Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբիկոն

Փետրվար 14,2012 13:48

Որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները վճռական նշանակություն ունեն հայոց պետականության կյանքում` գիտակցում է հայ հասարակության գիտակից զանգվածը, քաղաքական շրջանակների մի զգալի մասը: Դրա մասին բարձրաձայն խոսում են բոլորն անխտիր, եւ նույնիսկ նրանք, ովքեր պատրաստվում են շարունակել հին պրակտիկան նոր ձեւերի մեջ:

Գլխավոր հարցը, հետեւապես, զանգվածային ընտրախախտումների առաջն առնելը, ընտրակեղծիքներն իսպառ բացառելն է: Սակայն «ինչպե՞ս» եւ շահագրգիռ ո՞ր ուժերի միջոցով: Չէ՞ որ այդ հարցադրումը գործնականում հանգեցնում է հեղափոխական իշխանափոխության եւ ոչ թե սոսկ իշխանության փոխանցման: Խոսքը հետխորհրդային առաջին տասնամյակում ձեւավորված «տնտեսական-քաղաքական ակտիվի» քաղաքական իշխանության սահմանափակման, գալիքում գուցեեւ օլիգարխիայի տիրապետության բացառման մասին է, հետեւապես քաղաքակիրթ (քաղաքացիական) հասարակության եւ լիարժեք իրավական պետության կայացման մասին է: Եվ այս բոլորը, ցավոք, աշխատավորական կազմակերպված պայքարի, արհմիութենական շարժման իսպառ բացակայության, լյումպենացված ընտրազանգվածի գերակշռության պայմաններում:

Իրականությանը համարժեք է մնում ներքին ռեզերվների ռելսերի վրա առաջ շարժել ՀՀ պետականաշինության գործը հանրապետության «տնտեսական-քաղաքական ակտիվի» շրջանակներում առկա ուժի երեք կենտրոնների փոխհամաձայնությունների (կոնսենսուս), փոխզիջումների (կոմպրոմիս), շահերի հաշվեկշռի (բալանս) ու համադրման գործընթացով: Ուժի երկու կենտրոններն արդեն կայացել են. ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը՝ իր գլխավորած իշխող ուժով, եւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ իր գլխավորած Կոնգրեսով: Օրախնդիր հարց է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ակտիվ քաղաքական կյանք վերադարձի պահանջ-պարտադրանքը՝ իր կոալիցիոն համախմբով:

Սակայն մինչ այդ հարցի վերաբերյալ եզրահանգումներ անելը՝ ներկայացնեմ որոշ նկատառումներ, եւ եթե կուզեք՝ առարկայական իրողություններով թելադրված ցանկություններ:

Խնդիրը, բնականաբար, ոչ միայն առաջիկա խորհրդարանական ընտրություններն են, այլեւ դրանց անմիջականորեն հաջորդող ՀՀ նախագահական ընտրությունները: Նախ՝ անթույլատրելի է առկա գործընթացները 2008-ի մարտիմեկյան իրադարձությունների շարունակություն դիտելը. ո՛չ իրավական եւ ո՛չ էլ, մանավանդ, քաղաքական-հոգեբանական տեսանկյունից: Դա կլիներ շարժում դեպի ոչ մի տեղ:

Երկրորդ՝ քաղաքական իմաստով վրիպում կլիներ ՀՀ գործող նախագահի կողմից որեւէ բլոկի գլխավորումը՝ ՌԴ հետ արտաքին զուգահեռների համանմանությամբ: Քանզի այդ պարագայում ինստիտուցիոնալ իմաստով էապես կարժեզրկվեր ՀՀ նախագահի պաշտոնը եւ ընտրող զանգվածի աչքում կնսեմացվեր Սերժ Սարգսյանի քաղաքական վարկանիշը: Էլ չենք խոսում այն իրավական կազուսի մասին, որը կառաջանա տվյալ պարագայում: Ավելի՛ն, խորհրդարանական ընտրությունների թվացյալ առավելությունը, անկասկած, կվերածվեր ՀՀ նախագահական ընտրություններում որոշակի կորստի, ՀՀԿ նախագահի դիրքերի թուլացման: Ի վերջո, դա «կխփեր» ՀՀ միջազգային վարկանիշին. հայկական պրակտիկան կդիտվեր որպես ռուսական յուրահատկության մեխանիկական պատճենահանում:

Ինչ վերաբերում է Լեւոն Տեր-Պետրոսյանին, ապա այստեղ ամեն ինչ պարզ է՝ մասնավորապես նկատի ունենալով վերջին տարիների նրա գաղափարա-քաղաքական գործունեությունը. ընդսմին նրա պարագայում անհրաժեշտ է ե՛ւ առաջին նախագահին, ե՛ւ իր թիմակիցներին հիշեցնել, որ ինչպես ընտրակեղծիքների պրակտիկան դեպի ժողովրդավարություն գնացող ՀՀ-ում, այնպես էլ տնտեսության անառողջ օլիգարխիկ միտումները՝ համեմված քաղաքական անհանդուրժողականությամբ, «հիմնադրվել են» իր կառավարման տարիներին: Բնագիծ կարելի է դիտել 1995թ.-ի ՀՀ խորհրդարանական եւ 1996-ի ՀՀ նախագահական ընտրությունները:

Հասարակության մոտ, անշուշտ, կան դրական սպասումներ Ռոբերտ Քոչարյանի հնարավոր նոր, ակտիվ դերակատարության ակնկալիքով: Մարդիկ հիշում են այն բարդ իրականությունը, որի պայմաններում Ռոբերտ Քոչարյանը ստանձնեց տնտեսական-քաղաքական դերակատարություն ՀՀ-ում՝ ըստ էության, անցնելով ճգնաժամային կառավարման պրակտիկայի՝ ՀՀ տնտեսության զարգացման գործում անուրանալի նվաճումներով հանդերձ:

Տեսականորեն անառարկելի է՝ այս երեք տարբեր «տնտեսական-քաղաքական կենտրոնները», իրար հակակշռելով եւ, ի վերջո, հավասարակշռելով, ՀՀ-ում կբացեն քաղաքական մրցակցության ճանապարհը, կհաղթահարեն երկրի զարգացումն արգելափակող ռուբիկոնը:

ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆ
Հայաստանի քաղաքագետների միության վարչության անդամ, քաղաքական գիտությունների դոկտոր

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829