Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրական տեղամասն այլեւս անհետաքրքիր է քաղաքական գործընթացի առումով

Փետրվար 14,2012 12:13

Սասուն Միքայելյանը հաղթեց, քաղաքապետ նշանակվեց ՀՀԿ-ական Արամ Դանիելյանը. այս առումով անակնկալ չգրանցվեց: Բայց անակնկալներ այս ընտրական գործընթացը արձանագրեց: Թվարկենք.

1. Հրազդանի ընտրություններում ընտրատեղամասերում կեղծիքներ չեղան: Լրագրողները, ընդդիմադիր թեկնածուի վստահված անձեր, դիտորդներ չծեծվեցին, կրկնակի քվեարկության դեպքեր չեղան, ուրիշի փոխարեն քվեարկողներ եղան, բայց դրանք քիչ էին եւ չէին կարող փոխել ընտրության պատկերը: Անակնկալ առաջին՝ ընտրական տեղամասն այլեւս անհետաքրքիր է քաղաքական գործընթացի առումով: Ընտրություններ այստեղ չեն կայացել երբեք, բայց տեղամասերում արձանագրվածը հիմք է դարձել քաղաքական եւ իրավական գործընթաց սկսել-ծավալելու համար:

2. Հրազդանի ընտրություններում «աշխատեց» մարդկանց բերելու եւ Հրազդանում ժամանակավոր գրանցում տալու պրակտիկան: Սա շատ ավելի վաղ էր սկսվել, քան հասցրեց գլխի ընկնել ընդդիմությունը: Ընտրություններից ամիսներ առաջ ՀՀԿ-ն Ծաղկաձորից եւ հարակից այլ համայնքներից մարդկանց բերել եւ դարձրել էր «Հրազդանի քաղաքացի», եւ այս փաստը, հասկանալի պատճառներով, դուրս մնաց վերահսկողությունից կամ էլ պատշաճ ուշադրության չարժանացավ:

3. Հրազդանի ընտրություներում առավել, քան երբեւէ աշխատեց փողը: Ընտանիքին 20 հազար դրամ, կլորացրած հաշվարկով՝ ամեն մարդու 5000 դրամ: Այն, որ կլինեն գումարով քվեարկողներ, նորություն չէր, բայց նորություն էր փողի իշխանությանը զանգվածաբար տրվելը: Կույրեր, թոփալներ, անմեղսունակներ. սրանց բերում էին ընտրության սեփական հարազատները՝ թոռը, տղան, հարսը, եղբայրը: Ընտանիքից եթե մեկը չէր գալիս ընտրության, ՀՀԿ-ական հանձնաժողովի անդամներն ու նախագահները ֆիքսում էին, եւ բացակայողի՝ տեղամասը լքող ազգականին նկատողություն էին անում: Սա նորից գնում եւ բերում էր իր «փայը»:

… Հրազդանի ընտրություններն արձանագրեցին, որ նույնիսկ ամենալավ թիմի դեպքում անհնար է ինչ-որ բան փոխել ընտրական գործընթացի առումով: Մինչ այս պահը կասկածներ կային, որ եթե ընդդիմության աշխատանքը ճիշտ կոորդինացվի, հնարավոր է հասնել հաղթանակի: Հիմա վստահաբար կարող ենք պնդել՝ այդպես չէ: Ընդդիմության առաջին դեմքերը, անգամ «Անկախ դեմոկրատներից» Ալիկ Արզումանյանն ու «Ժառանգության» պատգամավորները վստահված անձի կարգավիճակում ընտրատեղամասում էին: ՀԱԿ-ի երիտասարդները օպերատիվ ֆիքսում էին դրսում կատարվող աճուրդը: Լրագրողներն աշխատում էին առանց դադարի: Միքայելյանի շտաբը փայլուն էր գործում՝ գրագետ, կազմակերպված, արագ ու անձնվիրաբար: Եվ ուրեմն՝ եթե անգամ այսպիսի թիմեր լինեն խորհրդարանական ընտրությունների ժամանակ, մեկ է, քիչ է: Կարեւոր գործոն է, իհարկե, բայց քաղաքական ռեալությունը գոնե այս պահին այլ է:

Գոհար ՎԵԶԻՐՅԱՆ

«Չորրորդ ինքնիշխանություն»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829