«Առավոտը» նախորդ համարներում ներկայացրել է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղի մի քանի շրջանավարտների (Անի Երիկյան, Նորայր Եղոյան եւ ուրիշներ) դժգոհությունները: Երիտասարդների համոզմամբ, բուհի ղեկավարությունը իրենց խաբել է՝ հնգամյա ուսուցման դիմաց շնորհելով բակալավրի կոչում: Եվ հիմա 7-8 շրջանավարտ պատրաստվում է դատի տալ բուհի ղեկավարությանը: Նրանք պահանջում են տրամադրել իրենց հետ կնքած պայմանագրի երկրորդ օրինակը, որը ժամանակին չի տրվել, ավելին՝ ուսանողներին «չլում» են՝ Երեւանից Գյումրի ուղարկելով, Գյումրուց էլ՝ մայրաքաղաք: Ըստ շրջանավարտների, բակալավրի դիպլոմը խանգարում է աշխատանք գտնելուն, եթե թափուր տեղի համար հայտարարված մրցույթին դիմում են բակալավրն ու մագիստրոսը, նախապատվությունը տրվում է մագիստրոսին: Ուսանողները դժգոհ են նաեւ բուհի տված կրթության որակից, ասում են՝ երկու տարի առաջ բուհն ավարտածին թույլ են տալիս մտնել իրենց լսարան ու դասախոսություն կարդալ:
Նորայր Եղոյանը բուհի աշխատանքը գնահատեց այսպես. «Բիզնես, բիզնես, բիզնես»: Նա փաստում է, որ իր մասնագիտությամբ պետական գործ գտնելը շատ դժվար է, դրան գումարած այն, որ «երեւանցիներն էլ արվեստի մեջ մշտապես գյումրեցի ու երեւանցի են տարբերակում»:
Շրջանավարտների դժգոհությունների վերաբերյալ մեկնաբանություն խնդրեցինք բուհի Գյումրիի մասնաճյուղի ռեկտոր Հակոբ Զիլֆիմյանից: «Այն թվականին, երբ երիտասարդները ընդունվել են բուհ՝ նրանց ծրագիրը եղել էր 5 տարվա համար, մարդիկ էլ 5 տարի սովորելով՝ դարձել են դիպլոմավորված մասնագետ: Իսկ նրանք, ովքեր կասեն, թե բակալավրը թերի բարձրագույն կրթություն է, դա ընդամենը նրանց երեւակայությունն է, եթե երկրում կա թերի բարձրագույն կրթություն կամ այդպիսի փաստաթուղթ, թող որեւիցե մեկը բերի, ինձ ցույց տա»,- ասաց ռեկտորը:
Մեր դիտարկմանը, թե շրջանավարտները նեղվում են 5-րդ տարվա համար, իրենց կարծիքով, անտեղի վարձ վճարելու համար, մի՞թե հնարավոր չէ նրանց արտոնություն շնորհել ու թույլ տալ մագիստրատուրան մեկ տարով սովորել, պարոն Զիլֆիմյանն ասաց, որ մեր երկրում գործող կարգը հնարավոր չէ փոխել, մագիստրատուրան էլ երկու տարով է: Մեր այն հարցին էլ, թե ինչու բողոքավորներին չեն տրամադրում պայմանագրի մեկ օրինակը, պարոն Զիլֆիմյանը պատասխանեց, որ դրանք կնքվել են մայր բուհի հետ: «Պայմանագիրը հատկացվել է, թե՝ ոչ, ես չգիտեմ, բայց եթե նրանք պայմանագիր չեն ունեցել՝ ինչի՞ հիման վրա են վարձ վճարել»,- հարցրեց ռեկտորը ու շրջանավարտներին խորհուրդ տվեց դիմել դատարան: «Ոչ մեկը մեղավոր չէ, որ, ասենք, Նորայրը հանկարծակիի է եկել բակալավրի կոչում ստանալով, եթե ուսանողը ինքն իրենից խաբար չէ, բուհից խաբար չէ, դա իմ խնդիրը չէ, թող ժամանակին իմանար, որ երկիրն անցել է կրթական այդ ձեւին»: Նա նաեւ վստահեցրեց, որ իրենց ու մայր բուհի ծրագրերը նույնն են, ավելին՝ Գյումրու շրջանավարտներն իրենց տաղանդով փայլում են: «Սոս Արտաշեսովիչը միշտ ասում էր, եթե ուզում եք արվեստագետներ ստանալ, պիտի գնաք Շիրակի դաշտավայր: Արվեստագետի կրթության խնդիրը շատ ավելի կախված է իրենից, համ էլ Աստծո տված շնորհ է, երբ Ֆրունզը ժամանակին ընդունվեց թատերական ինստիտուտ, արդեն հանրաճանաչ դերասան էր: Մենք էլ դասախոսական խնդիր, պրոբլեմ չունենք, տիկնիկային թատրոնը ապրում է Գյումրու թատերական ինստիտուտի շրջանավարտներով, նմանապես մայր թատրոնը, բոլոր դերասանները, ռեժիսորները մերոնք են, մտեք հեռուստաստուդիաներ, միայն մեր ուսանողներին կտեսնեք: Եթե իմ շրջանավարտը պահանջարկ ունի, նշանակում է՝ որակ կա, չէ՞»,- ասաց ռեկտորը՝ միաժամանակ շեշտելով, որ դիպլոմավոր «նեղ» մասնագետների պակաս բոլոր տեղերում կա, օրինակ՝ շպարի մասնագետի, բարձրագույն կրթությամբ օպերատորների ու պարողների: Ըստ նրա, իրենց ուսանողները երկրոդ կուրսից արդեն խաղում են թատրոնում, պարում պարախմբերում, իսկ դրանից լավ պրակտիկա գոյություն չունի: Անդրադառնալով երիտասարդ կադրերին մասնագիտական առարկաներ վստահելուն՝ ռեկտորն ասաց, որ իր բուհը 11 տարեկան է, այսիքն՝ «մատղաշ երեխա է, հետեւաբար եւ ստիպված ենք սեփական կադրեր պատրաստել բուհի շրջանավարտներից»:
Կարդացեք նաև
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ