«Վալենտինը մի տերտեր էր, ով ծնողներից գաղտնի ամուսնացնում էր սիրահար զույգերին: Ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում եւս, այն նշվում է փետրվարի 14-ին»,- այսօր «Արմատ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գրող, հրապարակախոս Լիա Ավետիսյանը: Հանդիպմանը պետք է մասնակցեր նաեւ տեր Պարթեւը, սակայն անհետաձգելի գործերի պատճառով չէր եկել:
Տիկին Ավետիսյանի ձեւակերպմամբ, Վալենտինի տոնի իմաստը չհասկանալով՝ ինքը այն համարում է Սուրբ Սարգսի տոնի նմանակում եւ ընդամենը նվերները լավ վաճառելու միջոց:
Այն, որ Վալենտինը երիտասարդների մեջ ավելի ընդունված է, քան Սրբ. Սարգիսը, բանախոսի համար սովորական է: Լրագրողների հետ անկեղծանալով՝ Լիա Ավետիսյանն ասում է. «Դրանում մեր եկեղեցին է մեղավոր, քանի որ չի մտածում Սուրբ Սարգսի տոնն ավելի լավ կազմակերպելու եւ երիտասարդներին տոնի վերաբերյալ տեղեկություններ տալու մասին»:
Ըստ գրողի, «Ի տարբերություն Վալենտինի, Սուրբ Սարգսի տոնի մեջ երազանք կա: Աղջիկը ուտում է աղի բլիթը ու չգիտի՝ ո՞ւմ է տեսնելու»: Ասաց նաեւ, որ տղաները չպետք է աղի բլիթ ուտեն, քանի-որ, ի տարբերություն աղջիկների, հենց նրանք են իրենց կյանքը դասավորողը:
Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ