Տեղական ինքնակառավարման ընտրություններին մեր հասարակությունը, որպես կանոն, մեծ կարեւորություն չի տալիս, բայց դրանք, այսպես ասած, մեծ ընտրությունների «սեւագրությունն» են. դրանց որակից կարելի է հեռուն գնացող հետեւություններ անել։
Եվ այսպես, հետեւություն 1. Հայաստանում ձեւավորվել են այնպիսի ընտրական մեխանիզմներ, որոնք թույլ են տալիս իշխանությանն առանց էական կեղծիքների անցկացնել իր թեկնածուներին։ Կեղծիքներ, որպես այդպիսին, կատարվում են նախընտրական փուլում՝ մինչեւ բուն քվեարկության օրը։ Եվ դրանց դեմ պայքարելը շատ ավելի դժվար է:
Հետեւություն 2. Ընտրակաշառք կոչվածը դեռ տեւական ժամանակ շարունակելու է մնալ ընտրողի հիմնական կողմնորոշիչներից մեկը, եւ դրա դեմ պայքարելու ձեւը կաշառք վերցնող անձանց հայհոյելը չէ, ինչպես անում է ընդդիմությունը։ Եվ ընդհանրապես՝ ընտրողին մեղադրելն ամենաանիմաստ ու անշնորհակալ զբաղմունքն է։ Ընտրողը, ինչպես սպառողը, միշտ ճիշտ է, եւ այդ ընտրակաշառքի հիմքում էլ բոլորովին այլ՝ շատ ավելի խորքային պատճառներ կան, որտեղ մեղք ունեն ոչ միայն կաշառք վերցնողն ու տվողը, այլեւ հասարակության բոլոր շերտերը, այդ թվում՝ ընդդիմությունը։ Հետեւություն 3. Անհուսության ու բարոյալքման աստիճանն այնքան բարձր Է, որ անգամ պատերազմում հաղթած հերոսը, որ թվում է՝ անբասիր հեղինակություն ուներ եւ ընտրվելու մեծ շանսեր, չանցավ։ Այս պարտությունն առավել անհանգստացնող է, քանի որ Հայ ագգային կոնգրեսն իր ողջ ներուժը կենտրոնացրել էր Հրազդան քաղաքում եւ այս օրերին ոչ մի այլ գործով ըստ էության չէր զբաղվում։ Իսկ դա նշանակում է, որ Աժ ընտրությունների շրջանում, երբ կլինեն բազում «հրազդաններ», նման կոնսոլիդացիա ապահովել չի հաջողվելու, ուստի մեծ ակնկալիքներ ընդդիմությունը, ցավոք, չի կարող ունենալ։
«Հրապարակ»
Կարդացեք նաև