Այսօր «Հայացք» ակումբում կայացած բանավեճի ժամանակ քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանը եւ PR-տեխնոլոգիաների մասնագետ Կարեն Քոչարյանը փորձում էին պատկերել ապագա խորհրդարանը: Քաղտեխնոլոգը նախ քաղաքական ուժերին բաժանեց մի քանի խմբի: Ուժեղների խմբում, որը միանշանակ կներկայացվի ԱԺ-ում, նա ներգրավեց ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին եւ ՀԱԿ-ին, երկրորդ տեղում դրեց «Ժառանգությանն» ու ՀՅԴ-ին, որոնց ներկայությունը ԱԺ-ում կասկածելի է համարում, երրորդ տեղը տվեց «մահացած» ՕԵԿ-ին եւ վերջին խմբում համախմբեց «վիրտուալ» կուսակցություններին, որոնք միայն «ակումբային» գործունեություն են իրականացնում՝ «Ազատ դեմոկրատներ», «Նոր ժամանակներ», Մարքսիստական եւ այլն:
Կարեն Քոչարյանը կարծիք հայտնեց, որ բոլոր քաղաքական ուժերն էլ, իրենց հնարավորությունների չափով, օգտագործելու են իրենց ունեցած բոլոր հնարավորությունները՝ ԱԺ մտնելու համար, եւ անգամ Հայ ազգային կոնգրեսը կփորձի որոշ մեծամասնական տարածքներում ընտրակաշառք բաժանել: Արմեն Բադալյանը սկզբում ասում էր, որ Կոնգրեսը չունի բավարար ֆինանսական միջոցներ՝ փող բաժանելու համար, սակայն համաձայնեց, որ որոշ մեծամասնական տարածքներում չի բացառվում, որ Կոնգրեսի ներկայացուցիչներն էլ ընտրակաշառք տան: Այս գործում, ըստ Կարեն Քոչարյանի, չի հաջողելու միայն ՕԵԿ-ը, որին «անելու են էն, ինչ ինքն արեց իր ընտրազանգվածի հետ 2008-ին՝ ուղղակի «քցելու» են, փողը կվերցնեն եւ կքվեարկեն ուրիշի համար»:
Իսկ պարոն Բադալյանը ընտրակաշառք բաժանողների մեջ ԲՀԿ-ին «չտեսավ». «ԲՀԿ–ն չգիտեմ… ԲՀԿ–ն բարեգործություն չի անում, «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամն է անում, բայց նույնացվում է ԲՀԿ–ի հետ եւ չի բացառվում, որ ԲՀԿ–ն ոչինչ չանի: Բայց հիմնադրամը կբաժանի գումար, ինչն օրենքի խախտում չի»:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ