Իրական ստվեր եւ պարզունակ մեղադրանքներ
«Կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին» օրենքի նախագծի տապալումը Ազգային ժողովում տարատեսակ մեկնաբանությունների տեղիք տվեց: Ոմանք դրա մեջ տեսան ՀՀԿ-ԲՀԿ վեճ կամ հակասություն, մյուսները՝ վտանգ տնտեսական որոշակի շահերի համար: Այս տեսակետներից ո՞րն էր համապատասխանում իրականությանը: Այս հարցի պատասխանը գտնելն այնքան էլ դժվար չէ, եթե տեսնենք, թե ովքե՞ր են բացահայտ կամ թաքուն հանդես գալիս այս օրինագծի դեմ եւ ի՞նչ է այն ենթադրում:
Օրենքի նախագիծը նախատեսում է կանխիկ գործարքների սահմանափակում՝ 3 մլն դրամից ավելի գնում կատարելու դեպքում գումարը պետք է վճարել ոչ թե կանխիկ, այլ բանկային փոխանցումով: Այսինքն՝ կերեւա տվյալ ընկերության իրական շրջանառությունը, ինչի արդյունքում երկու հարկատեսակի գծով վճարումները պետբյուջե կավելանան: Առաջինը՝ անկանխիկ գործարքների դեպքում կավելանա դրանից գանձվող շահութահարկի կանխավճարը եւ վերջնարդյունքում՝ տարեկան շահութահարկը: Երկրորդ՝ բանկային փոխանցումով կատարվելիք վճարման ժամանակ կգանձվի ավելացված արժեքի հարկ, ինչից կարելի է հեշտությամբ խուսափել կանխիկ գործարքի դեպքում, երբ գործարքը պարզապես կարող է չարձանագրվել:
Ովքե՞ր են դեմ այս օրինագծին: ԲՀԿ խմբակցությունը: Ինչպես նաեւ այն պատգամավորները, որոնք ունեն խոշոր բիզնես եւ բացակայում էին քվեարկության ժամանակ: Դա նշանակում է, որ «Կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին» օրենքի ընդունումը ուղղակիորեն վերաբերվելու էր հենց այս մարդկանց, որոնց գործունեության զգալի մասը ստվերում է եւ որոնց բիզնեսի ստվերային շրջանառությունը կսկսի երեւալ կանխիկ գործարքները սահմանափակող այս օրենքի ընդունման դեպքում:
Փորձելով խուսանավել եւ, միաժամանակ, անտեղյակ մարդկանց շրջանում քաղաքական շահաբաժին ստանալ, օրինագծի հակառակորդները հրապարակ հանեցին տարբեր պատճառաբանություններ: Ըստ նրանց՝ այս օրենքով, իբր, հարվածի տակ են հայտնվելու փոքր բիզնեսը, հասարակ քաղաքացիները, որոնց փողերով հարստանալու են բանկերը:
Դժվար չէ նկատել, թե որքան պարզունակ են այս պատճառաբանությունները: Հետաքրքիր է, թե քանի հասարակ քաղաքացի կա, ով երեք միլիոն դրամի (8-9 հազար դոլարի) գործարք է կատարում: Կամ 40-50 հազար դրամով ՀԴՄ գնելը մեծ ծախս համարող քանի՞ փոքր բիզնեսի ներկայացուցիչ է 3 մլն դրամի գործարք կատարում: Եթե այդ գումարի չափով նրանք հաճախ են գործարք իրականացնում, ուրեմն ամենեւին էլ փոքր բիզնեսը չեն ներկայացնում:
Ինչ վերաբերում է բանկերի շահերը պաշտպանելու կառավարությանն ուղղված մեղադրանքին, ապա դա առնվազն անհեթեթություն է: Քաղաքակիրթ աշխարհում, ժամանակակից տնտեսական հարաբերություններում ընդունված է խոշոր գործարքները հենց բանկերի միջոցով իրականացնել: Մենք հեծանիվ չենք հայտնագործում: Եթե կառավարությունը ցանկանում է բացահայտել իրական շրջանառությունը, ապա այն պետք է թափանցիկ դարձնել, ինչը տեղի է ունենում բանկային փոխանցումների ժամանակ: Կանխիկ խոշոր գործարքների առաջարկներին զարգացած երկրներում մեծ զգուշավորությամբ եւ կասկածով են մոտենում, քանի որ կանխիկ շրջանառվում են հիմնականում «կեղտոտ փողերը»՝ ստացված զենքի, թմրամիջոցների առեւտրից, թրաֆիքինգից: Այսինքն՝ բանկային փոխանցումների ինստիտուտը ենթադրում է օրինական գործունեության դաշտ: Սա գուցե այնքան էլ հասկանալի չի հայրենի օլիգարխներին եւ նրանց խոսափողներին, բայց ժամանակն է, որ հասկանալի դառնա:
Տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական կենտրոն
«Առավոտ» օրաթերթ