Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրենյանց. Քոչարյանն «անցած փուլ» է, Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ մաշված

Փետրվար 14,2012 12:30

Հատվածներ քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի հետ հարցազրույցից

 – ԲՀԿն ընդդիմադիր կեցվա՞ծք է փորձարկում, թե՞ «կարկանդակի» իր մասնաբաժինն է մեծացնում:

 

– Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքագիտական վերլուծության մեջ կային բազմաթիվ ճշմարտություններ, բայց եթե ՀԱԿ-ը պայքարի մեխն ուղղի ՀՀԿ-ԲՀԿ հակասությունների վրա, կնմանվի 2000-ականների կեսերի ընդդիմությանը, որի հույսը Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան հակասություններն էին։ Թե ի՞նչ է կատարվում ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջեւ, գրեթե կապ չունի իշխանություն-ընդդիմություն հարաբերությունների հետ։ ԲՀԿ-ի կառուցվածքը, արժեքային համակարգը, ազդեցիկ անդամներին հաշվի առնելով՝ միանշանակ կարելի է պնդել, որ այն ընդդիմադիր կուսակցություն երբեք չի դառնա։

– ԲՀԿն, Ձեր կարծիքով, ղեկավարվում է ներսի՞ց, թե՞ դրսից։

– Ներսից. ամեն դեպքում, կա խարիզմատիկ լիդերի գործոնը, այսօր հասարակությունը նման գործիչների կարիքն ունի։ Իհարկե, կա նաեւ Քոչարյանի գործոնը, որը պետք չէ գերագնահատել։ Հազիվ թե Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն անհաղթահարելի հակասություններ ունենան։ Աստիճանաբար Քոչարյանի ազդեցությունը զրոյացվելու է, եւ ԲՀԿ-ն, թերեւս այդ պատճառով էլ, փորձում է ինքնուրույն քաղաքական ուժ դառնալ։

– Արդյոք Ռոբերտ Քոչարյանը մի՞ֆ չէ, որով ոմանց վախեցնում են, ոմանց հույս տալիս։

– Նա ոչ միայն միֆ չէ, այլեւ անցած փուլ է, եթե ՀԱԿ-ում այդքան շատ չշեշտադրեն նրա գործոնը, իսկ իշխանությունը ՀԱԿ-ին չվախեցնի նրա գործոնով, գրեթե վստահ եմ՝ հասարակությունն էլ շատ արագ կհամոզվի, որ երկրորդ նախագահն այլեւս անցած փուլ է։

– Ի՞նչ պիտի անեն ՀՅԴն, «Ժառանգությունն» ու «Ազատ դեմոկրատները» այդ պարագայում։

– «Ազատ դեմոկրատների» ու «Ժառանգության» դաշինքը չեմ բացառում, հաջող քարոզչության պարագայում նրանք կարող են հայտնվել խորհրդարանում։ ՀՅԴ-ն բավարարվելու է իր 7-8-տոկոսանոց ներկայությամբ: Բոլոր քաղաքական ուժերի ճակատագիրը կորոշվի լուսանցքային երեք խաղացողների փոխհարաբերությունների համատեքստում: Լրջորեն քննարկել, թե «Ազատ դեմոկրատները», «Ժառանգությունը» կամ ՀՅԴ-ն ինչ հեռանկար ունեն, իմաստ չունի, մանավանդ, նրանք չունեն նախագահի սեփական թեկնածու։ Րաֆֆի Հովհաննիսյանը կարող է առաջադրվել, բայց որոշակի ազդեցիկություն կունենա, եթե Լեւոն Տեր-Պետրոսյանի փոխարեն ՀԱԿ-ից առաջադրվի այլ թեկնածու։

Դա բացառված չէ՞։

– Ես համոզված եմ, որ 2013-ի նախագահական ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանը չի առաջադրվի։

– Տարիքի՞ պատճառով։      

– Քաղաքական մաշվածության:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

«Իրատես de facto»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829