Aravot.am-ի հետ զրույցում սաունաների ադմինիստրատորները հաստատեցին, որ Հայաստանում տղամարդկանց մեծամասնությունը դեռ շարունակում է մնալ այն կարծիքին, որ «նորմալ աղջիկը սաունա չի գնա» կամ՝ «նորմալ տղամարդը իր կնոջը սաունա չի տանի»: «Ժամանակակից հայ տղամարդիկ նախընտրում են «սաունաներում» լիցքաթափվել կամ ընկերներով, գարեջրով, կամ էլ՝ տղերքով՝ պլյուս մի երկու աղջիկ»,- այսպես պատասխանեց Երեւանում գործող ու VIP համարվող «սաունաներից» մեկի ադմինիստրատորը: Նա նշեց, որ չնայած հայաստանյան կարծրատիպերին՝ իրենց այցելուների մեջ կան աղջիկներ, որոնք էլ նրա խոսքով՝ «կնանիքով» են հավաքվում, մի մասը բացահայտելու համար, թե ինչ է «սաունա» կոչվածը, մի մասը ամուսնուց հետ չմնալու համար, կամ նրա ինադու, որոշներն էլ՝ իրենց որպես VIP «կնանիք» երեւակայելու համար:
Իսկ ինչու տղամարդիկ չեն գնում «սաունա» իրենց կանանց հետ. տղամարդկանց շրջանում անցկացրած հարցախույզը փաստեց, որ որոշների համար պարզապես պատվի հարց է. հայ տղամարդը սաունա կգնա միայն զվարճանալու համար, այն էլ՝ օտար կանանց հետ:
Զարմանալի է, բայց ավելի շատ 40-ն անց տղամարդիկ էին նորմալ վերաբերվում սեփական կանանց հետ «սաունա» գնալու փաստին:
Կանանց մեծամասնության դեպքում՝ ամուսինների հետ «սաունա» գնալը «բաղձալի երազանքի» պես մի բան է:
Կարդացեք նաև
Խոսելով որոշ սաունաների ադմինիստրատորների հետ, պարզեցինք նաեւ հետեւյալը. ժամանակակից տղամարդիկ իրենց կանանց ծննդյան օրը, մարտի 8-ը կամ այլ տոներ շնորհավորելու համար հաճախ անակնկալ են անում՝ սաունայում «ժամ վերցնում», որ կանայք ընկերուհիների հետ «ուրախանան»:
Ինչո՞ւ են կանայք բարդույթավորվում, հրաժարվում ամուսինների հետ սաունա գնալուց (եթե, իհարկե, տանեն)՝ հարցին պատասխանում է երիտասարդ հոգեբան Արմեն Ավետիսյանը. «Ավանդական, պահպանողական հայ կնոջ կերպարը խանգարում ու ստվեր է գցում ամուսնաընտանեկան հարաբերությունների վրա: Երիտասարդ կանայք, որոնք իրենց ժամանակակից կին են համարում, չգիտես ինչու, սաունա, գիշերային ակումբ կամ նման այլ վայրեր գնալու վերաբերյալ հետադիմական հայացքներ ունեն: Շատերը նույնիսկ ամուսնու՝ սաունա գնալու փաստից են դեպրեսիայի մեջ ընկնում: Իհարկե որոշներն էլ շատ կուզենային գնալ, բայց ամաչում են, կարծելով, որ ամուսինը կհիասթափվի, երբ նկատի թոռոմած ու կախ ընկած կուրծքը կամ հետույքի ցելյուլիտը: Այս պարագայում մեծ դեր է խաղում տղամարդու մոտեցումը: Եթե տղամարդն իր կնոջը ոգեւորի, տրամադրի, որ նա աննման է, կազմվածքը գեղեցիկ, կարծում եմ, ոչ մի կին էլ չի հրաժարվի»:
Դիտարկմանը՝ Երեւանում հաճախ «հետադիմական» հայացքներ ունեցողները սաունաներն ասոցացնում են անառականոցների հետ (չնայած իրականում՝ հիմնականում այդպես է), այդ պատճառով էլ տղամարդկանց մեծամասնությունը դեմ է, որ կինը սաունա գնա, Ա. Ավետիսյանն ասաց. «Չեմ ուզում որակումներ տալ այդ օբյեկտներին ու դրանց հաճախորդներին, բայց նշեմ, որ հիմա այն ժամանակներն են, երբ բոլորս էլ գիտակցում ենք, թե որ ռեստորանն է բարձրակարգ, որ ակումբ արժե գնալ, եւ որ «սաունան» է մաքուր: Ասեմ ավելին՝ բոլորին էլ հայտնի է, թե որ օբյեկտը ում է պատկանում, որ քաղաքական գործչին կամ օլիգարխին»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ