Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

ՀԱԿ հայտարարությունը՝ ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ

Փետրվար 13,2012 20:45

Փետրվարի 12-ին Հայաստանի 39 համայնքներում տեղի ունեցան համայնքի ղեկավարի ընտրություններ, որոնք բոլորն էլ անցկացվեցին Ընտրական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ կետի կոպիտ խախտումով: Համաձայն օրենքի վերոհիշյալ դրույթի` «Քվեարկության ծրարը կնքող և քվեատուփի համար պատասխանատու անդամը քվեարկության ծրարը կնքում և քվեարկության ծրարը քվեատուփի մեջ գցելու հնարավորություն է ընձեռում միայն ընտրողի անձը հաստատող փաստաթղթում տվյալ ընտրությանը մասնակցելու վերաբերյալ դրոշմակնիքի բացակայությունը ստուգելուց և դրա բացակայության դեպքում անձը հաստատող փաստաթուղթը դրոշմակնքելուց հետո»: Փետրվարի 12-ին կայացած ընտրություններում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները, խախտելով օրենքի այս իմպերատիվ պահանջը, դրոշմակնիքները չեն ուղարկել տեղամասային ընտրական հանձնաժողովներին, ինչի արդյունքում տեղամասային հանձնաժողովները ամենուրեք խախտել են օրենքի պահանջը եւ ճանապարհ բացել բազմաթիվ օրինախախտումների համար: Այս իրողությունը արձանագրվել է Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի ներկայացուցիչների կողմից դեռ փետրվարի 11-ին Հրազդանի քաղաքապետի ընտրությունների նախօրեին տեղամասային հանձնաժողովներում տեղի ունեցած նիստերի ժամանակ, որի կապակցությամբ Սասուն Միքայելյանը դիմել է վարչական դատարան: Վարչական դատարանը անհեթեթ հիմնավորումներով մերժել է Սասուն Միքայելյանի հայցի բավարարումը, հղում կատարելով Ընտրական օրենսգրքի անցումային դրույթներին, մինչդեռ անցումային դրույթները որեւէ կերպ չեն անդրադառնում 66-րդ հոդվածի 4-րդ կետում առկա իմպերատիվ բնույթ կրող պահանջների կատարման վրա:

Այսպիսով, իշխանությունների կողմից կատարվել է հերթական ընտրագողությունը, աղավաղվել է ժողովրդի կամքի արտահայտությունը, ի չիք են դարձել ազատ, արդար եւ օրինական ընտրություններ անցկացնելու մասին խոստումները: Իշխանությունները եւս մեկ անգամ ցույց տվեցին, որ պատրաստ չեն հարգել անգամ իրենց կողմից ընդունված անկատար Ընտրական օրենսգրքի դրույթները, երբ իրական վտանգ է ստեղծվում իրենց իշխանության վերարտադրման համար:

Հայ ԱզգայինԿոնգրեսը դատապարտում է հերթական ընտրագողությունը, պահանջում անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները բոլոր 39 համայնքներում եւ պատժել ԿԸՀ-ի եւ ԸԸՀ-ների ընտրակեղծարարներին: Միեւնույն ժամանակ Հայ Ազգային Կոնգրեսը ողջունում է Սասուն Միքայելյանին եւ իր ընտրական թիմին, որը համախմբեց Հայաստանի եւ Հրազդան քաղաքի ապագայով մտահոգ բոլոր քաղաքացիներին, հասարակական եւ ընդդիմադիր քաղաքական ուժերին եւ նման համատարած ընտրակեղծարարության, պետական իշխանությունների կողմից ողջ վարչական ռեսուրսի կենտրոնացմանն ու գործադրման, ընտրակաշառքի զանգվածային կիրառման պայմաններում,  գործեց որպես հզոր թիմ, ապահովելով անգամ կեղծված տվյալներով աննախադեպ` 46% աջակցության արձանագրումը:

Հայ Ազգային Կոնգրեսը վստահ է, որ այս հանցագործությունից հետո իր աջակիցները եւ հասարակությունը առավել համախմբված կպայքարեն ընտրակեղծարարության վրա հիմնված ռեժիմի դեմ եւ, օգտագործելով համաժողովրդական Շարժման վերջին 4 տարվա ընթացքում ստեղծված արդյունավետ կառույցները եւ քաղաքացիական հասարակության ակտիվությունը, մոտ ապագայում վճռորոշ ձեռքբերումներ կգրանցեն ժողովրդավարության հաղթանակի ճանապարհին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829