Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգության» հաղորդումը հանցագործության մասին

Փետրվար 13,2012 18:45

ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին

Երևանի Մաշտոցի պուրակում՝ Մարգարյանի անվան հիվանդանոցի դիմաց՝ Մաշտոցի, Կողբացու, Արամի և Բյուզանդի փողոցների միջնամասում, ընթանում է ապօրինի շինարարություն: Համաձայն ԶԼՄ-ների հրապարակումների` Երևանի Աբովյան փողոցից ապամոնտաժված կրպակների սեփականատերերը ապամոտաժված կրպակները տեղափոխում են վերը նշված տարածք և իրականացնում տաղավարների կառուցապատում: Կառուցապատումը տեղի է ունենում Մաշտոցի պողոտայի հարեւանությամբ գտնվող շուրջ 1000 քառակուսի մետր հանրային այգու տարածքում:

Հասարակության ներկայացուցիչների և ՀՀ ԱԺ պատգամավորների կողմից  թե գրավոր,  թե բանավոր պահանջ է ներկայացվել պետական պատկան մարմիններին` դադարեցնել ապօրինի շինարարությունը և գործել օրենքի սահմաններում, միևնույն ժամանակ տրամադրել իրավական հիմքերը` փաստաթղթերը շինարարական գործունեություն ծավալելու համար, սակայն  ապօրինի շինարարությունը վերահսկող լիազորություններ ունեցող պատկան մարմինները այդպես էլ որևէ գործողություն չեն ձեռնարկել` միջամտելու ապօրինի շինարարությանը և ոչ մի փաստաթուղթ չեն տրամադրել:

Մաշտոցի պողոտայի հարեւանությամբ գտնվող հանրային այգու տարածքում  կրպակ` տաղավարների կառուցապատում իրականացնող անձինք հանրությանը պատկանող այգում իրենց կողմից ծավալված գործունեության վերաբերյալ հանրության ներկայացուցիչներին և ՀՀ ԱԺ պատգամավորներին որևէ իրավական հիմք` շինարարություն իրականացնելու թույլտվության և այլ փաստաթղթերի վերաբերյալ, չեն ներկայացրել: Կառուցապատումն իրականացնելու վերաբերյալ  ցուցափեղկ կամ ցուցապաստառ նույնպես տեղադրված չէ:

Ակնհայտ է, որ Երևանի Մաշտոցի պողոտայի հարեւանությամբ գտնվող հանրային այգու տարածքում տեղի ունեցող կառուցապատումը փոխում է հանրային այգուն տրամադրված հողի նպատակային նշանակությունը, որն էլ հանգեցնում է շրջակա միջավայրի փոփոխության, մինչդեռ շրջակա միջավայրի նման փոփոխության մասին լայն հասարակայնությունը տեղեկացել է ապօրինի շինարարական աշխատանքներ իրականցնելու ժամանակ:

Վերը նշված փաստերը համադրելով և վերլուծելով`  գտնում ենք, որ խախտվել են Հայաստանի Հանրապետության առնվազն ստորև թվարկված օրենքները.

«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենք

Համաձայն «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 12 հոդվածի` սահմանված է հետևյալը. «…Քաղաքաշինական գործունեության իրականացմանը հասարակայնության մասնակցության նպատակներն են`ա) պետության, հասարակության և քաղաքացիների շահերի փոխհամաձայնեցումը. բ) հրապարակայնության ապահովումը, բացի օրենքով սահմանված դեպքերից.գ) քաղաքաշինական ծրագրերի և նախագծերի լավագույն լուծումների ընտրությանն օժանդակելը”:

Համաձայն “Քաղաքաշինության մասին” ՀՀ օրենքի 13 հոդվածի` սահմանված է հետևյալը. “…Քաղաքաշինական գործունեության իրականացման ընթացքում հասարակայնության ներկայացուցիչներն իրավունք ունեն`

ա) ստանալ ստույգ տեղեկություններ իրենց կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին.

բ) մինչև հրապարակված քաղաքաշինական ծրագրերի և նախագծերի հաստատումը` մասնակցել դրանց քննարկումներին, ներկայացնել իրավական և նորմատիվ ակտերով հիմնավորված դիտողություններ, առաջարկություններ, այլընտրանքային նախագծեր և ծրագրեր.

գ) հրապարակված քաղաքաշինական ծրագրերը և նախագծերը սեփական միջոցներով ենթարկել անկախ փորձաքննության.

դ) դատական կարգով գանգատարկել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց գործողությունները:

Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են ապահովել քաղաքաշինական գործունեության իրականացմանը հասարակայնության ներկայացուցիչների մասնակցությունը:

Հրապարակված քաղաքաշինական ծրագրերի և նախագծերի քննարկմանը և որոշումների ընդունմանը հասարակայնության ներկայացուցիչների մասնակցության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:”

Համաձայն “Քաղաքաշինության մասին” ՀՀ օրենքի 14 հոդվածի` սահմանված է հետևյալը. “Կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկելը. տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են զանգվածային լրատվության միջոցներում հրապարակումներով, հասարակական քննարկումներով, ծրագրերի և նախագծերի ցուցադրման միջոցառումներով իրազեկել ֆիզիկական և իրավաբանական անձանց կենսագործունեության միջավայրի, տարածքի գոտևորման և քաղաքաշինական նախատեսվող այլ փոփոխությունների մասին”:

 ՀՀ քրեական օրենսգիրք

Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի  148 հոդվածի` սահմանված է հետևյալը. “Անձին տեղեկություն ներկայացնելուց հրաժարվելը. անձին՝ անմիջականորեն նրա իրավունքներն ու օրինական շահերը շոշափող և սահմանված կարգով հավաքված փաստաթղթերը կամ նյութերը ներկայացնելուց պաշտոնատար անձի կողմից ապօրինի հրաժարվելը կամ անձին այդպիսի տեղեկությունը ոչ լրիվ կամ դիտավորյալ աղավաղված ներկայացնելը, եթե դա տվյալ անձի իրավունքներին և օրինական շահերին վնաս է պատճառել՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով”:

Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի  315.2 հոդվածի` սահմանված է հետևյալը. “Պետական կամ համայնքային uեփականություն հանդիսացող հողամաuերի ինքնակամ զավթումը, ինչպես նաև շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը,

Պաշտոնատար անձանց կողմից, որոնց վրա իրավական ակտերով դրված է պետական կամ համայնքային uեփականություն հանդիսացող հողամաuերի ինքնակամ զավթումը, շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու պարտականությունը, հողամաuերի ինքնակամ զավթումը, շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու միջոցներ դիտավորությամբ չձեռնարկելը, ինչպես նաև հողամաuերը ինքնակամ զավթած, ինքնակամ կառույց իրականացնող կամ իրականացրած անձանց նկատմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվության միջոցները դիտավորությամբ չկիրառելը`

– պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով, և որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով, կամ ազատազրկմամբ մեկից երկու տարի ժամկետով և որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով”:

Հիմք ընդունելով վերոգրյալը` պահանջում ենք օրենքով սահմանված կարգով ընթացք տալ հանցագործության մասին սույն հաղորդմանը` հարուցելով քրեական գործ:

«Ժառանգություն» կուսակցության Բնապահպանական հարցերով հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829