Այսօր՝ փետրվարի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21.00-ի սահմաններում Նորագավիթի փողոցում՝ «Հրաչ» գազալցակայանի դիմաց իրար են բախվել «ԳԱԶ 3110» մակնիշի 68 ՕՏ 777 համարանիշի և «Միցուբիշի Պաջեյրո» մակնիշի 15 ԼՍ 382 համարանիշի ավտոմեքենաները։
Վիրավորներին ավտոմեքենաներից դուրս բերելու համար դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության հատուկ փրկարարական ջոկատի փրկարարները։
Վթարի վայրից, ըստ նախնական տեղեկությունների, ժամանած շտապօգնության ավտոմեքենան 3 հոգու տեղափոխել է հիվանդանոց՝ մարմնական վնասվածքներով։
Կարդացեք նաև
Այս պահին դեպքի վայր են ժամանել Երևանի ՃՈ աշխատակիցները՝ 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի հրամանատար Կարեն Ներսիսյանի գլխավորությամբ։ Արդեն դեպքի վայր են ժամանում ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչը։
Նշված հատվածում երթևեկությունը մասամբ կաթվածահար է եղել, սակայն ՃՈ աշխատակիցները փորձում են կարգավորել երթևեկությունը։ Քննիչի հանձնարարականով փորձում են ճշտել ինչպես վարորդների, այնպես էլ վիրավորների ինքնությունը։
Լուսանկարները՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ