Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահից պահանջում են չվավերացնել «Շրջակա միջավայրի ազդեցության փորձաքննություն» օրինագիծը

Փետրվար 14,2012 15:39

Քիչ առաջ Մաշտոցի պողոտային հարող այգուց մի շարք բնապահպան ակտիվիստներ երթով շարժվեցին դեպի նախագահական՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին հանձնելու փետրվարի 6-ին Ազգային ժողովի կողմից ընդունած «Շրջակա միջավայրի ազդեցության փորձաքննություն» օրինագծի դեմ իրենց բողոքի տեքստը, որի տակ արդեն ստորագրել է շուրջ 600 քաղաքացի:

Երիտասարդ բնապահպանները հանրապետության նախագահից պահանջում են չստորագրել եւ կրկին վերադարձնել, նրանց բնորոշմամբ՝ վտանգավոր օրինագիծը: Ակցիան մեկնարկել էր նշյալ այգուց, քանի որ այստեղ էլ արդեն մի քանի օր է՝ ընթանում է բուռն շինարարություն: Բնապահպան ակտիվիստները գիշեր-ցերեկ հերթապահում են շինհրապարակում, որպեսզի կառուցապատողներին թույլ չտան շինարարությունը վերսկսել: 4-րդ օրն է՝ Եղիա Ներսիսյանը տարածքը չի լքում: Նա ստիպված է այս ցրտին ուտել, խմել ու քնել այգում: Նրա խոսքերով՝ հենց ոտքները քաշում են՝ շինարարությունը սկսում են:

«Էկո դար» հասարակական կազմակերպության իրավաբան, Թեղուտի խմբի անդամ Արթուր Գրիգորյանն էլ Aravot.am-ի հետ զրույցում թվարկեց օրինագծի այն թերությունները, որոնց վրա, մասնագետի կարծիքով՝ օրենսդիրը աչք է փակել. «Այս օրինագծի ընդունումից հետո ցանկացած գործարար, որը ցանկություն կհայտնի ինչ-որ գործունեություն իրականացնել կանաչ տարածքներում, որեւէ հասարակական լսում, որեւէ փորձաքննություն կամ մասնագիտական եզրակացություն չի անցկացվելու: Կարող են անտառները հատել, ոչնչացնել, մայրաքաղաքի ամբողջ տարածքները բուտիկապատել առանց որեւէ լուրջ հասարակական լսումների, փորձաքննության: Այսինքն՝ հակառակ Օրհուսի կոմիտեի պահանջի, օրինագիծը չի նախատեսում որոշումների կայացմանը հասարակության իրական մասնակցության հնարավորություն: Հասարակությանը հնարավորություն չի տրվում բողոքարկելու կայացված որոշումները»:


Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829