Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժողովրդավարության, ազատության ավելի մեծ հնարավորություններ»

Փետրվար 14,2012 13:26

Հանրապետական Արտակ Զաքարյանը համոզված է, որ ՀՀԿ-ի՝ ԵԺԿ-ին անդամակցելը կապահովի հենց սա

– Հանրապետական կուսակցությունը եւ հայաստանյան եւս երկու քաղաքական ուժ՝ «Օրինաց երկիը» եւ «Ժառանգությունը», դարձան Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամ, եւ բոլոր երեքի ներկայացուցիչներն էլ խոսելով իրենց անդամակցության մասին՝ պնդում են, որ դրանից կշահի ՀՀ քաղաքացին: Անկեղծ ասած՝ այնքան էլ պարզ չեմ պատկերացնում, թե ինչպես է շահելու շարքային քաղաքացին այս ուժերի՝ ԵԺԿ-ին անդամակցելով:

– Բոլոր երեք կուսակցություններն անդամակցելով ԵԺԿ-ին, շարունակելով իրենց կուսակցական գործունեությունը եւ դառնալով նաեւ եվրոպական կուսակցության անդամ, ընդունելով եւ առաջնորդվելով եվրոպական արժեքներով, այն է՝ ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, պահպանողականություն, քրիստոնեա-դեմոկրատական արժեքային համակարգ եւ այլն, իսկ այս բոլոր մոդելները Եվրոպան արդեն բավական երկար ժամանակ կիրառել է եւ հաջողությամբ է կիրառել, եւ հայաստանյան քաղաքական ուժերի անդամակցությունը յուրատեսակ հնարավորություն է՝ այդ փորձով փոխանակվելու եւ նաեւ գտնվելու մի քաղաքական ընտանիքում, որը պատրաստակամ է արեւելյան գործընկերության, նոր հարեւանության շրջանակում նաեւ քաղաքական ինտեգրում իրականացնել կուսակցությունների մակարդակով: Գաղտնիք չէ, որ կուսակցություններն են երկրներում քաղաքական գործընթացները առաջ տանելու եւ կիրառելու որոշումների կայացման լավագույն մեխանիզմը: Եվ իշխանության ձեւավորման, եւ ընդդիմադիր դաշտի ձեւավորման, եւ հասարակական կարծիքի ձեւավորման առումով՝ կուսակցությունների միջոցով գործընթացների իրականացումը, իհարկե, մեր քաղաքացիները իրենց մաշկի վրա զգալու են՝ ժողովրդավարության, ազատության ավելի լայն հնարավորություններ: Զգալու են եվրաինտեգրման գործընթացի արագացում, խորը եւ համապատասխան պայմանագրի ստեղծում, ինչը հնարավորություն կտա եւ բիզնես ոլորտում, եւ կրթական-սոցիալական ու մնացած բոլոր ոլորտներում քաղաքացիների ավելի ազատ ելումուտին, կլուծվեն վիզային ռեժիմների դյուրացման խնդիրները, կրթական միասնական ընտանիքում լինելու խնդիրները, նաեւ՝ քաղաքական բաղադրիչները՝ արդեն գոյություն ունեցող ինստիտուտների միջոցով, նկատի ունեմ Եվրահանձնաժողովը, Եվրապառլամենտը, «Եվրանեսթը», ԵՄ եւ տվյալ երկիր կապերը, այսինքն՝ կմեծանան հնարավորությունները՝ բազմակողմ եւ երկկողմ կապերի միջոցով աջակցելու, որպեսզի հայկական քաղաքական համակարգը, ինչպես նաեւ հասարակական համակարգը ավելի արագ տեմպերով եւ ավելի նպաստավոր պայմաններով կարողանան օգտվել եվրոպական միասնական տարածքի ֆինանսական, տնտեսական, սոցիալական, քաղաքական, մշակութային եւ այլ ծրագրերից: Սա ենթադրում է, որ եվրոպական շատ համակարգերում, բոլոր այն տեղերում, որտեղ ԵԺԿ-ն ներկայացված է քաղաքականապես, մեզ հնարավորություն կտրվի, որպեսզի այդ միջավայրերում կարողանանք մեր խնդիրները ավելի անկաշկանդ բարձրացնել, անմիջականորեն եւ ոչ թե միջնորդավորված, եւ մենք կընդունվենք որպես յուրային:

– ԵԺԿ-ի անդամակցության համար դիմած հայաստանյան քաղաքական ուժերից միայն «Բարգավաճ Հայաստանը» չդարձավ եվրոպական այդ կուսակցության անդամ, եւ ԲՀԿ ներկայացուցիչների մեկնաբանություններում հնչում է կարծիք, թե ԵԺԿ-ն կայացրել է քաղաքական որոշում: Ի՞նչ է, ըստ Ձեզ, այս քաղաքական որոշում ասվածը, եւ ինչո՞ւ ԲՀԿ-ն չդարձավ ԵԺԿ անդամ:

– Անկեղծ ասած, ես չեմ կարող ասել, թե ինչու ԲՀԿ-ն չդարձավ ԵԺԿ անդամ, սակայն որոշումները ԵԺԿ ասամբլեան կայացրել է դեռ նոյեմբերին՝ Հայաստանում փաստահավաք խմբի կազմած զեկույցի հիման վրա, որում հստակ անդրադարձ է կատարվում դիմած բոլոր չորս կուսակցություններին, եւ այդ հարցի պատասխանը երեւի պետք է գտնել հենց այդ զեկույցում: Ես այդ զեկույցին ծանոթացել եմ միայն ՀՀԿ-ի մասով եւ կարող եմ մեր մասով ասել, թե որոնք էին այն պատճառները, որոնք բավարար հիմք դարձան, որպեսզի ԵԺԿ-ն Հանրապետական կուսակցությանը առանց որեւէ դեմ ձայնի, միաձայն ընդունի իր շարքերը եւ տա դիտորդ-անդամի կարգավիճակ:

– Հայտնի է, որ ի տարբերություն Հայաստանի, որում գործող քաղաքական ուժերից միանգամից երեքը դարձան ԵԺԿ անդամ, եվրոպական այդ կուսակցությունը մերժեց Ադրբեջանից դիմած միակ քաղաքական ուժին՝ «Ենի-Ադրբեջան» կուսակցությանը: Ինչո՞ւ դա տեղի ունեցավ, հայտնի է, որ նույն այն օրերին, երբ տեղի էր ունենում ԵԺԿ վեհաժողովը, տեղի ունեցան նաեւ լսումներ Ադրբեջանի մասնակցությամբ:

– Այո, ճիշտ եք, Ադրբեջանի «Ենի Ադրբեջան» կուսակցությունը եւս դիմել էր անդամակցելու համար, դեռեւս 2008-ից, սակայն մերժվեց, եւ փետրվարի 9-ին ԵԺԿ ասամբլեային զուգահեռ տեղի էին ունենում լսումներ, որը Եվրապառլամենտում կազմակերպել էր ԵԺԿ խմբակցությունը՝ «Ադրբեջանը եւ ԵՄ-ն, նոր հորիզոններ, համագործակցություն» թեմայով, որտեղ Ադրբեջանը մասնակցում էր Մամեդյարովի մակարդակով: Ես նույնպես մասնակցեցի այդ քննարկումներին դիտորդի կարգավիճակով, քանի որ քննարկումները բաց էին: Ինձ համար շատ հետաքրքիր էր, թե ինչ խնդիրներ են բարձրացնում պատգամավորները Ադրբեջանի առաջ, եւ պետք է ասեմ, որ Ադրբեջանին ուղղված քննադատությունների հիմնական մասը վերաբերում էր այդ երկրում ժողովրդավարության պակասին, մարդու իրավունքներին եւ հիմնարար ազատություններին: Եվրոպացի պատգամավորները Ադրբեջանին կոչ էին անում ստեղծել բաց հասարակություն, եւ ասվում էր, որ ժողովրդավարության հիմնավորման համար պետք է մեծ ուշադրություն դարձնել ազատ մամուլին, ազատ տնտեսական հարաբերություններին, ազատ ընտրություններին եւ քաղաքացիական հասարակության ձեւավորմանը: Շատ պատգամավորներ փաստերով էին ներկայացնում Ադրբեջանում առկա հիմնական խնդիրները: Իհարկե, խոսք եղավ նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, եւ բոլորն էլ, ըստ էության, արձանագրեցին, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը այլընտրանք չունի եւ չի կարող ունենալ: Շատ եվրոպացի պատգամավորներ իրենց խոսքում նշեցին, որ, ինչ խոսք, Ադրբեջանը ունի նավթ եւ գազ, որը կարեւոր է, բայց երբեք նավթն ու գազը չեն կարող դառնալ այն միակ չափորոշիչը, որը հետաքրքրում է Եվրոպային:

Զրույցը վարեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829