Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Արդյոք միայն կաշառք տվո՞ղն է մեղավոր

Փետրվար 14,2012 10:57

Կայացան Հրազդանի քաղաքապետի ընտրությունները, որոնք վերջին երեք տարիների ընթացքում անընդհատ հնչող` ամենաազնիվ ու արդար խորհրդարանական ընտրություններն անցկացնելու` իշխանությունների «վճռական» հայտարարությունների ֆոնին վերջին հնարավորությունն էր` ապացուցելու հասարակությանը, որ դրանք միայն եվրոպահաճո խոսքեր չեն։

Ասել, թե ընտրությունները ոչ մի բանով չէին տարբերվում նախորդներից, անշուշտ, արդար չէր լինի` չկային բացահայտ խախտումների, ուժի կիրառման դեպքեր։

Միաժամանակ, իր ամբողջ այլանդակությամբ դրսևորվեց մի երևույթ, որը վերջին մեկուկես տասնամյակում դարձել է մեր «ուղեկիցը» բոլոր մակարդակների ընտրություններում։ Եվ եթե նախորդ տարիներին ընտրակաշառքի բաժանումը փորձ էր արվում փոքր-ինչ քողարկել`տվողը տալիս էր թաքուն, իսկ վերցնողը, կարծես ամաչելով, վերցնում, այս ընտրարշավում երկու կողմն էլ դեն նետեցին բոլոր «ձևականությունները»։ Կաշառք չստացածներն առանց ամոթի պահանջում էին իրենց ձայնի դիմաց հասանելիքը։

Ինչ խոսք, երևույթը նոր չէ, սակայն եթե մինչ այժմ քարկոծվում էր միայն բաժանողը, իսկ «խեղճ ժողովուրդը» բոլորի կողմից կարեկցանքի էր արժանանում «անգութ» իշխանության կողմից այս անելանելի վիճակին հասցվելու համար, այժմ պետք է խոստովանենք` այս արատի գոյության մեջ նույնքան մեղավոր է վերցնողը, որքան բաժանողը։ Արժանապատվությունից հրաժարված այս մարդիկ վաճառում են ոչ միայն իրենց, այլև մեր երեխաների ապագան։ Իսկ իր քվեն գիտակցաբար այս կամ այն թեկնածուին տվող ընտրողն իր երկրում արդեն, կարծես, փոքրամասնություն է կազմում և կորցնում է հույսը, որ ընտրություններով կարող է ինչ-որ բան փոխել երկրում։

Ամիսներ առաջ մեր հասարակությունը սարսափից քարացավ` տեղեկանալով, որ Ախթալայում Սերոբ Տեր-Պողոսյանի կողմից անարգված տղաների ծնողները ստորագրում են «բարեգործին» արդարացնելու խնդրագրի տակ։ Մարդկային նկարագրից զուրկ այդ «ծնողները» դա անում էին այն գիտակցությամբ, որ արվածի համար նրանց վճարվել է։ Նույնը արվում է այս դեպքում` գնորդը վճարում է հաջորդ 5 տարիներին իրենց ու իրենց երեխաների ապագան վաճառողին:

Մնում է միայն հասկանալ, թե մինչև ուր է գահավիժելու «Փողը մութ տեղն էլ է լույս տալիս» անբարոյական ասացվածքով առաջնորդվող մեր հասարակությունը։

«Երկիր»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829