Երեւանի պարարվեստի պետական քոլեջում ժամանակ առ ժամանակ արտառոց դեպքեր են գրանցվում: Օրինակ՝ մի անգամ, ինչպես թերթերը գրեցին («Քոլեջի տնօրենը նաեւ առաջին կուրսի ուսանո՞ղ է», 25 նոյեմբերի, 2010թ, «168 ժամ»), ժողովրդական պարեր բաժնի 14-15 տարեկան աղջիկները իրենց դասընկերուհու ծննդյան տոնի առիթով պատրաստել էին «բացառիկ» նվեր՝ բանան, որի վրա պահպանակ էին հագցրել: Արդյունքում՝ աղջիկների խնդրանքով պահպանակը գնած, դասական պարերի բաժնի վերջին կուրսի տղաներից մեկը քոլեջի տնօրեն Արմեն Գրիգորյանի (լուսանկարում) հրամանով հեռացվեց: Ժամանակին Արմեն Գրիգորյանի դեմ բողոքներ են եղել ՀՀ նախագահի աշխատակազմ, Մարդու իրավունքների պաշտպանին, մշակույթի նախարարին եւ Աշխատանքի տեսչությանն ուղղված, նույնիսկ դատական գործընթաց էր սկսվել նախկին պարետի ու Գրիգորյանի կոնֆլիկտի պատճառով:
Օրերս էլ «Առավոտը» ահազանգ ստացավ, որ պարարվեստի քոլեջի տնօրենը ծեծել է երկրորդ կուրսի ուսանող Վահագն Մարգարյանին եւ երրորդ կուրսեցի Արսեն Մեցիկյանին, որոնք զրուցելիս են եղել միջանցքում: Ասում են՝ դրանից հետո զայրացած քոլեջ է եկել Վահագնի եղբայրը՝ օպերային թատրոնի բալետային արտիստ, «Սպարտակի» մենակատար Ռուբեն Մուրադյանը, ում մի կերպ հանգստացրել են, որպեսզի կռիվը չթեժանա: «Քոլեջում կարծես ստալինյան ժամանակաշրջան լինի, ծնողները վախենում են բողոքել, որովհետեւ կասկածամիտ տնօրենը աջուձախ սպառնում է՝ բոլորիդ կհանեմ-ռադ կանեմ»,- ասաց քոլեջին մոտ կանգնած «Առավոտի» աղբյուրը՝ հավելելով, որ կրթօջախում «բեսպրեդել» է տիրում, տնօրենը ենթակաների հետ զրուցում է սեւ ակնոցներն աչքերին, ձեռքերը՝ գրպանում:
Միջադեպի եւ այլ հարցերի վերաբերյալ մեկնաբանություններ ստանալու ակնկալիքով հանդիպեցինք Արմեն Գրիգորյանին: Նա հերյուրանք որակեց իր հասցեին հնչող բոլոր մեղադրանքները եւ պահանջեց տալ այն մարդկանց անունները, ովքեր նման տեղեկություններ են տրամադրել մեզ: Ավելի ուշ ասաց, որ ոչ թե ծեծել է, այլ ընդամենը կարգի է հրավիրել տղաներին, իսկ Ռուբեն Մուրադյանին, ով իր սիրելի սանն է, հենց ինքն է հրավիրել քոլեջ:
Նա համաձայն չէ այն մեղադրանքի հետ, թե պարարվեստի քոլեջից հեռանում են պրոֆեսիոնալները, եւ քոլեջը չի «սնում» օպերային թատրոնը:
Կարդացեք նաև
«Ես ոչ թե հեռացրել, այլ ընդհակառակը հետ եմ բերել մարդկանց, այստեղ են աշխատում Մաքսիմ Մարտիրոսյանը, Վիլեն Գալստյանը, Հովհաննես Դիվանյանը, Աննա Մարիկյանը, մարդիկ, որոնք գուրգուրանքի են արժանի… Ինչ վերաբերում է պարարվեստի քոլեջի՝ օպերային սնելուն, քոլեջը միշտ էլ սնել է օպերան եւ կսնի, կապ չունի, թե այնտեղ ո՞վ է նստած: Ուրիշ հարց է, նա ուզո՞ւմ է այդ ամեն ինչը վերցնի, թե ուզում է փողոցից իր համար մարդիկ բերի (հավանաբար նկատի ունի օպերային թատրոնի բալետային խմբի գեղարվեստական ղեկավար Ռուդոլֆ Խառատյանին, ում հետ վատ հարաբերությունների մեջ է – Գ. Հ.)… Քոլեջն աշխատում է Պարի պետականի, «Բարեկամություն» համույթի համար, որոնց ղեկավարների հետ շատ մոտ եմ, օպերային թատրոնի տնօրենի հետ էլ եմ մոտ, այլ բան է, թե ինչ ներկայացումներ են գնում ու մեր երեխեքը ինչո՞ւ զբաղված չեն»,- ասաց տնօրենը: Նա հավելեց, որ ունի սեւ ակնոցներ, բայց մարդկանց հետ խոսելիս չի կրում ու իր ձեւակերպմամբ, հիվանդ չէ, որ անառողջ մթնոլորտ ստեղծի: «Չգիտեմ, թե դա ով է ասել, բայց խոստանում եմ էդ մարդուն գտնել ու իսկապես դուրս շպրտել: Իսկ ինչո՞ւ իմ արած գործերից չեք հարցնում, գիտե՞ք ինչեր եմ արել երկու տարվա ընթացքում՝ այժմ քոլեջում չի կարելի ծխել ու խմել: Մինչեւ իմ տնօրեն նշանակվելը աշակերտները ծխում էին բուֆետում, քոլեջում չի կարելի դասերից ուշանալ, չի կարելի որեւէ դասարան ազատ թողնել, անգամ եթե ուսուցիչը հիվանդ է ու չի եկել, նրան ուրիշն է փոխարինում: 125 աշխատող ունեմ, բացի 4-5 հոգուց, բոլորի աշխատավարձերը բարձրացրել եմ, անցյալ տարի 98 տոկոս առաջադիմություն է եղել քոլեջի պատմության մեջ առաջին անգամ, բայց էդ մասին չեմ թողել, որ թերթերում գրեն կամ նկարեն-ցույց տան: Շատ գողություններ էին լինում, ֆինանսական թերացումներ կային, շտկել եմ, հնարավոր է՝ մանր-մունր գոռամ մարդու վրա, բայց ընդամենը իրավիճակը շտկելու համար, իսկ չաշխատողին, այո, պետք է ասել՝ կհանեմ …Կրկնում եմ, հիմա ֆինանսական բաներ կան, դրա արմատներն ուրիշ տեղ են տանում, դրա համար էլ ոմանք դժգոհում են»,- ասաց քոլեջի տնօրենը:
Հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ իրենց կրթօջախը այդպես էլ ավագ դպրոց չդարձավ, արդյո՞ք պատճառներից մեկն այն է, որ ինքը չունի բարձրագույն կրթություն: Արմեն Գրիգորյանը թվարկելով իր արտիստական հաջողություններն ու օպերային թատրոնի մենակատարի կարիերան՝ ասաց, որ աշխատանքային լարվածությունն ու գերծանրաբեռնվածությունը թույլ չեն տվել բարձրագույն կրթություն ստանալ, ինչը հիմա լրացնում է՝ սովորելով Հյուսիսային համալսարանում, որտեղ ձեռք կբերի մանկավարժ-հոգեբանի որակավորում: Ինչ վերաբերում է ավագ դպրոց չդառնալուն, Ա. Գրիգորյանը պնդում է, որ քոլեջի կարգավիճակն ավելի հարմար է. «Ավագ դպրոցի դիսցիպլինները շատ են, երեխաները 8:30 գալիս են, 17:30-ին՝ ավարտում, եթե ավագ դպրոց դառնանք, երեխաները ավելի կծանրաբեռնվեն: Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանի հետ կոնտրակտ ունենք, որ էստեղից ավարտելուց հետո մեր երեխաները միանգամից այդ բուհի երկրորդ կուրս գնան»:
Վերջինիս հետ կապված «Առավոտը» մեկնաբանություն խնդրեց նաեւ ԿԳՆ Նախնական եւ միջին մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Աբրահամյանից: Վարչության պետը հայտնեց, որ պարոն Գրիգորյանի ասածը քոլեջների ոչ բոլոր շրջանավարտներին է վերաբերում. «Քոլեջների միայն լավագույն շրջանավարտները իրավունք ունեն իրենց կրթությունը շարունակել բուհում՝ համապատասխան մասնագիտությամբ երկրորդ կուրսից կամ հեռակա երրորդից: Դա վերաբերում է միայն գերազանց առաջադիմությամբ ու բարձր գնահատականներով շրջանավարտներին»:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ