Լսարանից լսարան մտնում, Ժենյային էր հարցնում, պարզվում էր՝ սխալվել է, այլ խմբի դասացուցակ է կարդացել: Սիրում էր աղջկան, խոստավանում նրան, բայց մնում էր անպատասխան: Այսօր սիրահարների օրվա առթիվ աղջիկն է իրենց սիրո պատմությունը պատմում եւ բացահայտ՝ առանց նախկին ամոթխածության՝ իր սերը խոստովանում:
Տղայի հայացքից, նրա հետ հանդիպումներից Ժենյան միշտ խուսափում էր, հարեւաններ էին, մանկուց բակում միասին խաղում էին, աղջիկը նկատում էր նրա հայացքը, ուշադրությունը իր նկատմամբ, սակայն ամենը անուշադրության էր մատնում: Ընկերուհիներն էին արդեն խոսում Ժենյայի նկատմամբ Նրա զգացմունքների մասին, սա էլ ստիպում էր աղջկան խուսափել հերթական հանդիպումներից, շփումներից. վախ, անհանգստություն կար: «Ես մտածում էի՝ ի՞նչ կասեն ծնողներս, եթե իմանան՝ ինքը ինձ սիրում է, նաեւ ուզում էի սովորել ու մտածում էի՝ ինձ հաստատ կխանգարի ինքը, վախենում էի»,- ասում է Ժենյան,մտաբերում այդ օրերից մնացած զավեշտալի մի հուշ. բակի երեխաների հետ միասին ձմեռային մի օր, ձյան մեջ խաղում էին, Ժենյան, նկատելով, որ Նա «հետապնդում» Է իրեն, փախչում է, կոշիկը ոտքից դուրս է գալիս, կորում, չեն գտնում, գարնանը, երբ եղանակաները տաքանում են, կոշիկը նոր «հայտնաբերվում է»: «Ի սկզբանե Նրա նկատմամբ ոչ մի զգացմունք չունեի, անտարբեր էի, գնաց Ռուսաստան, եկավ, վերաբերմունքս փոքր-ինչ փոխվեց, բայց սիրահարված չէի»,- Ժենյան է պատմում: Ասում է՝ Նա իր դասղեկի տղան էր, համալսարանում սովորելու առաջին տարում դասարանով հավաքվեցին, դասղեկի տղան էլ այնտեղ էր, խնջույքի ժամանակ Ժենյան նորից նրա ուշադրության կենտրոնում էր, հրավիրում էր պարելու, զրուցում էին միասին եւ այլն: Հավաքույթից հետո էլ հետաքրքրությունը աղջկա նկատմամբ չի սպառվում, այլ ավելի թափով շարունակվում է. անընդհատ զանգեր, սիրային հաղորդագրություններ, համալսարանից տուն «հետապնդումներ»: «Սկզբնական շրջանում սիրո մասին չէինք խոսում, անընդհատ զանգում էր, զրուցում էինք ամեն ինչից, հետո էլ սկսեց շատ գեղեցիկ սիրային հաղորդագրություններ ուղարկել, այդ ժամանակ չէի սիրում նրան, շատ անտարբեր էի,- ասում է Ժենյան՝ հիշում,- մեր կուրսի այլ խմբի դասցուցակն էր նայել, լսարանի տեղը սխալ իմացել, հետո էլ ամեն անգամ այդ լսարանում ինձ փնտրել, դասախոսը լավ բարկացել էր՝ ամեն անգամ կրկնելով, որ էտ կուրսում Ժենյա չկա (ծիծաղում է. Հ. Հ.)»: Ժենյան հիմա ժպիտով է խոսում իր համառության մասին, ասում է՝ լսարանից զատ՝ տան հասցեն էլ տղային հեշտ չտրվեց իմանալ. «Հետեւել էր ինձ, իմացել Երեւանում որտեղ եմ ապրում, բայց չէր կարողացել իմանալ, թե հատկապես որ բնակարանում եմ: Զանգեց, ասաց պատուհանից նայի, թե չէ բոլոր դռները կծեծեմ, վախեցա, նայեցի»:
Նա գնում է բանակ, այստեղից Ժենյային անընդհատ զանգում, սիրո մասին խոսում, աղջկա զգացմունքներն էլ աստիճանաբար ծնվում են, զգում է՝ ինքն էլ անտարբեր չէ: «Իր սիրո մասին Նա երբեք չի ամաչել խոսել, ինձանից էլ պահանջում էր նույնը, ես չէի կարողանում արտայատվել, բառացի ասել՝ «Ես քեզ սիրում եմ», մի անգամ ասացի, հարցրու, կպատասխնեմ, հարցրեց՝ «Սիրու՞մ ես», ես էլ ասացի՝ այո»,- պատմում է Ժենյան: Սիրելին իր համար շատ թանկ է, հասկանում եւ ընդունում է Նրան, սիրում եւ գնահատում է Նրա բարությունը. «Շատ բարի է»,- հպարտությամբ լցված սրտով՝ ասում է Ժենյան: Շնորհավորում է բոլոր սիրահարվածների տոնը, իր սերը համեմատում արեւի հետ՝ այն հավերժական է եւ ջերմացնող: Ասում է նա: «Ի՞նչ է սերը: Գիտե՞ք՝ ես բազմիցս մտածել եմ այս հարցի մասին և երբեք չեմ կարողացել բառերով արտահայտել այն, ինչ մտածում եմ, շատ եմ լսել «սեր» երևույթի բացատրություններ, որոնք իրար նման չեն: Չի կարելի ասել, որ տարբերակն է լավ, յուրաքանչյուր մարդ յուրովի է այն զգում և արտահայտում: Ինձ համար սերը կյանքս շարժման մեջ դնող շարժիչն է: Սերն է ստիպում ինձ լինել լավատես և շարժվել առաջ: Այն ինձ երբեք չի խանգարել: Ես կցանկանայի, որ յուրաքնչյուր ոք սիրի և զգա այսպիսի կապվածություն: Ես որքան էլ փորձել եմ միշտ ցույց չտալ, թե որքան եմ սիրում և երբևէ ինձ խենթություններ թույլ չեմ տվել, բայց գալիս է մի պահ, որ հասկանում ես, որ անընդհատ ստանում ես և շատ քիչ բան ես տալիս կողակցիդ, շատ քիչ ես արտահայտում, փորձում ես թաքցնել, հիմա հասկացա, որ ես պատրաստ եմ զգացմունքիս մասին բարձրաձայն խոսելու, որովհետև կա այն մեկը, ով արժանի է այս վերաբերմունքին»: