ԱՊՀ երկրների երիտասարդական խորհրդից ստացված հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ այսօրվանից մեկնարկել է «Ռուսաց լեզվի ուսուցում՝ գործարարների, ուսանողների եւ դպրոցականների համար» ծրագիրը, որն իրականացվում է ԱՊՀ երկրների երիտասարդական խորհրդի եւ «Հայաստանի գործարար կանանց աջակցության բիզնես կենտրոնի» միջեւ փետրվարի 8-ին Մոսկվայում կնքված համաձայնագրի շրջանակներում: Վերջինս ենթադրում է համատեղ սեմինարների, կոնֆերանսների եւ այլ միջոցառումների կազմակերպում, որոնք կնպաստեն ռուսաց լեզվի իմացության բարելավմանը: Դասընթացներն անվճար են եւ հիմնվելու են «Ռուսական գրքի տուն» կենտրոնի բազայի հիման վրա, ռուսերենի մեջ «խորացողներին» գայթակղում են հարմարավետ լսարաններում՝ շաբաթական 2 անգամ, 1,5 ժամով անցկացվող պարապմունքներով եւ համապատասխան սերտիֆիկատներով:
ԱՊՀ երկրների երիտասարդական խորհրդի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը ռուսերենի դասընթացների առաջին խմբի մասնակիցներին ուղղված խոսքում խորը ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում ռուսերենին լավ տիրապետողները քիչ են՝ միայն ավագ եւ միջին սերնդի ներկայացուցիչներ: Նա իր առաքելությունն է համարել փոխել իրավիճակը, բնականաբար ՝ Россотрудничество-ի հետ միասին, որը վաղուց տեղ-տեղ գաղտի, իսկ հաճախ էլ անթաքույց լծված է այդ գործին:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ