Փետրվարի 14-ին Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը հրավիրել էր համայնքի ավագանու արտահերթ նիստ: Նիստի օրակարգում համայնքի 2012թ. բյուջեի նախահաշվի, քաղաքապետարանի եւ դրա ենթակա հիմնարկների հաստիքացուցակների եւ պաշտոնային դրույքաչափերի, 2012թ
տեղական տուրքերի ու վճարների չափերի հաստատումն էր:
Նիստը չկայացավ, քանի որ քվորում չկար, ավագանու 14 անդամներից ներկայացել էին 7-ը:
Ավագանու նախորդ` փետրվարի 10-ի նիստը նույնպես չէր կայացել քվորումի բացակայության պատճառով: Նախորդ նիստի 7 բացակայողներից փետրվարի 14-ի նիստին ներկայացել էր միայն Իջեւանի վարժարանի տնօրեն Հասմիկ Ամիրյանը: Վերջինս մինչեւ նիստի սկսվելը քաղաքապետ Վարդան Ղալումյանին իր կարծիքն էր հայտնել համայնքի բյուջեն համալրելու հնարավորությունների վերաբերյալ: Քաղաքապետը հայտնեց, որ հաջորդ արտահերթ նիստը կհրավիրվի 3 օրից:
Կարդացեք նաև
Նիստին առանց որեւէ պատճառաբանության բացակայող ավագանու անդամները նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի ազգակից բարեկամներն ու կողմնակիցներն են:
Տավուշի մարզկենտրոնը մարզի 62 համայնքներից միակն է, ուր դեռ չի հաստատվել տեղական բյուջեի նախահաշիվը:
Նոր տարվա շեմին ձերբակալվել էր խուլիգանության գործով մեղադրվող ավագանու անդամ Հովիկ Խեչյանը: Ներկայումս ավագանու անդամները ստորագրություններ են հավաքում Հովիկ Խեչյանի խափանման միջոցը փոխելու նպատակով ՀՀ վճռաբեկ դատարան դիմելու համար:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ