Լրահոս
Օրվա լրահոսը

Բժիշկ Հովհաննես Մանվելյան. «Հո մենակ մե՞զ չեն սպանել ու բռնաբարել»

Փետրվար 14,2012 19:18

Ըստ բժիշկ Մանվելյանի` դեպրեսիան հատուկ է զարգացած երկրներին:

Այսօր մարդիկ դեպրեսիա բառը շատ են օգտագործում առանց լուրջ պատճառների: Մարդիկ մի օր վատ տրամադրություն են ունենում, արդեն իրենք իրենց ախտորոշում են դնում՝ դեպրեսիա: Այսօր «Հայացք» ակումբում նման կարծիք հայտնեց բժշկական համալսարանի նյարդաբանության ամբիոնի վարիչ Հովհաննես Մանվելյանը: Ըստ նրա, մի բանը կարող է մի մարդուն դեպրեսիայի մեջ գցել, մյուսին՝ երջանկացնել. «Տեսեք Եվրոպայում Դանուբը սառչել է, նավերը չեն կարողանում գնալ, իսկ երեխաների համար էյֆորեա է, նրանք երջանիկ սահում են: Ռուսներն էլ ասում են՝ երբ է գալու ձմեռը, որ մեզ երջանիկ զգանք»:

Մասնագետի խոսքերով՝ իրականում դեպրեսիան այն է, երբ տեւական ժամանակ  քնի, ախորժակի եւ տրամադրության անկում է լինում եւ սովորական բաներից մարդն այլեւս հաճույք չի ստանում: Իսկ ի՞նչն է պատճառը, որ եղանակային փոփոխությունների հետեւանքով մարդկանց մոտ տրամադրության փոփոխություններ են լինում` այս հարցին պարոն Մանվելյանը պատասխանեց, որ դա բարդ, գրեթե նոբելյան մրցանակին արժանի հարց է, բայց այնուամենայնիվ պատասխանեց. «Կան սեզոնային կախվածություն ունեցող հիվանդություններ՝ սիրտ-անոթային, հոգեբուժական, դա կենսառիթմերի փոփոխության արդյունք է: Բնության մեջ էլ է լինելու: Մի 2 շաբաթից կատուները սկսելու են ոռնալ, մլավել, ամբողջ գիշեր չթողեն քնենք: Դե պատկերացրեք, մենք օրինակ, կարողանում ենք մեր էմոցիաները թաքցնել, զսպել»: Մեր այն հարցին, արդյոք վտանգավոր չէ՞ նմանատիպ էմոցիաները զսպելն ու թաքցնելը, ասուլիսին ներկա հոգեբան Խաչատուր Գասպարյանն ասաց. «Եթե թաքցրած ագրեսիան,  էմոցիան վերածենք արվեստի, նշանակում է, որ թերապիան կատարված է, իսկ եթե դա պահեք,պահեք,պահեք, կարող է ձեր կողքիններին խանգարել»:

Ըստ բժիշկ Մանվելյանի, այսօր քաղաքակիրթ աշխարհի թիվ 1 խնդիրը դեպրեսիան է, եւ ամենադեպրեսիվ ազգը ճապոնացիներն են: Նրա ներկայացմամբ, որքան շատ է երկիրը զարգացած, այնքան դեպրեսիան շատ է. «Իսկ աֆրիկյան շատ պրիմիտիվ ցեղերում չգիտեն թե ինչ բան է դեպրեսիան: Դա կախված է կենսամակարդակից»: Aravot.am-ի հարցին, թե հաշվի առնելով Հայաստանի կենսամակարդակը, կարելի՞ է հայերին համարել երջանիկ, հոգեբանն ասաց. «Հակասական տվյալներ կան, մի հետազոտությամբ Հայաստանը երջանկության առումով գտնվում է ամենավերջին հատվածում, մեկ այլ տվյալներով էլ՝ ամենաերջանիկներից ենք, չգիտեմ ինչ չափանիշներով են որոշել: Իմ տպավորությամբ մենք այնքան էլ երջանիկներից չենք: Մենք դեպի անցյալը կողմնորոշված, տրավմատիկ հիշողություններով ապրող ազգ ենք: Տեսեք, ինչքան կարեւոր է մեզ համար գերեզմանը: Չենք ասում, մոռանալ գերեզմանները, պարզապես մատաղ սերնդին պետք է դաստիարակել երջանիկ ապրելու ձգտումով»: «Պատմության մեջ անընդհատ ասվում է եղեռնի մասին: Մի օր պետք է ասել՝ այ մարդ հո մենակ մեզ չեն սպանել ու բռնաբարել: Մենք էլ կարողացել ենք պայքարել, «Մուսա լեռան 40 օրը» ավելի շատ պետք է լուսաբանվի»,-հորդորեց Հովհաննես Մանվելյանը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829