«Հայացք» ակումբի այսօրվա հյուրերը՝ քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանն ու PR տեխնոլոգիաների մասնագետ Կարեն Քոչարյանը ընդհանուր առմամբ դրական են վերաբերվում լրագրողների՝ ԱԺ-ում ներկայացված լինելու հեռանկարին: Կարեն Քոչարյանը կարծում էր, որ լրագրողներն ավելի գրագետ են, քան ներկայիս պատգամավորներից շատերը՝ «Բացեք parliament.am կայքը, եւ նայեք կենսագրությունները, տեսեք, թե քանի տարեկանում են բուհ ավարտել»:
Արմեն Բադալյանն էլ, պատասխանելով մեկ այլ հարցի՝ որոշ քաղաքական ուժերի կողմից լրատվամիջոցների եւ լրագրողների վարկաբեկման վերաբերյալ, ասաց. «Չկան թշնամի լրատվամիջոցներ: Չի՛ կարելի ցանկացած լրատվամիջոցի թշնամի դիտել: Դա քաղաքական ուժի թիվ մեկ սխալն է, բոլոր լրատվամիջոցներին պետք է դիտել բարեկամ: Քաղաքական ուժը պետք է հասկանա, որ ԶԼՄ–ով մեսիջ է ուղարկում իր ընտրազանգվածին: Ցանկացած լրատվամիջոց իրավունք ունի իր տեսակետները գրելու, քաղաքական ուժերը կարող են համաձայնել, կարող են չհամաձայնել, բայց չպետք է որեւէ լրատվամիջոցի թշնամի ընկալեն»:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ