Լրահոս
Օրվա լրահոսը

Տնօրե՞նն է անխիղճ, թե՞ աշխատակիցներն են կոռումպացված

Փետրվար 14,2012 13:51

Վեճ Գյումրու Էնրիկո Մատտեի անվան պոլիկլինիկայում

Դեռեւս անցած տարվա մարտ ամսին խոշոր չափի կաշառք վերցնելու ու պաշտոնեական դիրքը չարաշահելու մեղադրանքով ձերբակալվեց վերոհիշյալ պոլիկլինիկայի 44-ամյա տնօրեն, հայտնի անոթաբան Տաթեւիկ Փանոսյանը: Նրան փոխարինեց Գյումրու ավագանու անդամ, ՀՀԿ-ական Գագիկ Ադամյանը, որն էլ, աշխատակիցների բողոքելով, սկսեց «մաղել» իրենց. մի քանի ամսվա ընթացքում հերթով ազատվեց հին կադրերից: Արդեն մի քանի ամիս է՝ մեր օրաթերթը լուսաբանում է նախկին տնօրենի դատական նիստերը ու դատարանի դահլիճ ներս մտնելուն պես՝ անընդհատ ստիպված է լինում լսել աշխատանքից ազատվածների բողոքները: Վերջերս էլ նոր բողոքներ ստացանք այս թեմայով. մեզ էին դիմել աշխատանքից հեռացված գանձապահը, լաբորատորիայի բուժքույրերը՝ նեղվելով, որ թեեւ հիվանդների թիվը շատացել է, այդուհանդերձ՝ պոլիկլինիկայի նորանշանակ տնօրենը որոշել է 4-ի փոխարեն 2 լաբորանտ պահել: «Զինվորական հոսպիտալը վերջերս փակվեց, ու մեր հիվանդների թիվը ավելացավ եւս 6 հազարով՝ փաստացի դարձել է 36 հազար: Ինչպե՞ս է երկու լաբորանտը սպասարկելու էդ հսկա ազգաբնակչությանը, երբ 4 հոգով չէինք հասցնում սպասարկել նախկին 30 հազարին: Ես 12 տարվա ստաժ ունեմ, ինձ պատճառաբանեց, որ հաստիքների կրճատում է լինելու, մարզպետն է ստիպել կրճատել, բայց գուցե նույն մարզպետը ինձ ուղղություն տա, թե ես էս գործազուրկ քաղաքում որտե՞ղ եմ աշխատելու, ո՞նց եմ իմ երեխային պահելու: Տնօրենը եկած-չեկած՝ հայտարարեց, թե եկել է ստեղ մեզ մաղելու համար, կրճատումները շարունակական են լինելու: Ասաց՝ հներին պետք է լուծարեմ, նորերին պետք է բերեմ»,- դժգոհեց լաբորանտ Քրիստինե Բալոյանը: Պոլիկլինիկայի նախկին աշխատակիցները պնդում են, որ ոտքերը պոլիկլինիկայից քաշելուն պես՝ տնօրենը նոր կադրեր է ընդունում: Օրինակ՝ երկար տարիների փորձ ունեցող բուժքույրերին հեռացնում է աշխատանքից, սակայն դրսից՝ զինվորական հոսպիտալից ավագ բուժքույր է բերել, նաեւ հրավիրել է կադրերի բաժնի նոր ղեկավարի, նոր հաշվապահի, տնտեսվարի եւ այլն: Քրիստինե Բալոյանի ներկայացնելով՝ տնօրենի մոտ ոչ մի ծանոթ չի անցնում, ինքը փորձել է ծանոթ մեջ գցել, սակայն տնօրենը փոխանցել է, որ հետ չի ընդունի, քանի որ «սիմպատիան» չի բռնում:

Ի դեպ, վերջիններս դիմում-բողոքներ են գրել Շիրակի մարզպետին, սակայն նրանց ասելով՝ դեռ պատասխան չեն ստացել: Աշխատանքից հեռացվածները լացակումած պատմեցին, որ միայնակ են ապրում ու իրենց զրկելով աշխատանքից՝ զրկում են նաեւ հաց գնելու, գոյատեւելու իրավունքից: Մեզ դիմած գյումրեցիները աշխատանքից ազատվածների բավականին երկար ցանկ ներկայացրին: Նրանց ասելով՝ տնօրենը մեծ մասին ստիպել է դիմում գրել ու հեռանալ: Ինչո՞ւ է նորանշանակ տնօրենը մասսայաբար ազատվում աշխատողներից՝ հարցրինք Գագիկ Ադամյանին: «Ի՞նչ է նշանակում մաղել, եթե բուժհաստատությունը ծանր, կոռուպցիոն երեւույթներով լի է: Էս բուժհաստատությունը հասցրել են այն աստիճանի, որ բնականաբար պետք է ազատվեր հաշվապահը, որը մի շարք խարդավանքների է մասնակցել: Անձամբ ինձ ուզեցել է կեղծ փաստաթղթեր ստորագրել տալ: Մի քանի աշխատողներ գրանցված են եղել որպես հավաքարարներ, բայց հավաքարարի հաստիքների տակ մեկը աշխատել է որպես համակարգչային օպերատոր, մյուսը՝ քարտուղարուհի: Երբ ես ուսումնասիրեցի հաստիքները, իրենց հրավիրեցի՝ ասացի, որ յուրաքանչյուրդ պետք է աշխատի իր հաստիքի տակ, փախել են, էսպես ասած՝ շպրտել են ամեն ինչ, եւ հենց նույն աշխատողը ջնջել է հիմնարկի բազան, որի համար իրեն դատ է հասնում»,- ասաց տնօրենը: Ըստ նրա՝ այստեղ յուրաքանչյուրն աշխատել է հոր բոստանի պես, իսկ ինքը ընդամենը կարգ ու կանոն է պահանջել, մինչդեռ նախկին տնօրենը ուռճացված հաստիքներ է պահել. այժմ պոլիկլինիկան 13,5 միլիոն դրամ պարտք ունի, հաշիվների վրա կալանք է դրված, ստիպված ենք ուռճացված հաստիքներից ազատվել: «Եթե ինձ մեղադրում են, որ ստիպել եմ սեփական դիմումի համաձայն հեռանալ, ասեմ, որ շատերին՝ հաշվապահին, կադրերի տեսուչին մեծ լավություն եմ արել՝ եթե թողել եմ սեփական դիմումի համաձայն հեռանալ: Լաբորատորիայի բժշկուհին 3-4 ամիս Երեւանում օրդինատուրայում էր սովորում, մեր մոտից ստացել էր աշխատավարձ»,- ասաց տնօրենը: Եթե պոլիկլինիկան պարտքերի մեջ է, ինչո՞ւ է տնօրենը նոր կադրեր բերում՝ հարցրինք նրան: «Ես էստեղ բնավ մարդ չունեմ, տնտեսվարին եմ ազատել, էլի դիմումի համաձայն է գնացել, 62-63 տարեկան տնտեսվարը աշխատանքի ընթացքում չքանում էր, որ կնոջը տաներ էս կողմ, էն կողմ: Ես իրեն հրավիրել եմ՝ ասել եմ, սա հիմնարկ է, լիքը խնդիրներ կան: Դու պարտավոր ես լամպերը փոխես եւ այլն: Ինձ ասել է՝ էլեկտրիկը դա պիտի անի: Ես էլ որպես ի՞նչ նրան պիտի պահեմ ու 80 հազար դրամ աշխատավարձ տամ»,- հարցրեց Գագիկ Ադամյանը: Ըստ տնօրենի՝ ինքը լավ է արել՝ հաշվապահ դրսից է բերել, հպարտ է նոր ընդունած բուժքույրի համար, քանի որ նա գրեթե բժշկի մակարդակ ունի: Ի դեպ, նախկին աշխատակիցները վստահեցրին, որ տնօրենը չունի բժշկական կրթություն եւ այդ պաշտոնին է հասել ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանի ու նրա առողջապահության փոխնախարար որդու հովանավորության շնորհիվ:

Այս մասին՝ վաղվա «Առավոտում»:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829