«Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանն անդրադարձավ կոալիցիոն ուժերի վերջին հայտարարությանը՝ նշելով, որ այն բխում է հուշագրի տրամաբանությունից: Հարցին՝ արդյոք կոալիցիոն ուժերի միջեւ պայմանավորվածությո՞ւն է ձեռք բերվել իրար դեմ թեկնածուներ չառաջադրել, պարոն Մինասյանը պատասխանեց, թե հայտարարությամբ հստակեցված է անցկացնել բարեկիրթ, քաղաքակիրթ, թափանցիկ եւ ոչ վիճահարույց ընտրություններ, իսկ կոալիցիոն ուժերի հարաբերությունները պետք է լինեն ոչ թե թշնամական, այլ մրցակցային:
Կանխատեսելով, թե առաջիկա խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ն ինչ արդյունք ցույց կտա՝ պատգամավորը վստահեցրեց. «Հաստատ ամենաշատ ձայները մենք ենք ունենալու, դրանում կասկած չկա»:
Վաղը ԱԺ-ում տեղի կունենան համամասնական եւ մեծամասնական ընտրակարգի հետ կապված լսումներ: Անդրադառնալով նշված ընտրակարգերին՝ ՀՀԿ պատգամավորը դրական արտահայտվեց մեծամասնական ընտրակարգի կապակցությամբ: Սակայն, երբ լրագրողները նրան խնդրեցին մեծամասնականով ընտրված եւ լավ աշխատող գոնե 5 պատգամավորի անուն տալ, նա դժվարությամբ, հազիվ ազգանունները հիշելով թվարկեց մի քանիսին: Իսկ աշխատանքով, մեղմ ասած, աչքի չընկած որեւէ պատգամավորի անուն բանախոսը այդպես էլ չնշեց:
Խոսելով ՀՀԿ ցուցակում հասարակությանը հայտնի ձեռներեցներ չընդգրկվելու մասին՝ Մ. Մինասյանը նկատեց. «Համամասնական ցուցակում այդպիսիները չեն լինելու, սակայն մարդիկ կարող են իրենց կամքով, օրենքի պահանջից ելնելով՝ առաջադրվել մեծամասնականով, որի դեպքում ոչ մի առարկություն լինել չի կարող: Պարզապես կարող ես պաշտպանել նրա թեկնածությունը, կամ ոչ»:
Կարդացեք նաև
Տաթեվ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ