալուի կրակակետերի ոչնչացումը սպանվել էին ավելի քան 20 հայազգի խաղաղ բնակիչներ, մոտակա կոլտնտեսային և անհատական հողատարածքներից  առևանգվել` հարյուրավոր մարդիկ, քշվել` հազարավոր գլուխ խոշոր և փոքր եղջերավոր անասուններ:

Շարունակվող շրջափակման, մեծ թվով փախստականների, վառելիքի բացակայության, ձեռնարկությունների հարկադիր պարապուրդի, միջշրջանային ճանապարհների պաշարման և այլ պատճառներով ԼՂՀ-ում, և մասնավորապես, մայրաքաղաք Ստեփանակերտում ստեղծված իրավիճակը գնալով` ավելի էր վատթարանում, սպառվել էին սննդամթերքը, դեղորայքը, վառելիքը, որի հետևանքով օդանավակայանի ապաշրջափակումը և Խոջալույում հակառակորդի կրակակետերի վնասազերծումը հույժ կարևոր քայլ էր  Լեռնային Ղարաբաղի բնակչության ֆիզիկական գոյատևման համար, որին Ադրբեջանը փորձում էր  դատապարտել կործանման:

Խոջալուի ռազմական բազայի չեղոքացման անհրաժեշտությունը, մասնավորապես, թելադրված էր այնտեղ կենդանի ուժի և հարձակողական զենքի կենտրոնացման փաստով: Ադրբեջանի իշխանությունները Խոջալու էին տեղափոխել ՕՄՕՆ-ի բազմաքանակ  ստորաբաժանումներ, բացի դրանից Խոջալույում հաստատվել էին Ադրբեջանի Ազգային ճակատի մարտիկները: ԼՂՀ ղեկավարությունը պարտավոր էր կասեցնել Ադրբեջանի զինված ուժերի կողմից պատրաստվող` հայկական Ասկերան շրջկենտրոնի, այնուհետև`  Ստեփանակերտի գրոհի գործողությունը:

Խոջալուի ազատագրման և օդանավակայանի ապաշրջափակման մարտական գործողությունը սկսվեց 1992թ. փետրվարի 25-ին, ժամը 23:30-ին և ավարտվեց փետրվարի 26-ին, ժամը 3-ին: ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի ստորաբաժանումները խաղաղ բնակչության համար թողեցին միջանք` մարտական գործողությունների գոտուց անվտանգ հեռանալու համար, ինչի մասին ադրբեջանական կողմը նախօրոք զգուշացվել էր: Միջանցքը ձգվում էր Խոջալուի արևելյան ծայրամասից դեպի հյուսիս-արևելք, Կարկառ գետի հունի երկայնքով և քաղաքի հյուսիսային ծայրամասից դեպի հյուսիս-արևելք: Սակայն ադրբեջանական իշխանությունները ոչինչ չձեռնարկեցին մարտական գործողությունների գոտուց խաղաղ բնակչությանը տարհանելու համար:

Խոջալուի մարտական գործողության ընթացքում ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը ազատեցին 13 հայ ռազմագերի, այդ թվում` 1 երեխա և 6 կին, որպես ռազմավար վերցրին 2 «Գրադ» MM-21 տեսակի ռեակտիվ համազարկային կայանք,  «Ալազան» տեսակի 4 կայանք, մեկ 100մմ հաուբից և 3 միավոր զրահատեխնիկա: ԼՂՀ «Արցախ» փրկարարական ծառայությունը Խոջալույում և նրա մերձակայքում հայտնաբերեց խաղաղ բնակիչների 11 դի: Տարածքը, ուր հետագայում նկարահանվել էին կադրեր` բազմաթիվ սպանվածների մարմիններով, գտնվում է Աղդամ քաղաքից 3կմ  և Խոջալուից 11կմ հեռավորության վրա, և մինչև ընդհուպ 1993թ. ամռանը Աղդամի անկումը, գտնվում էր ադրբեջանական կազմավորումների մշտական վերահսկողության տակ, ինչը բացառում է այնտեղ ղարաբաղյան բանակի  ստորաբաժանումների մուտքը:

ԼՂՀ իշխանությունները Խոջալուի կրակակետերի ճնշմանն ուղղված գործողության նախապատրաստման մասին նախօրոք, դեռևս 2 ամիս առաջ,տեղեկացրել էին ադրբեջանական կողմին, ինչը բազում անգամ հաստատվել էր նաև Ադրբեջանի պաշտոնական անձանց կողմից, մասնավորապես, այն ժամանակ նախագահ Այազ Մութալիբովի կողմից: Սակայն խաղաղ բնակիչների շարասյունը, ինչպես վերը նշվել է, գնդակահարվել էր Աղդամի մատույցներում, ԼՂՀ և Ադրբեջանի Աղդամի շրջանի միջև ընկած սահմանին, ինչն ավելի ուշ հաստատել է Մութալիբովը` այդ հանցավոր ակտը կապելով իրեն իշխանությունից հեռացնելուն ուղղված` ընդդիմության փորձերի հետ, տեղի ունեցածի համար ամբողջ պատասխանատվությունը դնելով նրա վրա:

Հետագայում տարածվեցին ադրբեջանցի օպերատոր Չինգիզ Մուստաֆաևի կողմից նկարահանված կադրեր, ում նաև թույլատրել էին մուտք գործել  հայ և ադրբեջանցի զոհված անձանց փոխանակման վայր: Հայտնի է, որ Մուստաֆաևը նկարահանումները իրականացրել է երկու անգամ` երկու օրվա տարբերությամբ: Ֆիլմից երևում է, որ երկրորդ նկարահանման ժամանակ որոշ դիակներ այլանդակվել էին:

1992թ. մարտի 2-ին զանգվածային սպանությունների վայր կատարած երկրորդ թռիչքի ժամանակ լրագրողները նկատել էին, որ գետնին գտնվող դիակների դիրքը և նրանց վնասվածքների ու վերքերի աստիճանը, առաջին զննման հետ համեմատած, ապշեցուցիչ կերպով փոփոխվել է: Եվ դա այն տարածքում, որը մինչ 1993թ. ամառը ամբողջությամբ վերահսկվում էր Ադրբեջանի Ազգային ճակատի կողմից: Հենց այս փաստն են ջանադրաբար թաքցնում  ադրբեջանական քարոզիչները: Միանգամայն ակնհայտ է, որ մարմինների դիրքը փոփոխվել էր կատարվածի ամբողջ մեղքը հայկական կողմի վրա բարդելու նպատակով, ստեղծելով այն բանի տեսլականը, թե խոջալուեցիները սպանվել են  հայկական կողմից արձակված կրակոցներից:

Տվյալ հանգամանքը այնքան էր ապշեցրել Մուստաֆաևին, որ նա դրա մասին անձամբ տեղեկացրել է անձամբ նախագահ Մութալիբովին, որն այդ ժամանակ արդեն ակնհայտորեն կռահում էր ողբերգության պատճառները: Մութալիբովը պատասխանեց հիրավի մարգարեական խոսքերով. «Չինգիզ, ոչ մեկին ոչ մի բառ չասես այն մասին, թե նկատել ես, որ ինչ-որ բան այն չէ: Հակառակ դեպքում քեզ կսպանեն»:

Կասկածելով, թէ կատարվածը հայկական կողմի ձեռքի գործն է, Մուստաֆաևը սկսեց անկախ հետաքննություն: Սակայն Մոսկվայի «ДР-Пресс» տեղեկատվական գործակալությանը խոջալուեցիների դեմ տեղի ունեցած հանցանքներին ադրբեջանական կողմի հնարավոր մասնակցության մասին իր տված տեղեկատվությունից հետո, լրագրողը սպանվեց Աղդամից ոչ հեռու, չպարզված հանգամանքներում:

Ի դեպ, նույն ճակատագրին արժանացավ նաև դաշտային հրամանատար Ալա Յակուբը, որը անզգուշություն էր ունեցել հայտարարելու, թե «… ինքը կարող էր լույս սփռել Նախիջևանիկի մոտ /Խոջալուի մերձակա հայկական գյուղ/ տեղի ունեցած սպանդի վրա, ինչպես նաև, էական մանրամասներ հայտնել պետական գործիչներին տեղափոխող ուղղաթիռի` վերջերս Ղարաբաղի օդային տարածքում կործանվելու մասին», որի պատճառով էլ 1993թ. ամռանը իշխանության եկած Ադրբեջանի Ազգային ճակատը ձերբակալեց նրան և բանտախցում մահվան հասցրեց…

Չեխ լրագրող Յանա Մազալովան, որը ադրբեջանցիների անուշադրության հետևանքով  հայտնվել էր մամուլի ներկայացուցիչների երկու խմբերում էլ, որոնց ցուցադրել էին  «հայերի կողմից սրբապղծված դիակները», նկատեց վերջիններիս վիճակի էական տարբերություններ: Իրադարձություններից անմիջապես հետո լինելով տեղում ` Մազալովան դիակների վրա ոչ մի վայրագության հետքեր չէր տեսել: Իսկ ահա երկու օր անց լրագրողներին ցուցադրվեցին արդեն նկարահանումների համար  «պատրաստած»` այլանդակված մարմինները:

Խոջալուի կրակակետերի ճնշման մարտական գործողության որոշ մանրամասնություններ առ այսօր պատված են մթության քողով, ինչն էլ ակտիվորեն շահարկում է պաշտոնական Բաքուն` իր քաղաքական նպատակներին հասնելու համար: Ղարաբաղյան հիմնախնդրի համատեքստում  «Խոջալուի» թեման շարունակում է մնալ ադրբեջանցիների ներքին և արտաքին տեղեկատվական, ավելի ճիշտ, ապատեղեկատվական քաղաքականության անկյունաքարերից մեկը: Այնինչ Խոջալուի իրադարձությունների շուրջ ադրբեջանական որոշ բարձրաստիճան պաշտոնյաների, իրավապաշտպանների, լրագրողների և հենց Խոջալուի բնակիչների կողմից արված արտահայտություններն ու գնահատականները ամբողջովին հերքում են Բաքվի ստահոդ վարկածները:

Այսպես, ադրբեջանցի  իրավապաշտպան Արիֆ Յունուսովը գրում է.«Քաղաքը և նրա բնակիչները գիտակցաբար զոհ են  մատուցվել  քաղաքական նպատակին» (ադրբեջանական «Զերկալո» թերթ, 1992թ. հուլիս):

Թամերլան Կարաևը, որը  ժամանակին Ադրբեջանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահն էր, վկայում է. «Ողբերգությունն իրականացրել են Ադրբեջանի իշխանությունները», կոնկրետ` <<վերևում նստածներից մեկը» (ադրբեջանական «Մուխալիֆաթ» թերթ, 1992թ. ապրիլի 28):

Ինքը` Հեյդար Ալիևն է խոստովանել, որ Խոջալուի դեպքերի «մեղավորը նաև Ադրբեջանի նախկին ղեկավարությունն է»: Դեռևս 1992թ. ապրիլին նա, համաձայն «Բիլիք-Դունյասը» գործակալության հաղորդագրության, արտահայտեց ցինիզմի հրեշավոր մի միտք. «Արյունահեղությունը մեր  օգտին է լինելու: Մեզ պետք չէ միջամտել դեպքերի ընթացքին»:

Ավելի ուշ, երբ  արդեն իշխանության ղեկին էին Ազգային ճակատի ներկայացուցիչները, իր ձերբակալությունից քիչ առաջ Ադրբեջանի նախկին ազգային անվտանգության նախարար Վագիֆ Հուսեյնովը, ակնարկելով Բաքվի ԱԱՃ-ի որոշ քաղաքական գործիչների, հայտարարեց, որ «1992թ. Բաքվի հունվարյան իրադարձությունները և Խոջալուի իրադարձությունները միևնույն մարդկանց ձեռքի գործն են»:

Վերը շարադրված փաստերը միանշանակ վկայում են այն մասին, որ Խոջալուի խաղաղ բնակիչների մահվան մեջ մեղավորը ադրբեջանական կողմն է, որը հրեշավոր հանցանք է գործել սեփական ժողովրդի հանդեպ` քաղաքական ինտրիգների պատճառով և հանուն իշխանական  պայքարի:

Հատկանշական է, որ տարեցտարի աճում է ադրբեջանական կողմից հայտարարվող` զոհերի թիվը: Խոջալուի կրակակետերի ճնշումից մի քանի օր անց ադրբեջանական պաշտոնատար անձինք հայտնեցին զոհվածների թիվը` 100 սպանված,  մեկ շաբաթ անց` 1234. խորհրդարանական հանձնաժողովը «ճշգրտեց»  այն` 450. Հեյդար Ալիևի կողմից արձակված` «ադրբեջանցիների ցեղասպանության» վերաբերյալ հրամանագրում արդեն խոսվում էր հազարավոր սպանվածների մասին:

Այնինչ, Խոջալուի գործողության իրականացման պահին այդքան խաղաղ բնակիչներ այնտեղ չեն եղել, ինչը, ի դեպ, հավաստում են նաև ադրբեջանական պաշտոնական աղբյուրները: Խոջալուի մոտավորապես 2-2.5 հազար բնակիչների, այսինքն նրանց, ովքեր իրականում ապրում էին բնակավայրում, այլ ոչ թե գրանցված էին այնտեղ` վերջինիս քաղաքի կարգավիճակ տալու նպատակով ծավալված հախուռն շինարարության ընթացքում, մեծ մասը լքել էին բնակավայրը նախօրոք:

Այսպես, 1993թ. ապրիլի վերջին Պրահայում ԵԱՀԽ համաժողովում ԱՀ ԱԳՆ կողմից  տարածվեց թիվ 249 փաստաթուղթը, որը կոչվում էր «Ղարաբաղի վերին հատվածում գտնվող և  հայկական զինված ուժերի կողմից գրավված ադրբեջանաբնակ և խառը գյուղերի ցուցակ»: Այդ փաստաթղթի «Խոջալու» անվանման դիմաց գտնվող «բնակչություն» սյունակում նշված էր 855 թիվը:

1992թ. մարտի առաջին տասնօրյակում ադրբեջանցի լրագրողներ Իլյա Բալախանովան և Վուգար Խալիլովը «Մեմորիալ» իրավապաշտպան կենտրոնի գրասենյակ բերեցին խոջալուեցիների մահվան վայրի նկարահանումների մի տեսաերիզ, որը բաքվեցի հեռուստալրագրողներ էին պատրաստել անմիջապես դաշտի վերևում պտտվող ռազմական ուղղաթիռից: Փաստացի գրասենյակում բոլոր գտնվողները համաձայնվեցին, որ տեսաերիզում պատկերված զոհերի թիվը չի գերազանցում 50-60 հոգուց:

Հարկ է նաև նշել, որ ԼՂՀ արտաքին գործերի նախարարության կողմից մերկացվել է ադրբեջանական մի շարք կայքերում, այդ թվում` Ադրբեջանում հարգված «Հեյդար Ալիևի հիմնադրամի» կայքէջում դրված կեղծ լուսանկարը, որն իբր թե վկայում է Խոջալույում ադրբեջանցիների զանգվածային սպանությունների մասին: Իրականում սակայն լուսանկարը անմիջական կապ ունի Կոսովոյի իրադարձությունների հետ: Բանից անտեղյակ  մարդկանց մոլորության մեջ գցելու նպատակով ադրբեջանական քարոզչության կողմից օգտագործվում են նաև այլ բացահայտ կեղծիքներ, մասնավորապես, Թուրքիայում քրդական ջարդերի զոհերի լուսանկարներ:

Իր հրաժարականից մեկ ամիս անց Մութալիբովը չեխ լրագրող Դանա Մազալովային տվեց հարցազրույց, որը հրապարակվեց «Նեզավիսիմայա գազետա» թերթում: Խոսելով Խոջալուի մասին, Մութալիբովը նշեց, «Ինչպես պատմում են այն խոջալուեցիները, ովքեր փրկվել են,  այդ ամենը կազմակերպվել էր նրա համար, որպեսզի պատճառ լիներ իմ հրաժարականի համար: Ինչ-որ  ուժ էր գործում նախագահին վարկաբեկելու համար: Ես չեմ կարծում, թե հայերը, ովքեր շատ հստակ և բանիմացությամբ են վերաբերվում նման իրավիճակներին, կարող էին թույլ տալ, որ ադրբեջանցիները ձեռք բերեն նրանց ֆաշիստական գործողությունների մեջ մերկացնող փաստաթղթեր… Դատողությունների ընդհանուր շղթան այն է, որ միջանցքը, որով մարդիկ կարող էին հեռանալ, հայերի կողմից այնուամենայնիվ թողնվել էր: Այդ դեպքում նրանց ինչի՞ն էր պետք կրակել: Մանավանդ,  Աղդամին հարող տարածքում, որտեղ այն ժամանակ կային բավականաչափ ուժեր, որպեսզի դուրս գային և օգնեին մարդկանց»:

Գրեթե 10 տարի անց Ադրբեջանի նախկին նախագահը հաստատեց իր միտքը «Նովոյե վրեմյա» թերթին տված հարցազրույցում. «Ակնհայտ էր, որ խոջալուեցիների գնդակահարությունը ինչ-որ մեկի կողմից կազմակերպվել էր Ադրբեջանում իշխանափոխություն կատարելու համար»:

«Մոնիտոր» անկախ թերթի ադրբեջանցի լրագրող Էյնուլա Ֆաթուլաևը 2005թ. փետրվարին 10 օր անցկացրեց ԼՂՀ-ում, ինչի մասին պատմեց իր նյութերում և հարցազրույցներում: Նա նույնիսկ իրեն թույլ տվեց կասկածել Խոջալուի մի խումբ բնակիչների մահվան մասին Բաքվի պաշտոնական վարկածի մեջ, «… Մի քանի տարի առաջ Նաֆթալանում ես հանդիպեցի ժամանակավոր այնտեղ ապրող խոջալուեցի փախստականների հետ, որոնք բացեիբաց խոստովանեցին ինձ… որ դեռևս հարձակումից մի քանի օր առաջ հայերը անընդհատ բարձրախոսներով զգուշացնում էին բնակչությանը` ծրագրվող գործողության մասին, առաջարկում էին քաղաքացիական բնակչությանը` լքել բնակավայրը և շրջափակումից դուրս գալ մարդասիրական միջանցքով, Կարկառ գետի  երկայնքով: Իրենց իսկ` խոջալուեցիների խոսքերով, իրենք օգտվել էին այդ միջանցքից և իրոք միջանցքից այն կողմ գտնվող հայ զինվորները կրակ չեն բացել նրանց վրա… Ծանոթանալով աշխարհագրական տեղանքին, ես լիովին համոզված եմ, որ հայկական միջանցքի բացակայության մասին ենթադրությունները անհիմն են: Միջանցքը իրոք կար, հակառակ դեպքում, ամբողջովին շրջափակված և արտաքին աշխարհից մեկուսացված խոջալուեցիները ոչ մի կերպ չէին կարող ճեղքել օղակը և շրջափակումից դուրս գալ: Սակայն հաղթահարելով Կարկառ գետից այն կողմ ընկած տեղանքը,  փախստականների շարանը մասնատվել է, և չգիտես ինչու, խոջալուեցիների մի մասն ուղղվել է  Նախիջևանիկի կողմը: Երևում է, ԱԱՃ գումարտակները հետամուտ էին ոչ թե  խոջալուեցիների ազատագրմանը, այլ դեպիԱ. Մութալիբովի տապալում տանող ճանապարհի մեծ արյան »:

Ղարաբաղից Ֆատուլաևի առաջին տեսանյութը «Մոնիտորում» հրապարակվելուց մի քանի օր հետո, 2005թ. մարտի 2-ն, Բաքվում, իր սեփական տան շեմին անհայտ անձի կողմից գնդակահարվեց թերթի խմբագիր Էլմար Հուսեյնովը: Ինքը` Էյնուլա Ֆատուլաևը, դատապարտվեց մի ամբողջ փունջ մեղադրանքների, այդ թվում` պետական դավաճանության համար…

ԱՀ պաշտպանության նախկին նախարար Ռահիմ Գազիևը նույնպես հավաստում է, որ Խոջալույում «Մութալիբովի համար թակարդ էր պատրաստված»: Դրանով իսկ խոջալուեցիների զանգվածային  սպանության կազմակերպիչները հասան միանգամից  երկու նպատակի. հեռացրին ԽՍՀՄ փլուզումից հետո ոչ պիտանի դարձած Ա. Մութալիբովին և ստացան անմարդկային մեթոդներով պատերազմ վարելու մեջ հայերին մեղադրելուն ուղղված աղմկահարույց արշավի պատրվակ: Ընդսմին, մի տեսակ  երկրորդ պլան մղվեց այն փաստը, որ փետրվարի 13-ից ադրբեջանական բանակը սկսեց «Գրադ»-ից մեթոդաբար ավերել 55-հազարանոց Ստեփանակերտը և  հարակից հայկական մյուս բնակավայրերը:

Helsinki Watch-ի 1992թ. ապրիլի 28-ի հարցազրույցում Խոջալուի բնակչուհիներից մեկն ասել է. «Հայերը ներկայացրել էին վերջնագիր… որ Խոջալուի բնակիչների համար ավելի լավ կլինի քաղաքից հեռանալ սպիտակ դրոշով: Ալիֆ Հաջիևը (Խոջալուի պաշտպանության ղեկավարը) այդ մասին մեզ հայտնեց փետրվարի 15-ին (գրոհից 10 օր առաջ), բայց դա չվախեցրեց ինձ և մյուսներին: Մենք երբեք չենք հավատացել, որ նրանք կկարողանան գրավել Խոջալուն»:

Այնուամենայնիվ, այդ նախազգուշացումների արդյունքում Խոջալուի խաղաղ բնակչության մեծ մասը, տեղյակ լինելով պատրաստվող գրոհի մասին, նախապես տեղափոխվեցին անվտանգ վայր: Խոջալուից զանգվածային տարհանումը լայնորեն լուսաբանվում էր ադրբեջանական ռադիոյով և հեռուստատեսությամբ: Ըստ որում, ադրբեջանական մամուլը նպատակաուղղված ձևով բացասական վերաբերմունք էր ձևավորում ավանը լքող խոջալուեցիների նկատմամբ և անընդհատ անարգանքի սյունին գամում նրանց: Նշենք, որ քաղաքի վերածված Խոջալուն առաջին հերթին լքում էին հենց բռնի ուժով այնտեղ վերաբնակեցված մարդիկ, հիմնականում թուրք-մեսխեթները, չնայած նրան, որ վերջիններիս համար անընդհատ խոչընդոտներ էին ստեղծվում: Ավելին, հայկական կողմից արդեն զգուշացված Խոջալուի քաղաքային վարչակազմը բնակչության տարհանման համար օգնություն էր խնդրում, բայց ապարդյուն: Այսպես, Խոջալույի քաղաքապետը մոսկովյան «Մեգապոլիս-էքսպրես» թերթին տված հարցազրույցում նշել է, որ «քաղաքի գրավման գործողության մասին տեղեկություններ ստանալուց հետո, ես խնդրեցի Աղդամից ուղղաթիռներ ուղարկել ծերերի, կանանց և երեխաների փոխադրման համար: Մեզ վստահեցնում էին, որ ապաշրջափակման գործողություն է պատրաստվում: Բայց օգնություն այդպես էլ չցուցաբերեցին»: Իսկ Ադրբեջանի ազգային ճակատի Աղդամի բաժանմունքի վարչության անդամ Ռ. Հաջիևը պնդում էր, «Մենք կարող էինք օգնել խոջալուեցիներին, կային և ուժեր, և հնարավորություն: Սակայն հանրապետության ղեկավարները ցանկանում էին ժողովրդին ցույց տալ, որ իրենք ուժ չունեն և նորից օգնության կանչեն ԱՊՀ բանակին, նրա օգնությամբ ճնշելով նաև  ընդդիմությանը»:

Ինչպես տեսնում ենք, Խոջալուի բնակիչները ուղղակի թողնվել էին բախտի քմահաճույքին, դեռ ավելին,, նրանց վիճակվելու էր դառնալ իշխանական պայքարի զոհեր:

Այնուամենայնիվ, մարտական գործողությունից առաջ Խոջալուի քաղաքացիական բնակչության մի մասը լքել էր բնակավայրը, և 1992թ. փետրվարի վերջերին տարբեր աղբյուրների տեղեկությամբ այստեղ մնացել էին 1000-ից մինչև 2500 մարդ, որոնց նշանակալի մասը կազմում էին ադրբեջանական զինված կազմավորումները: «Մեմորիալ» իրավապաշտպան կենտրոնի դիտորդները Խոջալուի ավերածությունների զննման ժամանակ հաստատեցին հրետակոծության, այլ ոչ թե համառ փողոցային մարտերի փաստը, որոնց արդյունքում կարող էին ավելի շատ զոհեր լինել: Պետք է նաև նշել, որ համաձայն ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի պահվածքը կարգավորող համապատասխան հրամանի, խստորեն արգելված էին բռնարարքները հակառակ կողմի խաղաղ բնակչության հանդեպ:

Խոջալույում մնացած բոլոր խաղաղ բնակիչները տեղափոխվել էին Ստեփանակերտ, իսկ մի երկու օր անց, իրենց կամքի համաձայն, առանց որևէ նախապայմանների առաջադրման` հանձնվել էին ադրբեջանական կողմին: Խոջալուի բնակիչներին Ադրբեջանին կամավոր հանձնելու փաստը, մանրազնին հետաքննությունից հետո, հաստատվեց Մոսկվայի «Մեմորիալ» իրավապաշտպան կենտրոնի միության եզրակացության մեջ, ինչպես նաև այդ մասին վկայություն տրվեց  պետերբուրգցի լրագրող Սվետլանա Կուլչիցկայայիի վավերագրական ֆիլմում:

Գործողության ավարտից հետո «Արցախ» հանրապետական փրկարարական ծառայության ջոկատները Խոջալույում և նրա մերձակայքում, բացի զինված ջոկատների զինվորական համազգեստով անդամներից, հայտնաբերել էին 11 քաղաքացիական անձանց դիակներ, այդ թվում մեկ երեխայի և չորս կանանց: Այսպիսով, քողազերծվում են ադրբեջանական կողմի պնդումները, այսպես կոչված, Խոջալուի ադրբեջանական խաղաղ բնակչության զանգվածային  ոչնչացման մասին: Այդ մասին են վկայում նաև ադրբեջանական զինվորականների ռադիոբռնումները Աղդամում, որոնք հետագայում հրապարակվել են հենց  ադրբեջանական ԶԼՄ-ներում:

Մոսկովյան «Մեմորիալ» իրավապաշտպան կենտրոնի զեկուցագրում նշվում է, որ Աղդամում, որտեղ գտնվում էին բոլոր փախստականները, անց է կացվել 181 դիակների (130 արական սեռի, 51 իգական սեռի, այդ թվում նաև 13 երեխաների) պետական դատաբժշկական փորձաքննություն:Փորձագետների եզրակացությունից հետևում է, որ 151 մարդու մահվան պատճառ էր հանդիսացել հրազենային վիրավորումը, 20 մարդունը` բեկորային վիրավորումը, 10 մարդունը` բութ առարկայով հասցված հարվածը: ԼՂՀ  պաշտոնական մարմինները դիտորդներին հայտնեցին, որ իրենց կողմից Աղդամ են հանձնվել մոտ 130 դիակներ (Խոջալուի և Նախիջևանիկի մոտ բոլոր զոհվածները), որոնցից 96-ը հուղարկավորվել էին Աղդամում, իսկ մնացածներին տարել էին հարազատները:

Տարբեր աղբյուրների տվյալների համադրումը, այդ թվում`ադրբեջանական, համոզիչ կերպով ցույց է տալիս, որ ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը չէին ծրագրել և, առավել ևս, ոչ մի գործողություն չէին ձեռնարկել Խոջալու բնակավայրի քաղաքացիական բնակչության զանգվածային ոչնչացման ուղղությամբ:

Հարկ է նշել նաև, որ փետրվարի 26-ին Խոջալույում պահվում էին 47 հայազգի ռազմագերիներ, սակայն գործողության ավարտից հետո այնտեղ մնացել էին միայն 13 հոգի (նրանց թվում մեկ երեխա և վեց կին), մնացած 34-ը ադրբեջանցիների կողմից տարվել էին անհայտ ուղղությամբ և չկան տեղեկություններ այն մասին, որ իրոք նրանք հետագայում գտնվել են ադրբեջանական գերեվարության մեջ:

Ընդհանրացնելով վերը նշվածը, կարելի է արձանագրել, որ Խոջալուի բնակիչները դարձել էին Բաքվի իշխանությունների կեղտոտ խաղերի պատանդները, որոնք այնուհետև այդ ողբերգությունը վերածեցին շահարկային քաղաքական կապիտալի: Խոջալուի բնակիչների նկատմամբ ադրբեջանական իշխանությունների կողմից կատարված դավաճանությունը  պաշտոնական Բաքուն փորձում է ներկայացնել որպես հայերի վրեժխնդրություն` Սումգայիթում կազմակերպված արյունալի խրախճանքի համար: Ընդ որում, ամբողջ քարոզչությունն իրականացվում է վառ արտահայտված անվանարկումներով և հայերի դեմ ուղղված էթնիկ անզսպության և ատելության շիկացմամբ: «Խոջալու» խաղաքարտը կանոնավոր կերպով խաղարկելով` պաշտոնական Բաքուն փորձում է միջազգային հանրության ուշադրությունը շեղել Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում, Խանլարում և Ադրբեջանի /որի ողջ տարածքով մեկ փաստորեն բացեիբաց իրականացվում էր հայերի բնաջնջում/ այլ բնակավայրերում, ինչպես նաև ԼՂՀ սահմանամերձ բնակավայրերում, մասնավորապես, Մարաղա գյուղում /ուր 1992թ. ապրիլին ներխուժած ադրբեջանական կանոնավոր բանակի ստորաբաժանումները գազանաբար հաշվեարդար տեսան մոտ 100 խաղաղ բնակիչների նկատմամբ/ կազմակերպված հայկական կոտորածներից:

Ցավոք, համաշխարհային հանրության կողմից առ այսօր պատշաճ գնահատականի չեն արժանացել Ադրբեջանի կողմից կատարված այդ հանցագործությունները:

 ԼՂՀ ԱԳՆ տեղեկատվական վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829