Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանություններն ընտրել են հարմար տեխնոլոգիաները

Փետրվար 14,2012 14:50

Հրազդանում քաղաքապետի ընտրությունները խորհրդարանական ընտրություններից առաջ իշխանությունների տեխնոլոգիաներն օգտագործելու փորձադաշտ էին. նման կարծիք այսօր «Փաստարկ» ակումբում ներկայացրեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը. «Տեխնոլոգիան այս էր, որ տեղամասում պետք է անցկացվի նորմալ ընտրություն, իսկ բոլոր խախտումները՝ տեղամասերից դուրս»: Պարոն Մարտիրոսյանի խոսքերով, Հրազդանում հիմնական արձանագրված խախտումները՝ ընտրակաշառքի, վարչական ռեսուրսների եւ քաղաքացիներին ահաբեկելու դեպքերն էին . «Այս երեք գործոններն աշխատեցին Հրազդանում, եւ հենց այս գործոններն են, որ իշխանական թեկնածուին առավելություն տվեցին, բայց կարծում եմ, որ ընդդիմությունն էլ պակաս ձայներ չհավաքեց: Հրազդանում շատ բարձր մակարդակի վերահսկողություն էր, նման բան չէի տեսել»:

Պատգամավորի դիտարկմամբ, այն, որ իրավապահ մարմինները չեն արձանագրել ընտրակաշառքի բաժանումները՝ «Դա նշանակում է, որ քաղաքական հրաման է եղել, որ որեւէ մեկն ընտրակաշառքին չի հետեւելու: Հրազդանի ընտրություններից ընդդիմությունը դասեր պիտի քաղի, որովհետեւ պարզվում է՝ այն տեղերում, որտեղ ընդդիմությունը համագործակցում է, արդյունքները լրիվ այլ են լինում, քան այն տեղամասերում, որտեղ համագործակցությունը թույլ է: Գալիք ընտրություններին հնարավորինս պետք է մեծացնել համագործակցությունը, որ տեղամասերում հնարավոր լինի՝ ապահովել անհրաժեշտ վերահսկողությունը»:

Ամփոփելով երկու օր առաջ Հայաստանի ավելի քան 30 համայնքներում անցկացվող ՏԻՄ ընտրությունները, պատգամավորը եզրահանգեց, որ այս անգամ էլ ընտրությունները չանցան ՀՀ նախագահի, վարչապետի ու ԱԺ նախագահի հայտարարած բանաձեւի ներքո. «Անընդհատ բարձրաձայնում էին՝ ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ, բայց խոսել այդպիսի ընտրությունների մասին եւ ունենալ ընտրակաշառքի այդքան գործածում, վարչական ռեսուրսի այդպիսի օգտագործում միանշանակ չի կարելի»:

Պարոն Մարտիրոսյանը վստահ է, որ խորհրդարանական ընտրություններին քաղաքական ուժերը կգնան ավանդական սցենարով: Պայքարը կլինի ոչ թե ընդդիմության ներսում, այլ իշխանության եւ ընդդիմության միջեւ. «Տեխնոլոգիան կա, արդեն պարզ է՝ ինչ է լինելու խորհրդարանական ընտրություններին»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829