«Առավոտի» ուշադրությունը գրավեց «Արամ Խաչատրյան» համերգասրահում փետրվարի 17-ին կայանալիք Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հերթական ելույթի հայտագիրը՝ վերնագրված «Համերգ՝ գիրք նվիրելու օրվան ընդառաջ»: Մշակութային հայտագրի ներքեւում, ուր սովորաբար լինում է «տոմսերը վաճառվում են» արտահայտությունը, տեղ է գտել մեկ այլ՝ «Մուտքը՝ գրքով» արտահայտությունը, ինչից արվեստագետներն ու արվեստասերները եզրակացնում են, որ համերգը հայ գրատպության 500-ամյակին եւ Երեւանը գրքի մայրաքաղաք հռչակելուն նվիրված միջոցառումներից է: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի փետրվարի 18-ին նշանակված Պերգոլեզիի «Ստաբատ Մատեր» եւ Պիացոլայի «Տանգո» մեկ գործողությամբ բալետային ներկայացումներին դարձյալ պետք է գրքերով ներկայանալ: Մեր հետաքրքրությանն ի պատասխան՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահի եւ Ազգային օպերային թատրոնի գլխավոր ադմինիստրատորներ Քնարիկ Սահակյանը եւ Ժիրայր Տիգրանյանը տեղեկացրին, որ միջոցառման նախաձեռնողը ՀՀ մշակույթի նախարարությունն է: Իսկ հավաքված գրականությունը կուղարկվի հեռավոր մարզեր:
Այսօր բոլորիս տներում էլ գրքեր կան, երբեմն դրանք «ննջում» են գրադարակներում՝ այլեւս առաջ չբերելով հետաքրքրություն, մինչդեռ ինչ-որ մեկին դրանք հաստատ պետք են, անգամ գիրք վաճառող այն մարդկանց, ովքեր երեւանյան փողոցներում խնդրում են գրքեր գնել չնչին վճարով: Չի բացառվում, որ այդ օրը գրավաճառները հայտնվեն վերոնշյալ մշակութային օջախների տոմսարկղերի մոտ՝ վաճառելու իրենց գրքերը նրանց, ովքեր տեղյակ չեն եղել, որ համերգին ու ներկայացմանը մուտքը գրքով է:
Ի՞նչ է լինելու հավաքված գրքերի հետ: Մշակույթի նախարարի խորհրդական Ներսես Տեր-Վարդանյանն ի պատասխան՝ ասաց. «Գիրք նվիրելու օրը փետրվարի 19-ն է, իսկ 16-18-ը մշակույթի նախարարության ենթակայության օջախներում կանցկացվի 20 թատերահամերգային միջոցառում, ընդգրկված է նաեւ 28 թանգարան: Հավաքված գրքերն էլ տրամադրվելու են սահմանամերձ համայնքային գրադարաններին»:
Կարդացեք նաև
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ