Լրահոս
Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյանը միակն է ու անկրկնելին»

Փետրվար 14,2012 13:15

Հրազդանյան ընտրություններից նման հետեւություն է արել ՀՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանը

«Ընտրությունների ընթացքը Հրազդանում, ինչպես փաստում են տարբեր վկաներ, կողմերի վստահված անձինք, եղել են կոռեկտ, կարելի է ասել՝ նույնիսկ միմյանց արժանապատվությունը պահպանելու քաղաքական մրցապայքարում»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում վերլուծելով նախորդ օրը Հրազդանում կայացած քաղաքապետի ընտրությունները, որոնք, ըստ էության, լակմուսի թղթի դերակատարում ունեին հայաստանյան քաղաքական դաշտում, ասաց Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը: Հիշեցնենք, որ կիրակի օրը Հայաստանի 40 համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ էին: Քաղաքական գործիչները եւ վերլուծաբանները, նաեւ քաղաքականապես ակտիվ հանրությունը առանձնակի ուշադրության էին արժանացնում հենց Հրազդանի քաղաքապետի պաշտոնի ընտրապայքարը, քանի որ դրան մասնակցում էին ՀՀԿ ներկայացուցիչ, գործող քաղաքապետ Արամ Դանիելյանը եւ ՀԱԿ անդամ, ազատամարտիկ, Հրազդանի նախկին քաղաքապետ եւ ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը: Վերլուծաբանների եւ քաղաքական գործիչների կարծիքով՝ այդ ընտրությունները ուրվագծելու են առաջիկա խորհրդարանական ընտրությունների պատկերը, քաղաքական հետագա զարգացումները: Ընտրությունների արդյունքում, ըստ պաշտոնական տվյալների, 1600 ձայների առավելությամբ հաղթեց ՀՀԿ-ական գործող քաղաքապետ Արամ Դանիելյանը:

Խոսրով Հարությունյանի համոզմամբ՝ պնդումը, որ այս ընտրություններում հասարակությունն իր ընտրությունը կատարելու է ոչ թե անհատներին, նրանց աշխատանքային եւ այլ հատկանիշներին առավելություններ տալով, այլ թիմերին, անհիմն չէր: «Գոնե իմ հրազդանյան ծանոթների շրջապատը, որտեղ ես տարիներ շարունակ աշխատել եմ, նրանց մեծամասնությունը նախապատվությունը տալիս էր՝ ոչ միայն ելնելով գործող քաղաքապետի որոշակի առանձնահատկություններից, աշխատանքային որակներից, այլ, որ կարեւոր է, մեծամասնությունը գտնում էր, որ այնուհանդերձ, այսօրվա գործող իշխանություններն անհամեմատ ավելի վստահելի են վաղվա օրվա համար, քան այլ քաղաքական ուժեր»,- ասում է մեր զրուցակիցը՝ այս առումով հրազդանյան ընտրությունները յուրօրինակ ցուցիչ համարելով. «Կարծում եմ՝ դեռ վաղ է շատ հեռու գնացող եզրակացություններ անել, բայց այն վերլուծություններն ու ուսումնասիրությունները, որոնք կատարվում են այս ընտրությունների առիթով, փաստում են, որ քաղաքական եւ քաղաքացիական ակտիվ վարքով ու կեցվածքով հանրության մի ստվար զանգվածի մոտ գերիշխում է այն ընկալումը, որ վաղվա օրվա դրական փոփոխությունների առումով շատերի մոտ վստահություն է ներշնչում այսօրվա իշխանությունը՝ ի դեմս հանրապետության նախագահի եւ ՀՀԿ-ի, քան ընդդիմությունը»:

ՀՔԴՄ նախագահն իր շնորհավորանքներն է ուղղում նաեւ հրազդանյան հանրությանը, ընտրողներին, որոնց հաջողվեց այդ լարված, էմոցիոնալ պայմաններում լինել շատ զուսպ, հավասարակշռված եւ պատասխանատու. «Այս ընտրություններում նախեւառաջ հաղթեց հրազդանյան ընտրողը: Ամենամեծ հետեւությունը, որը պետք է անել այս ընտրություններից, կարծում եմ՝ սա է: Մենք առաջիկայում հայտնվելու ենք ընտրական գործընթացների մեջ, եւ շատ կարեւոր կլինի, որ յուրաքանչյուրս իրեն զգա նույնչափ պատասխանատու՝ ընտրությունների արդյունքների եւ ընտրական գործընթացի նկատմամբ, ինչպես իրենց դրսեւորեցին հրազդանցիները: Սա արժե լուրջ քննարկման առարկա դարձնել եւ ցանկացած նման դրսեւորմանը դրվատանքի խոսքեր ուղղել»:

«Առավոտի» դիտարկմանը՝ ինչպես բոլոր ընտրություններում, այս դեպքում էլ իշխանությունը մեծ առավելություն ուներ՝ իշխանական լծակները, Խոսրով Հարությունյանը հակադարձեց. «Իշխանությունն առավելություններ ունի, բայց գործնականում իշխանությունն ավելի խոցելի է: Եթե լծակների տեսակետից կա առավելություն, ապա վարքագծի տեսանկյունից իշխանությունն ավելի խոցելի է, քան ընդդիմությունը»: Իսկ այն փաստը, որ Սասուն Միքայելյանի թիմակիցները ընտրախախտումներ արձանագրելով հանդերձ՝ ձեռնպահ են մնում ընտրությունների արդյունքները բողոքարկելուց կամ գոնե որոշ տեղամասերում դրանք վիճարկելուց, մեր զրուցակցի համոզմամբ՝ մեկ բան է փաստում. «Արձանագրված խախտումները կամ կեղծիքները էական դեր չեն խաղացել եւ չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա, այլապես ընդդիմությունը չէր կորցնի բողոքարկման այդ հնարավորությունը: Սա փաստում է, որ ընտրությունները եղել են Ընտրական օրենսգրքին համապատասխան եւ ընտրական պայքարին բնորոշ վարքագծի կանոնների շրջանակներում՝ զուսպ եւ կոռեկտ»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829