Լրահոս
Օրվա լրահոսը

«Տեխնոլոգիայի» հիմքերը

Փետրվար 14,2012 12:52

Հրազդանում տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունները բացահայտեցին այն մոդելը, որն իշխանությունն ընտրել է գալիք խորհրդարանական ընտրություններում իր հաղթանակն ապահովելու համար: Չեն լինելու լցոնումներ, չի լինելու ընտրական տեղամասերում տուրուդմփոց, իշխող կուսակցությունները հնարավորինս խուսափելու են բոլոր տեսակի տհաճ միջադեպերից: Տեղամասերում լույսերն անջատելը պարզապես «ռետրո» էր, տուրք 90-ականների ավանդույթներին, անիմաստ մի քայլ, որի արդյունավետությունը հավասար է զրոյի՝ նման բան, կարծում եմ, էլ չի կրկնվի: Այդ ամենի փոխարեն, ըստ այդ ծրագրի, իր որոշիչ դերն է խաղալու ընտրողներին կաշառելը, որը, ճիշտ է, կիրառվում է 95 թվականից, բայց մասշտաբներն այս անգամ տպավորիչ են լինելու: Նման «տեխնոլոգիայի» համար, կարծում եմ, պարարտ հող կա, որովհետեւ մեր հասարակության մեջ գերիշխող տրամադրությունն է՝ «մեկ է, այս երկիրը չի դզվի»: Իսկ եթե այդպես է, ապա ի՞նչ տարբերություն՝ նրա՞նք, թե՞ սրանք, գոնե մի երկու կոպեկ փող աշխատենք:

Ասել, որ նման տրամադրությունների համար բացարձակապես ոչ մի հիմք չկա, չափազանցություն կլիներ: Իհարկե, Սասուն Միքայելյանը ավելի խարիզմատիկ անձնավորություն է եւ հայրենիքի առաջ անհամեմատ ավելի մեծ ծառայություններ ունի, քան գորշ եւ ոչ մի բանով աչքի չընկնող չինովնիկ Արամ Դանիելյանը: Բայց եթե պարոն Միքայելյանը նույնիսկ երդվի, որ նախկինում պատգամավոր դառնալու համար նա ընտրակաշառք չի բաժանել եւ վարչական ռեսուրս չի կիրառել, ես, օրինակ, նրան չեմ հավատա: Նախկին իշխանավորները, չգիտես ինչու, վստահ են կամ վստահեցնում են, թե նրանք իշխանավոր են դարձել ժողովրդի՝ իրենց նկատմամբ բուռն սիրո արդյունքում, իսկ ահա ներկայիս իշխանությունների հանդեպ ժողովուրդը նույնքան բուռն ատելություն ունի եւ կարող է «կողմ» քվեարկել միայն կաշառքի դիմաց: Ինձ թվում է, դա մոլորություն է՝ բոլորի նկատմամբ կա հավասարաչափ եւ խորը անտարբերություն: Եթե սերը ընդդիմադիր թեկնածուի հանդեպ այդքան անդիմադրելի լիներ, մարդիկ 5 հազար դրամի դիմաց նրա մրցակցին ձայները չէին տա: Արժե՞ արդյոք զարմանալ, որ մրցակիցդ նույնն է անում, ինչ որ ժամանակին դու ես արել:

Մի հանգամանք եւս. երբ նախարարն իրեն փողոցում դիմած քաղաքացուն անվանում է «բոմժ», երբ անգրագետ եւ լկտիացած պատգամավորն իր գործընկերոջն անվանում է «հայվան», մենք իրավամբ ընդվզում ենք դրա դեմ: Նույն ռեակցիան պետք է լինի այն ժամանակ, երբ FB-ում Սասուն Միքայելյանի կողմնակիցները ընտրակաշառք վերցրած (իրենց կարծիքով՝ հազարավոր) մարդկանց անվանում են «անասուն» եւ «պուտանկա»: Մանավանդ, կրկնեմ, որ այդ պրակտիկան շրջանառության մեջ է դրել հենց այն թիմը, որն այսօր անհաշտ ընդդիմություն է եւ բողոքում է ընտրակաշառքների դեմ:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829