Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը քննում է ՀՀ ՊՆ 75937 զորամասի երրորդ գումարտակի ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Ալազան Քեռյանի վերաբերյալ քրգործը: Քեռյանը մեղադրվում է ՀՀ քրօրի 359 հոդվածի 2-րդ մասով՝ համածառայակից, կրտսեր սերժանտ Աշոտ Սեդրակյանին բռունցքով հարվածելու համար:
Դեպքը տեղի է ունեցել 2011թ. նոյեմբերին: Լուրջ պատճառ, որպես այդպիսին՝ չի եղել: Ինքնահաստատման տարօրինակ մեթոդ ընտրած զինվորներից յուրաքանչյուրը փորձել է ընդգծել սեփական անձի կարեւորությունը, ինչի արդյունքում Ալազանի մեկ հարվածից Աշոտը ստացել է միջին ծանրության մարմնական վնասվածք: Չնայած նրան, որ զինակից ընկերները վաղուց արդեն հաշտվել են միմյանց հետ եւ ընդունել իրենց պահվածքի անլրջությունը, այդուհանդերձ, գործն արդեն դատարանում է, իսկ Ալազան Քեռյանը՝ մեղադրյալի աթոռին: Մեղադրանքը, որ ներկայացված է Քեռյանին, սահմանում է 1-3 տարի պատիժ կարգապահական գումարտակում կամ՝ ազատազրկում 1-5 տարի ժամկետով: Մեղադրող կողմը, շրջանցելով Քեռյանի ինքնախոստովանական ցուցմունքը, զղջումի, ինչպես նաեւ կատարածի համար մեղա գալու զինվորի խոսքերը, երկու տարվա պատիժ առաջարկեց՝ կարգապահական գումարտակում: Մինչդեռ Քեռյանին զորացրվելու ընդամենը երեք ամիս է մնացել:
Մեղադրողի առաջարկած պատժաժամկետը ռումբի պես պայթեց դահլիճում: Ներկաները, որոնք հիմնականում Քեռյանի հարեւաններն ու բարեկամներն էին, մեղադրող կողմի առաջարկը ծայրահեղ եւ անմարդկային որակեցին:
Նկատենք, որ համաձայն ՀՀ քրօրի 70 հոդվածի՝ «Եթե դատարանը կալանքի, ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձեւով պատիժ նշանակելով հանգում է հետեւության, որ դատապարտյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժ կրելու, ապա կարող է որոշում կայացնել այդ պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին»: Շրջանցելով վերը նշված հոդվածը՝ հայրենի իրավապահները հնարավոր 50 տարբերակից ընտրեցին 51-րդը՝ հարվածի տակ դնելով երիտասարդի ճակատագիրը:
Կարդացեք նաև
Այն, որ բռնությունը, սեփական կամքն ուրիշին պարտադրելը, այլոց նկատմամբ ֆիզիկական ուժ գործադրելը պախարակելի եւ հանրության կողմից մերժելի երեւույթներ են, մեղադրյալ Քեռյանն ինքն էլ է գիտակցում: Գիտակցում է նաեւ զինվորին ոչ վայել իր պահվածքի տխուր հեռանկարը եւ ուշացումով ափսոսանք հայտնում, որ այդ պահին բանականությունն իրեն լքել էր: Իսկ նրա զորացրվելուն սրտատրոփ սպասում է սոցիալական ծայրահեղ ծանր պայմաններում ապրող ընտանիքը՝ հաշմանդամ հայրը, հիվանդանոցում բուժվող մայրն ու երկու կրտսեր քույրերը:
Մինչեւ բանակ զորակոչվելը Ալազանն օրավարձով տարբեր աշխատանքներ է արել ունեւոր մարտունեցիների տներում՝ գոմաղբ է տեղափոխել, փորել է, ցանել, կարտոֆիլ հավաքել եւ ստացած գումարով դեղ ու հաց գնել: Դատական նիստին ներկա նրա հարեւանները, որոնց համար Ալազանը հարահաս ու սրտացավ տղա է, ասում էին, թե՝ Ալազանի զորացրումը օրվա հացը մի կերպ հայթայթող նրա ընտանիքի միակ փրկությունն է: Հույսը, որ մեղադրող կողմը ներողամիտ կգտնվեր ու տղային ազատությունից, իսկ նրա ընտանիքին վերջին հույսից չէր զրկի, չարդարացվեց: Չնայած՝ դեռեւս ոչինչ կորած չեն համարում. փետրվարի 14-ին շարունակվող նիստից սպասելիքներ ունեն: Ուզում են հավատալ, որ դատարանը կառաջնորդվի նաեւ խղճով ու ՀՀ քրօրի 70 հոդվածով սահմանված կարգով:
ՄԱՐԻԱՄ ԱՐՍԵՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ