Առաջին անգամ հայ իրականության մեջ նկարահանվել է Գրիգոր Նարեկացու մասին գեղարվեստական ֆիլմ` «Հովիվը» վերնագրով, որը ներկայացնում է դրվագներ Նարեկացու կյանքից, «Մատյան Ողբերգության» գրքից, ինչպես նաեւ` աղոթքներ, մենախոսություններ, անձնական հոգեւոր մտորումներ: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասացին հեղինակները՝ ֆիլմը գիտական, վերլուծական կամ քննական աշխատանք չէ: «Հովիվը» ներկայացնում է Նարեկացու կենդանի, մարդկային կերպարը, ընդհանրապես Վարդապետը յուրաքանչյուր հայի սրտում է ապրում»,-նշեց ֆիլմի պրոդյուսեր, Կաթողիկե եկեղեցու հոգեւոր առաջնորդ Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը:
Նարեկացու մասին կենսագրական քիչ տվյալներ են պահպանվել, այդ պատճառով ֆիլմի սյուժեն ստեղծվել է ժողովրդի մոտ պահպանված ավանդազրույցների հիման վրա: Ինչպես հայտնեց ռեժիսոր Արտակ Ավդալյանը, նկարահանումների մի մասն արվել է Արեւմտյան Հայաստանում: Ավերված Նարեկավանքի փոխարեն գտել են այն քարայրները, որտեղ ժամանակին ճգնել են Նարեկացին եւ մյուս սրբերը: Ռեժիսորը հավաստիացնում է, որ Աստծո նախախնամությամբ հաղթահարվել են բոլոր դժվարությունները: «Տեսարաններից մեկի համար միայն տասն օր հետո հաջողվեց տեղից շարժել ժայռաբեկորը: Մեկ այլ դեպքում` երկինքը մռայլ էր, սակայն մեր նկարահանելու պահին ամպերը բացվեցին եւ լույս իջավ»,-պատմեց Ա. Ավդալյանը:
Ռեժիսորի խոսքերով` ողջ աշխարհը պետք է Նարեկացուն ընդունի որպես հոգեւորական, աստվածաբան եւ սուրբ. «Նա շատ ավելի մեծ է, քան մենք պատկերացնում ենք»:
Ֆիլմի գլխավոր դերակատարի` Արթուր Կարապետյանի համար պատասխանատու աշխատանք էր Նարեկացու կերպարի մարմնավորումը: «Մենք նկարահանումների ողջ ընթացքում առաջնորդվել ենք միայն մեր սրտի թելադրանքով, իսկ գնահատականը թողնում ենք հանդիսատեսի դատին»,-ասաց դերակատարը:
Կարդացեք նաև
1,5 ժամ տեւողությամբ «Հովիվը» կլինի հայերեն եւ իտալերեն լեզուներով, առաջիկայում նախատեսվում է իրականացնել նաեւ անգլերեն թարգմանություն: Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա վաղը` «Մոսկվա» կինոթատրոնում: Հայաստանյան պրեմիերայից հետո ֆիլմը կներկայացվի Լիբանանում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ