ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի բացառիկ հարցազրույցը Մեդիամաքս-ին:
Նախորդ շաբաթվա վերջում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Լոռիում քննարկում էր ՀՀԿ նախընտրական ծրագիրը կուսակցության ակտիվի եւ հասարակության ներկայացուցիչների հետ: Վարչապետին խնդրեցինք պարզաբանել. ի՞նչ նպատակ են հետապնդում այդ հանդիպումները:
– Պարոն վարչապետ, ինչո՞վ է պայմանավորված որոշումը ժողովրդին մասնակից դարձնել ՀՀԿ նախընտրական ծրագրի ձեւավորմանը:
– Հայաստանի Հանրապետական կուսակցությունը գնում է փոփոխությունների ճանապարհով` մենք նոր ավանդույթներ ենք ձեւավորում կուսակցաշինության ոլորտում: Մասնավորապես, նախորդ տարի հրավիրեցինք ՀՀԿ Կոնֆերանսը, որին մասնակցում էին բոլոր մարզային կառույցները, եւ մանրակրկիտ հաշվետվություն ներկայացրեցինք բոլոր ոլորտներում կառավարության կատարած աշխատանքի մասին:
Կարդացեք նաև
Այնուհետեւ անցկացվեց ՀՀԿ Տնտեսական սեմինարը, որի ընթացքում ներկայացվեց նոր արդյունաբերական քաղաքականությունը: Ընդ որում, սեմինարին մենք հրավիրել էինք ոչ միայն ՀՀԿ անդամներին, այլեւ հասարակական կազմակերպություններին, մեր ընդդիմախոսներին, որպեսզի բաց ու թափանցիկ պայմաններում քննարկենք մեր ծրագրերը:
Շարունակելով կուսակցության դեմոկրատացման այս գործընթացը, մենք ցանկանում ենք, որ ՀՀԿ նախընտրական ծրագիրը կոլեկտիվ մտածողության արդյունք դառնա: Նախատեսում ենք 19 խոշոր համայնքներում հանդիպել կուսակցական ակտիվի հետ, եւ այդ հանդիպումներին եւս հրավիրել հասարակական կազմակերպություններին եւ հայտնի մարդկանց, որպեսզի կուսակցությունը լսի նաեւ նրանց գաղափարներն ու առաջարկները: Սա հնարավորություն է ներկայացնել մեր նախընտրական ծրագրի հիմնական գաղափարները եւ հավաքագրել նոր գաղափարներ: Քանի որ ՀՀԿ-ն իշխող կուսակցություն է, մեր կարեւոր առաքելությունն է նաեւ համախմբել հասարակությունը:
– Ավելի լավ չէ՞ր ծրագիրը կառուցել ՀՀ նախագահի 2008թ. եւ ՀՀԿ 2007թ. նախընտրական ծրագրերի այն կետերի վրա, որոնք կյանքի չեն կոչվել կամ իրականացվել են մասամբ:
– Այն ծրագիրը, որը մշակվում է այսօր եւ որի հիմնական թեզերն արդեն պատրաստ են, բնականաբար, հիմնվում է ձեր հիշատակած ծրագրերի վրա: Մի կողմից, մենք պարտավոր ենք հաշվետվություն տալ կատարված աշխատանքների վերաբերյալ ու գնահատական տալ այն խնդիրներին, որոնք դեռեւս լուծված չեն, մյուս կողմից`կյանքը մտցրել է իր ուղղումները, ի հայտ են եկել նոր մարտահրավերներ եւ մենք պարտավոր ենք թարմացնել մեր մոտեցումները: ՀՀԿ-ն պահպանողական կուսակցություն է, եւ մենք էվոլյուցիոն զարգացման կողմնակից ենք: Մեր ծրագրերի հիմքում առաջին հերթին մեր արժեքային համակարգն է:
– Վստահ եմ, որ ձեր ընդդիմախոսները կասեն, որ ՀՀԿ-ն գաղափարների ճգնաժամ ունի ու հենց դրա համար է դիմում մարդկանց:
– Ցանկացած իշխանություն եւ կառավարություն միշտ ենթարկվում է քննադատության եւ դրան պետք է հանգիստ վերաբերվել: Մենք միշտ ուշադիր ենք եղել օբյեկտիվ եւ առարկայական քննադատության նկատմամբ, որը թույլ է տալիս բացահայտել մեր թույլ կողմերը, սայթակումները եւ առկա խնդիրները: Այս մարզային հանդիպումների ընթացքում մենք ցանկանում ենք պարզել` արդյո՞ք ճիշտ ենք ընտրել մեր ծրագրային առաջնահերթությունները եւ գերակա ուղղությունները:
– Ստանալու եք բազմաթիվ գաղափարներ` պետության սահմանափակ ռեսուրսների պայմաններում: Ու եթե Երեւանում սկսնակ ՏՏ-գործարարները կառաջարկեն հիմնել վենչուրային հիմնադրամ, որին կառավարությունը կմասնակցի, օրինակ, 1 մլն դոլարի չափով, գյուղական համայնքներից մեկում կառաջարկեն այդ 1 մլն-ով ավելացնել գյուղատնտեսության սուբսիդավորումը: Ընտրությունը ինչպե՞ս եք անելու:
– Մենք պետք է շեշտադրումը անենք առավել արդյունավետ կառավարման վրա եւ գտնենք այն մոդելը, որը թույլ կտա հասարակության ներուժը ամբողջությամբ բացահայտել: Այդ տեսանկյունից մեր ծրագրում կա մի առանցքային թեզ`պետության առաջնային պարտականությունը քաղաքացիների համար հնարավորությունների ստեղծումն է:
– Շատ են հրապարակումներն ու շահարկումներն այն մասին, որ ՀՀԿ ներսում պայքար է գնում մի քանի թեւերի միջեւ, եւ Դուք գլխավորում եք, այսպես կոչված, «ինտելեկտուալների թեւը»: Վերջերս ասացիք, որ ՀՀԿ ցուցակում գործարարներ չեն լինելու, հիմա նախաձեռնում եք այս մարզային հանդիպումները շարքը: Կարո՞ղ ենք ասել, որ այսօր ՀՀԿ «ինտելեկտուալ թեւի» դիրքերն առավելու ամուր են:
– Բնական է, որ ցանկացած քաղաքական կուսակցություն իր լավագույն ուժերին գործուղում է կառավարություն: Նույնքան բնական եմ համարում, որ կառավարության ղեկավարը կուսակցությունում համակարգում է այն հարցերը, որոնց լուծմամբ զբաղվում է ի պաշտոնե: Այնպես որ, դա սոսկ իմ անձով պայմանավորված գործընթաց չէ:
Ինչ վերաբերում է մեր ցուցակում բիզնեսմենների բացակայությանը, ապա դա մեր կուսակցության եւ երկրի ղեկավարի հստակ քաղաքական դիրքորոշումն է, որի մասին նա խոսել էր դեռ ամիսներ առաջ: Բնական է, որ եթե մենք օրենսդրական փոփոխություններ ենք նախաձեռնում` բիզնեսը իշխանությունից տարանջատելու համար, այդ ձգտումը պետք է իր արտացոլումը գտնի նաեւ մեր կուսակցության նախընտրական մոտեցումներում ու ցուցակում:
– Կարծում եմ, որ հանդիպումների ընթացքում մարդիկ խոսելու են ոչ միայն սոցիալական խնդիրների, այլեւ արդարության մասին: ՀՀ նախագահը եւ Դուք վերջին տարիների ընթացքում բազմիցս խոսել եք այն մասին, որ մարդկանց առավել շատ ընկճում են անարդարության այն դրսեւորումները, որոնք տեսնում են իրենց շուրջը: Ու չնայած վերջին 4 տարիներին շատ բան փոխվել է, լինում են դեպքեր, երբ թվում է, որ արդարության ապահովման համար մղվող պայքարը տեղում է դոփում: Օրինակ, ինձ զարմացնում է այն փաստը, որ լրագրողին ու «թաղային հեղինակությանը» կալանավորում են, այնուհետեւ ազատ են արձակվում, ու երկուսի խափանման միջոցը փոխելու համար դատախազությունը օգտագործում է նույն հիմնավորումը:
– Երկրում արդարության ապահովումը լրջագույն խնդիր է եւ իշխանությանն ուղղված ժողովրդի պահանջն արդարացված է: Սակայն հասարակության պահանջը միայն բավական չէ. մեր քաղաքացիների մեծ մասը պատրաստ չէ ջանք գործադրել արդարության ապահովման համար, եւ սա մեր հասարակության բնորոշ առանձնահատկություններից է: Բոլորը պահանջում են միայն, որ արդարությունը պարտադրվի պետության կողմից, բոլորն ուզում են, որ լավ լինի, բայց առանց իրենց մասնակցության: Շատ հաճախ այս կամ այն իրավախախտման մասին հայտնելը մարդկանց շրջանում ընկալվում է որպես, ժողովրդի լեզվով ասած, «գործ տալ»: Բայց այդ նույն մարդիկ պահանջում են պետությունից իրենց արդարություն պարտադրել: Այստեղ կա լուրջ խնդիր:
– Բայց չե՞ք կարծում, որ մարդիկ չեն հայտնում հանցագործության մասին նաեւ այն պատճառով, որ վախենում են: Նրանք գիտեն, որ այդ հանցագործը մի որոշ ժամանակ անց կարող է հայտնվել ազատության մեջ ու հաշվեհարդար տեսնել իրենց հետ: Ու այստեղ պետք է գործի հենց պետությունը` իր իրավապահ համակարգով, որպեսզի երաշխավորի հանցագործության մասին հայտնած անձի անվտանգությունը:
– Հավատի պակասի խնդիրն այսօր իրոք գոյություն ունի: Եվ դա նշանակում է, որ մենք պետք է համախմբենք մարդկանց այն արժեքների շուրջ, որոնք հռչակում ենք մեր ծրագրում, եւ միասին փոխենք իրավիճակը: Անհրաժեշտ են բարեփոխումներ, եւ մենք դրանք պետք է միասին իրականացնենք:
Տիգրան Սարգսյանի հետ զրուցել է Արա Թադեւոսյանը