Լրահոս
Օրվա լրահոսը

Բագրատ Ասատրյանը կողմ է «Կանխիկ գործառնությունների սահմանափակման» մասին օրինագծին

Փետրվար 13,2012 18:26

«Կանխիկ գործառնությունների սահմանափակման» մասին օրինագծի շուրջ ՀԱԿ 2 ներկայացուցիչները հակադիր կարծիքներ են հայտնում:

Օրինագիծը նախատեսում է, որ 3 միլիոն դրամից ավելի գումար կազմող գործարքները տեղի ունենան անկանխիկ: Այսինքն, եթե սպառողը որեւէ խանութից, ասենք՝ 3,5 մլն դրամանոց ինչ-որ բան է գնում, ապա այդ գումարը առձեռն չի վճարելու խանութին, այլ փոխանցելու է բանկի միջոցով:

Կառավարությունը պնդում է, որ այս օրինագիծը ստվերային տնտեսության դեմ պայքարելու եւ խոշոր գործարքներին վերաբերող կանխիկ շրջանառությունը վերահսկելի եւ թափանցիկ դարձնելու լավագույն միջոցն է: «Դա ամենեւին էլ այդպես չէ, 3 մլնից ավելի գործարքները անկանխիկացնելով՝ ստվերը չի պակասի, եւ ստվերի հետ կանխիկը կապ չունի, ստվերը կարող է եւ՛ կանխիկ, եւ՛ անկանխիկ լինել»,- այս կարծիքին է ՀԱԿ անդամ եւ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Իսկ կրկին ՀԱԿ անդամ, նախկին ԿԲ նախագահ Բագրատ Ասատրյանը երկու ձեռքով կողմ է օրինագծին: Ըստ նրա, այդ օրինագիծն իսկապես կնվազեցնի ստվերային շրջանառությունը. «Դրամական զանգվածի եւ կանխիկ գործարքների տեսակարար կշիռը շատ մեծ է: Իսկ այս օրինագծի միջոցով բավականին մեծ գումարներ կմտնեն բանկեր»:

Մեր այն դիտարկմանն ի պատասխան, որ օրական 3 միլիոն դրամի անկանխիկ գործարքներ են կատարվում խանութների եւ առաքիչների միջոցով, որոնք առձեռն են ստանում այդ գումարը եւ հանձնում իրենց հիմնարկների հաշվապահությանը, սա եւս մեծ ստվերային շրջանառության տեղիք է տալիս, իսկ օրինագիծը սրանց դեմ չի պայքարում, պարոն Ասատրյանն ասաց. «Ես համաձայն եմ ձեզ հետ, օրինագիծը ունիվերսալ միջոց չէ, որ ամբողջովին ստվերը վերանա, բայց դա որոշակիորեն կկրճատի ստվերը»:

Aravot.am-ի այն հարցին էլ, թե որոշ գործարարներ արդեն դժգոհություն են հայտնել, որ տեղից էլ մեծ եկամուտներ չեն ունենում, ու մի բան էլ գործարքի համար իրենց եկամտի հաշվին պետք է բանկին վճարեն՝ պարոն Ասատրյանը պատասխանեց. «Այդ բանկերը թանկ ծառայություն չեն մատուցելու: Եվ կարծում եմ, հետագայում բանկեր կլինեն, որոնք շահագրգռված կլինեն, որպեսզի իրենց բանկի միջոցով այդ գործարքը լինի, ուստի հնարավոր է եւ անվճար կատարեն: Դա ձեռնտու կլինի իրենց, քանի որ ֆինանսական ավելի հոսքեր են մտնելու իրենց բանկեր»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829