Ըստ «Հայաստանի սեյսմիկ ռիսկի նվազեցման ծրագրերի աջակցման կենտրոն» հ/կ ղեկավար Ալվարո Անտոնյանի, վերջին օրերին գրանցված ցնցումները չի կարելի դիտարկել որպես սեյսմիկ իրավիճակի ակտիվացում։
– Սեյսմիկ վիճակի ակտիվացում իսկապես կա Հայաստանում, մեր տարածաշրջանում, բայց ակտիվացումը մեկ շաբաթում չի լինում, դրանք պրոցեսներ են, որոնք տեղի են ունենում տասնամյակներ։ Եվ այսօր մենք իսկապես գտնվում ենք ակտիվ փուլում, բայց ոչ՝ պայմանավորված 2.4, կամ 2.1 մագնիտուդ երկրաշարժով։ Մենք պետք է խոսենք այն բանի մասին, որ Հայաստանում ուժեղ երկրաշարժերի կրկնության ժամկետը 30-60 տարի է, ուրեմն՝ հենց դրանից ելնելով պետք Է ասենք, որ սպասում ենք մեծ երկրաշարժի։
– Այսի՞նքն։
– Հայաստանյան միեւնույն օջախներում երկրաշարժերը կրկնվում են։ Տարբեր օջախներում՝ տարբեր ժամանակներում, բայց եթե միջինը ասենք, 30-60 տարի Է։
Կարդացեք նաև
– Այսինքն, կարող ենք ասել, որ Սպիտակի երկրաշարժից հետո 30-60 տարիների ընթացքում նմանատիպ երկրաշարժ նորի՞ց կլինի։
– Դե, Սպիտակի երկրաշարժը ուրիշ է, դա ավերիչ էր։ Ես խոսում եմ այն երկրաշարժերի մասին, որոնք կարող են թեթեւ վնաս պատճառել, այսինքն՝ մոտ 5-6 մագնիտուդ երկրաշարժի մասին է խոսքը։
– Ե՞րբ, որտե՞ղ է սպասվում ուժեղ երկրաշարժ։
– Չի կարելի ասել, որ սպասվում Է, ուղղակի դա օրենք Է։ ՀՀ-ում ուժեղ երկրաշարժեր լինելու են։ Մեր խնդիրն Է, որ կարողանանք գոնե այդ պահը զգալ։ Իսկ դրա համար Հայաստանում մշակված Է սեյսմիկ վտանգի գնահատման համակարգ, որը, փաստորեն, կանխատեսման համակարգ է։
Հիմա այդ համակարգը խորացնելու համար պետք Է գործ անել։
– Եթե ձեր ասած օրենքին հետեւենք, ապա ե՞րբ է սպասվում ուժեղ երկրաշարժ։
– Տարբեր օջախներում տարբեր Է։ Սյունիքում արդեն կարելի է ասել, որ, ըստ այդ օրենքի, եկել է ժամանակը, կարող Է լինել երկրաշարժ, որովհետեւ այնտեղ ուժեղ երկրաշարժ է եղել 1967 թվականին, եւ արդեն 40 տարի
անցել է։
Անի ԳԵՎՈՐԳՅԱՆ
«Հայկական ժամանակ»