Այսօր Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց ՀԱԿ ակտիվիստների դատավարությունը: Հիշեցնենք, որ ՀԱԿ երիտասարդները մեղադրվում են օգստոսի 9-ին Կարապի լճի մոտ ոստիկաննների հետ ընդհարվելու եւ նրանց նկատմամբ բռնություն կիրառելու մեջ:
Այսօր դատական նիստում Տիգրան Առաքելյանի ներկայությամբ ցուցմունքներ տվեց գործով տուժող ճանաչված ոստիկան Հայկ Նաջարյանը: Մինչ այդ նա ցուցմունք էր տվել առանց Տիգրանի ներկայության, քանի որ վերջինիս մի խոսքից վիրավորվելով` դատավոր Գագիկ Պողոսյանը նրան հեռացրել էր դատարանի դահլիճից:
Ըստ տուժողի, դեպքի օրը ինքը, տեսնելով քաշքշուկի մեջ մտած Տիգրանին, բղավել է` «Տիկո, հետ գնա, իմացի ինչ ես անում, դիմացդ ոստիկան ա»: Իսկ Տ. Սռաքելյանն իրեն ասել է`«Տո լավ, դո՞ւ ես
ոստիկանը»:
Կարդացեք նաև
Հայկ Նաջարյանը նախորդ ցուցմունքում ասել էր, որ միջադեպին մասնակցել են նաեւ աղջիկներ, որոնք նույնպես քաշքշել են իրեն ու ճանկռել: Մեղադրյալները հետաքրքրվեցին` ինչո՞ւ նրանց էլ բերման չենթարկեցիք, եթե ձեր օրինական գործողություններին խոչընդոտում էին: Տուժողի մեկնաբանությամբ` իրենք ձերբակալել են առավել ակտիվներին. «Աղջիկներին ի՞նչ ձերբակալեինք»: Իր խոսքում Հ Նաջարյանը պատմեց, որ գալով դեպքի վայր` գոռացել է` «Մի հատ հանգստացեք, բան մի արեք, մինչեւ տեսնենք ինչ ենք անում»: Պաշտպան Վահե Գրիգորյանը փորձեց իմանալ` ուրեմն այդ ի՞նչ վատ բան էին անում ոստիկանները, որ դուք հանգստության կոչ էիք անում: Տիգրան Առաքելյանը նշեց, որ այդ ժամանակ գետնին աքացիներով ծեծում էին ակտիվիստ Արտակ Կարապետյանին: Թեեւ վերջինս դեպքի օրը վառ դեղին հագուստով է եղել, բայց տուժող Հայկ Նաջարյանը վստահեցնում էր, որ չի նկատել ո՛չ նրան, ո՛չ էլ այն, թե ինչպես են նրան ոստիկանները ծեծել:
Հարցին, թե դեպքի օրը ոստիկանությունն ինչպիսի գործողություններ է կատարել` տուժողը պատասխանեց, որ դրանք եղել են օրենքի սահմաններում: Մինչ այդ նա պնդում էր, որ չի տեսել, թե կոնկրետ ինչ գործողություններ են կատարել իր գործընկերները` ձե՞ռք են բռնել, ծեծե՞լ են, թե՞ քաշքշել են:
Միջնորդությամբ դատավորը որոշեց հրապարակել տուժողի նախաքննական ցուցմունքը, քանի որ այն էականորեն տարբերվում էր դատաքննական ցուցմունքից:
Դատական նիստը հետաձգվեց մինչ փետրվարի 22-ը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ