Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ պատգամավոր. ՀՀԿ-ի «իրական պատկերը» կայքերում է

Փետրվար 14,2012 15:10

«Կիրակի օրը 39 համայնքներում ընտրություններն անցել են շատ նորմալ, առանց որեւիցե մեծ խնդիրների եւ կարծում եմ, այն գրանցված արդյունքները խոսուն փաստեր են, պետք է նշել ՀՀԿի` հերթական անգամ գրանցած հաջողությունները: Այս ընտրությունները մեզ համար լավ հիմք են, որի արդյունքները կարող են արձանագրվել նաեւ առաջիկա ԱԺ ընտրություններին»,– այսօր «Հայելի» ակումբում այսպիսի գնահատական տվեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արայիկ Հովհաննիսյանը:

ՀՅԴ պատգամավոր Լիլիթ Գալստյանը գործընկերոջը լսելով` հիշեց Բակունցի «ծիրանագույն բուրաստաններ» արտահայտությունը:

Նա համոզված է, որ այդ ընտրություններին իշխանություններն օգտագործել են վարչական ռեսուրսները, եւ դա մայիսյան ընտրությունների նախերգանքն է: «Ձեր ձեռքից բռնում ենք` չենք կարողանում ապացուցել: Դուք այս բարոյականությամբ էլ գնում եք մայիսի ընտրություններին»,- իր բանախոսին նետեց Լիլիթ Գալստյանը: Իսկ Արայիկ Հովհաննիսյանի արտահայտություններին ի պատասխան, թե իրենք իրենց հաղթանակներն ապացուցել ենք գործով` ՀՅԴ պատգամավորը հեգնեց. «Դուք դա ապացուցել եք նաեւ ձեր պատկերով: Մտեք կայքեր եւ տեսեք ձեր իրական պատկերը»:

Արայիկ Հովհաննիսյանը վերհիշեց ՀՀԿ-ի գրանցած մի շարք հաջողությունները, որ անգամ Երեւանում առաջին անգամ համամասնական ընտրակարգով անցկացված ավագանու ընտրություններին դարձյալ հաղթող ճանաչվեց ՀՀԿ-ն. «Ես զարմանում եմ, որ դուք զարմանում եք կիրակի օրվա ընտրությունների արդյունքների վրա»:

Aravot.am-ի հարցին` 39 համայնքներից 31-ում անցավ Հանրապետականի թեկնածուն, կարելի՞ է ասել, որ մնացած 8 համայնքներում այնքան էլ արդար ընտրություններ չեն եղել` պարոն Հովհաննիսյանն ասաց, որ 39-ում էլ եղել են ազատ, արդար ընտրություններ:

Լրագրողների դիտարկմանը, որ երեւի մեր ազգաբնակչությունը տառապում է մազոխիզմով, որովհետեւ ինչքան վատանում է կյանքը, այնքան «աճում է վստահությունն» իշխող կուսակցության նկատմամբ` Արայիկ Հովհաննիսյանը պատասխանեց. «Կխնդրեի մեր ազգաբնակչության մասին շատ ավելի հարգալից խոսել: Յուրաքանչյուրն ունի իր կարծիքը, պետք չէ հավելյալ խնդիրներ ստեղծել: Դա այն արդյունքն է, որը եղել է»:

Պարոն Հովհաննիսյանից նաեւ հետաքրքրվեցին, թե կնշե՞ք գոնե 1 կենդանի հանրապետականի, որը գաղափարական մարդ է, որովհետեւ ինչքան հարցնում ենք` ասում եք Անդրանիկ Մարգարյան կամ խոսում եք Նժդեհից: Արայիկ Հովհաննիսյանն այս անգամ հորդորեց հարգալից խոսել հանրապետականների մասին` ասելով, որ «Նման մի մարդ կանգնած է ձեր առջեւ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829