Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ մի ապացույց էլ չկա, այլապես հիմա ՀԱԿ-ն արդեն մի 10 հայցադիմում էր ներկայացրել»

Փետրվար 14,2012 12:29

ՀԱԿ ներկայացուցիչ, Հրազդանի քաղաքապետի թեկնածու, ի դեպ, ժամանակին նաեւ մարզկենտրոնի քաղաքապետ եղած Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի ղեկավար Հակոբ Ավագումյանի երեկվա հայտարարություններն ու փաստարկները ուղղակի խիստ ինքնատիպ տրամաբանության վրա են կառուցված։
Ահավասիկ, ինքներդ համոզվեք։ Հայտարարելով, թե Սասուն Միքայելյանի շտաբը չի բողոքարկելու փետրվարի 12-ին տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունների արդյունքները, շտաբի պետ Հակոբ Ավագումյանը միաժամանակ նշել է. «Այնպիսի կեղծիքներ ու խախտումներ են արվել, որ հնարավոր չէ վեր հանել վերահաշվարկի կամ դատական բողոքարկման միջոցով: Խոսքը վերաբերում է մոտ 4 հազար կեղծ անձնագրերով քվեարկությանը եւ համատարած ընտրակաշառքներին, որն անհնարին է դատական կարգով ապացուցել»:
Դուք բան հասկացա՞ք։ Ի՞նչ է ուզում ասել Ս.Միքայելյանի շտաբի պետ Հ.Ավագումյանը։ Նրա խոսքով, փաստորեն ստացվում է, թե խախտումներն այնքա՜ն շատ են, որ իրենք ընտրությունների արդյունքները չեն ուզում բողոքարկել։ Ավելի ծիծաղելի ու անհեթեթ բան հնարավոր չէր մտածել։
Պարոնայք, եթե խոսում եք «կեղծ անձնագրերի» մասին, այն էլ ոչ թե 1, 2 կամ 12 հատ, այլ ամբողջ 4 (չորս) հազար, ապա միգուցե այնքան բարի գտնվեիք, որ գոնե մի 40-ը ներկայացնեի՞ք, չենք ասում դատարանին, գոնե հանրությանը։ Հակառակ պարագայում, կներեք, բայց որեւէ հիմնավորումից զուրկ նման հայտարարությունն ուղղակի զազրախոսության եւ «մանթոյի» մեջ ընկած մարդու ինքնարդարացման խղճուկ տպավորություն է թողնում։
Երկրորդ. եթե 4 հազար կեղծ անձնագրով քվեարկելու դեպք է եղել, ապա ո՞ւր էին նայում կամ ինչո՞վ էին զբաղված Հայ ազգային կոնգրեսի հազարավոր ակտիվիստներն ու կողմնակիցները, որ անցած կիրակի «դեսանտ» էին իջեցվել Հրազդանում։ Եվ ընդհանրապես, ի՞նչ է նշանակում «անհնարին է դատական կարգով ապացուցել»։ Իսկ դա նշանակում է, որ ուղղակի ոչ մի ապացույց էլ չկա, այլապես հիմա ՀԱԿ-ն արդեն մի 10 հայցադիմում էր ներկայացրել, չհաշված երեւի իրարահաջորդ «ընթացիկ», «նախնական» ու «ամփոփիչ» հայտարարությունները։
Էլ ի՞նչ է հայտարարում Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի ղեկավարը։ Հիացեք. «Հրազդանում որեւէ ընտրության ընտրողների մասնակցության փաստացի թիվը երբեք չէր գերազանցել 21-22 հազարը։ Երեկ քաղաքապետի ընտրությանը գրանցվել է աննախադեպ` 25480 ընտրողների մասնակցություն։ Սա նշանակում է, որ ինչ-որ բան այն չէ, որ գործի է դրվել ընտրակեղծարարության նոր տեխնոլոգիա, նոր մեթոդ` պետական մակարդակով»։
Սա էլ է խիստ յուրատիպ տրամաբանություն։ Այսինքն՝ եթե նախորդ ընտրությանը ընդհանուր մոտ 43 հազար ընտրողից 22500-ն է մասնակցել քվեարկությանը, իսկ այս անգամ` 25480-ը, ապա դա ընտրակեղծի՞ք է։ Այ քեզ բա՜ն։ Հապա ինչո՞ւ էին նույն Սասուն Միքայելյանն ու նրան սատարող ՀԱԿ ներկայացուցիչները շարունակ հորդորում, որ ընտրողներն ավելի ակտիվ մասնակցություն ցուցաբերեն։

Ավելին. ի՞նչ է նշանակում` «Հրազդանում որեւէ ընտրության ընտրողների թիվը երբեք չի գերազանցել 21-22 հազարը», այն դեպքում, երբ 2007 թվականին, ԱԺ ընտրություններին Հրազդանում մասնակցել է ավելի քան 25 հազար ընտրող, իսկ 2008 թվականին` նախագահական ընտրությունների ժամանակ, քվեարկության մասնակիցների թիվը եղել է 25567։ Հապա էլ ո՞ւր մնաց «որեւէ ընտրության ժամանակը» եւ հատկապես՝ «երբեքը»։

Մ. ՍԱՀԱԿՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829