Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դատավորը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը

Փետրվար 14,2012 18:54

Փետրվարի 14-ին   Իջեւանում կայացավ  2010թ. հուլիսի  27-ին    Բերդի տարածաշրջանի  «Մեհրաբներ» զորամասում զոհված  լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարության հերթական նիստը:  Ներկա էին գործով  5  ամբաստանյալները, մեղադրողներ Հայկ Հարոյանը եւ Հարություն Հարությունյանը, ամբաստանյալների պաշտպաններ  Հրանտ Գեւորգյանը, Լեւոն Պողոսյանը, Ալվարդ Մնացականյանը, տուժողի իրավաջորդ Ծովինար Նազարյանը , վերջինիս  ներկայացուցիչներ փաստաբան Մուշեղ Շուշանյանը,  իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը, բացակայում էր  պաշտպան Ազատ Շահբազյանը:

Դատավոր Սամվել Մարդանյանը հրապարակեց Արմավիրի մարզի Վաղարշապատի ոստիկանապետ  գնդապետ Խաչատրյանի տված տեղեկանքն  այն մասին, որ Գայ գյուղի բնակիչ Արման Նավասարդյանն անկողնային հիվանդ է, դատին  չի  կարող ներկայանալ, տեղեկանքին կցված էր հիվանդության էպիկրիզը: Դրանից հետո  ամբաստանյալ  կապիտան Հակոբ Մանուկյանի պաշտպան Հրանտ Գեւորգյանը միջնորդեց դատավոր Սամվել Մարդանյանին ինքնաբացարկ հայտնել: Դատարանում հրապարակված միջնորդության մեջ  Հրանտ Գեւորգյանը հայտարարեց, որ դատավորը կողմնակալ է,արդար դատաքննություն չի ապահովում, խոչընդոտում է քրեական գործի  համակողմանի քննությանը: Նրա միջնորդության մեջ նշված էր նաեւ առանց հիմնավոր պատճառների դատը Երեւանից Իջեւան տեղափոխելու   դատավորի միանձնյա որոշումը, դատարանում ապացույցների քննության  կարգը որոշելիս  պաշտպանների միջնորդությունների մերժումը, սակայն միջնորդության մեխը փետրվարի 7-ի նիստի ժամանակ դատավորի կայացրած որոշումն էր` հրապարակել քրեական գործով կարեւոր վկա Արման Նավասարդյանի նախաքննական ցուցմունքները: Պաշտպան Գեւորգյանն ասաց,որ  վկա Նավասարդյանը  հարցերի եւ ապացույցների Ճնշման տակ սկսել էր դատարանոմ ճիշտ ցուցմունքներ տալ: Ըստ Հ. Գեւորգյանի` վկա Նավասարդյանի նախաքննական ցուցմուքների հրապարակմամբ, դատավորը   խախտել է մարդու իրավունքների  եվրոպական կոնվենցիայի այն դրույթը, որով մեղադրվող անձն իրավունք ունի դատարանում հարցեր տալ իրեն դեմ վկայություն տվողին: Հրանտ Գեւորգյանի միջնորդությանը միացան նրա պաշտպանյալ Հակոբ Մանուկյանը, ամբաստանյալ լեյտենանտ  Վահագն Հայրապետյանը, նրա պաշտպան Լեւոն Պողոսյանը, ամբաստանյալ զինծառայողներ Հարութիկ Կիրակոսյանը, Ադիբեկ Հովհաննիսյանը, Մխիթար Մխիթարյանը, նրանց պաշտպան Ալվարդ Մնացականյանը, տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանը, նրա ներկայացուցիչներ փաստաբան Մուշեղ Շուշանյանը եւ իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը:

Մուշեղ Շուշանյանն ասաց, որ ըստ ՀՀ սահմանադրության`  Հայաստանում դատարաններն են արդարադատություն  իրականացնում, որ   դատարաններին նախաքննական ցուցմունքներ հաստատելու համար  նոտարական ֆունկցիաներ տրված չեն: Իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը հայտարարեց,որ  դատավոր Մարդանյանը դիտավորյալ է  Երեւանում կայացած նիստի ժամանակ կոնֆլիկտ ստեղծել, որպեսզի դատը Իջեւան տեղափոխի: Մեղադրող Հարություն Հարությունյանը հայտարարեց, որ վկա Արման Նավասարդյանը նախորդ նիստերի ժամանակ դատարանում որպես վկա ցուցմունքներ է տվել, պաշտպանները նրան հարցեր են տվել, որ  չեն սպառվել դատարանում նրան` որպես վկայի հարցեր տալու  հնարավորությունները:

Մեղադրողն ընդունեց, որ դատարանում Ա. Նավասարդյանի ցուցմունքները կրճատ են, հակասական, որի պատճառն այն է, որ դեպքից տարիուկես է անցել: Մեղադրողը դեմ էր դատավորի ինքնաբացարկին: Դատավոր Սամվել Մարդանյանն ինքնաբացարկի  միջնորդության վերաբերյալ որոշում կայացելու համար հեռացավ խորհրդակցական սենյակ: ժամը 17-ին դատավորը հրապարակեց իր որոշումը , բացարկի միջնորդությունը հիմնավոր չհամարելով` մերժեց այն:  Ի նշան բողոքի` Ծովինար Նազարյանը եւ նրա ներկայացուցիչները  լքեցին դատարանի դահլիճը: Դատավորը 15 րոպե ընդմիջում հայտարարեց,որից հետո նիստը  պետք է վերսկսվեր:

 

Ոսկան Սարգսյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829