Այդ ամբողջական օրը, որ անցկացրի ընտրական տեղամասում, ինձ համար շատ բացահայտումներ արեցի, նորովի տեսա Հայաստանը կամ լսածիս մասին ամբողջական պատկերացում կազմեցի։ Ինձ ցնցեց այն փաստը, որ տեղամաս եկող տղամարդկանց 70 տոկոսի անձնագրերի կրկնակազմերին, շապիկներին ոչ թե Հայաստանի Հանրապետության, այլ Ոուսաստանի Դաշնության զինանշանն է պատկերված, եւ վրան էլ գրված «РОССИЙСКАЯ ФЕДЕРАЦИЯ», «ПАСПОРТ» բառերը։ Այդ մարդկանց անձնագրերի մեջ ռուսերեն ներդիրներ կային, որ առաջին անգամ էի տեսնում։ Ռուսական զինանշանով շապիկ, ռուսերեն ներդիր ունեցող հայկական անձնագրերով մարդկանց հոսքը դեպի ընտրական տեղամաս, զարհուրեցնող տեսարան էր։ Այդ մարդիկ վերջին շաբաթներն են ապրում Հայաստանում կամ գուցե օրերը, ուր որ է հերթական անգամ մեկնելու են Ռուսաստան, որովհետեւ ընտանիք պահելու ուրիշ տարբերակ չունեն։ Հայրենիք– խոպան, խոպան– հայրենիք՝ այս գծի վրա նույնիսկ կարելի է շփոթվել, եւ 25/16 տեղամաս եկածներից շատերը գուցե թե վերջին անգամ են Հայաստանում մասնակցում ընտրությունների, նրանցից շատերը գնալու եւ այլեւս չեն վերադառնալու։
Երբ ինձ ասացին, որ Արամ Դանիելյանը հաղթանակի կապակցությամբ հրավառություն Է արել, ուղղակի ապշեցի եւ փորձեցի հիշել՝ բարեկեցիկի կամ թեկուզ «միջին խավի ներկայացուցչի» հագուկապով քանի՞ հոգու եմ տեսել 25/16 տեղամասում։ Մատներիս վրա կարող եմ հաշվել:
Նիկոլ ՓԱՇԻՆՅԱՆ
«Հայկական ժամանակ»