Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Օրինաց Ձմեռ-2012»

Փետրվար 14,2012 13:46

Փետրվարի 10-ից 12-ը Աղավնաձորում կայացել է «Օրինաց երկիր» կուսակցության երիտասարդական միության «Օրինաց Ձմեռ» ամենամյա հավաքը, որին մասնակցում են ինչպես Երեւանից, այնպես էլ հանրապետության տարբեր մարզերից ժամանած 1000-ից ավելի երիտասարդներ: Միջոցառմանը, որն արդեն ավելի քան 10 տարվա պատմություն ունի, իրենց մասնակցությունն էին բերել նաեւ ՕԵԿ նախագահ, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը եւ ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:

Ողջունելով երիտասարդ կուսակցականներին՝ Արթուր Բաղդասարյանը հաճելիորեն նկատեց, որ քաղաքական ակտիվ գործունեությունն այս անգամ փոխարինվել է երիտասարդների համար բովանդակալից հանգստով:

Սակայն հորդորեց ներկաներին մեր երկրում տիրող հասարակական-քաղաքական գործընթացին ցուցաբերել ոչ թե պասիվ հայեցողական, այլ ակտիվ նախաձեռնողական մոտեցում, քանի որ առաջիկա համապետական ընտրություններին ՕԵԿ-ը նույնպես ասելու է իր վճռական խոսքը:

Արթուր Բաղդասարյանը նշեց, որ երիտասարդությանը հուզող բազմաթիվ խնդիրներ ներառված են կուսակցության նախընտրական ծրագրերում, եւ մենք մշտապես հետեւողական ենք լինելու այդ խնդիրները լուծելու: Մասնավորապես, հենց ՕԵԿ-ի ջանքերով էր, որ Հայաստանում ներդրվեց մրցակցային կրթության սկզբունքը, որի արդյունքում շնորհալի երիտասարդները սովորում են անվճար՝ պետական բյուջեի միջոցների հաշվին: Կուսակցության հաջորդ հավակնոտ ծրագիրը, որն այլեւս իրականություն է, վերաբերում է երիտասարդ ընտանիքների՝ արտոնյալ պայմաններով բնակարանային շինարարությանը, որի համար ստեղծվեց առաջին հիպոթեքային հիմնադրամը՝ 3 մլրդ կարողությամբ: ՕԵԿ նախագահը կարեւորելով երիտասարդ ընտանիքներին բնակարանով ապահովելու անհրաժեշտությունը՝ նշեց, որ կուսակցությունը հետեւողականորեն շարունակելու է պայքարել, որպեսզի հիպոթեքային եղանակով տրամադրվող բնակարանների տոկոսադրույքները գնալով նվազեն՝ առավել հասանելի եւ մատչելի դառնալու ավելի շատ երիտասարդ ընտանիքների համար: Արթուր Բաղդասարյանը տեղեկացրեց նաեւ, որ ՕԵԿ-ը ԱԺ-ում շրջանառության մեջ է դրել ուսման վարկավորման համակարգին վերաբերող նախագիծ, որի ընդունումը կլուծի հազարավոր երիտասարդների կրթության ֆինանսավորման հարցերը: Այս համակարգի ներդրումը հնարավորություն կտա երիտասարդներին երկարաժամկետ վարկային միջոցների հաշվին ուսում ստանալ եւ այն մարել 15-20 տարվա ընթացքում:

Արթուր Բաղդասարյանի գնահատմամբ՝ երիտասարդությունն այսօր հզոր ուժ է, եւ հենց այսօրվա երիտասարդից է կախված մեր վաղվա օրը, մեր երկրի ապագան, ապա հորդորեց ներկաներին ստեղծել այնպիսի ամուր արժեքային համակարգ, որի հիմքում ընկած կլինեն հայրենասիրությունը, հանդուրժողականությունը, հետեւողականությունն ու հաստատակամությունը, արժեքներ, որոնք երիտասարդ մարդուն կբերեն հաջողություններ:

ԿԱՐԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829